World News

Այն, ինչ անում է Փաշինյանը, ուժեղացնում է Եկեղեցուն, մի՛ մտիր Եկեղեցի, երբ դու մտնում ես Եկեղեցի, վաղը Եկեղեցին գալու է իշխանության. Մարտիրոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը

– Պարո՛ն Մարտիրոսյան, Մայր Աթոռում կատարվողն ինչպե՞ս եք գնահատում, ի՞նչ է կատարվում Հայաստանի ներքին կյանքում ձեր գնահատմամբ:

– Խայտառակ ենք լինում, մեզ վաղը լիքը երկրներ չեն բարևելու, չենք կարողանալու մեր շահերն առաջ տանել, ու այս ամենը խոսում է իշխանության անկարողության մասին, որ ինքն ինչ-որ բաներ չի կարողանում անել: Եթե խելացի ես մոտենում հարցին՝ Աջապահյանին ճանապարհին ես ձերբակալում, որպեսզի բախումներ թույլ չտաս, որովհետև դու պետության ղեկավար ես, դու էիր, չէ՞, ասում, որ բոլորը վարչապետ են, հպարտ քաղաքացիներ են, բա որ այնտեղ այդ հպարտ քաղաքացիներից մեկը զոհվի՝ ի՞նչ ես անելու, այսինքն՝ դու ո՛նց կարող ես Աջապահյանին բռնելու համար թույլ տալ, որ այնտեղ մարդ զոհվի: 

Ցանկացած հարցի պետք է խելացի մոտենալ, իսկ քանի դեռ դու մարդկանց ընդունում ես հարմարվողականության չափանիշով, այլ ոչ թե հմտության, փորձ ունենալու չափանիշով, այսպես շարունակվելու է: 

– Իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ հոգևորականները միտումնավոր են Միքայել Սրբազանին տարել Մայր Աթոռ, որ այս ամենը իբրև հարձակում ներկայացնեն Վեհարանի դեմ:

– Իրենք ինչ ասես կարող են ասել: Իրենք անում են, հետո նոր մտածում: Իրենք պետք է հասկանային, որ կարող է բախում լինել, իսկ եթե իսկապես չէին ուզում, որ բախում լինի, ապա թող ճանապարհին ձերբակալեին: Կա՛մ հաշվարկել են ու էս են ուզել, այս երկու տարբերակն է, ուրիշ տարբերակ չկա: Այսինքն՝ դու տեսնում ես, որ Եկեղեցին պաշտպանվում է ու խելացի ձևով է պաշտպանվում կամ հմուտ, իսկ դու ավելի հմուտ ձևով գործիր, դու ո՞նց ես բախում թույլ տալիս: Ցանկացած քաղաքացիական պատերազմ առաջանում է բախումներից, մեկ մարդու զոհվելուց է առաջանում: 

Հետո, դու այս ձևով թուլացնո՞ւմ ես, թե՞ ուժեղացնում Եկեղեցուն, այն, ինչ այսօր արեցիք: Քանի՞ մարդ քեզնից երես թեքեց, որ դու Կաթողիկոսին առաջարկեցիր քո որոշ տեղերը տեսնել: Դու հիմա ուժեղացրի՞ր, թե՞ թուլացրիր, իսկ Կաթողիկոսի վարքը նայեք, բառապաշարը, նրա ձայնի հանգստությունը նայեք, այն, ինչ անում է, ուժեղացնում է Եկեղեցուն, ակնհայտ է: Իսկ ես չեմ ուզում, որ մեր Եկեղեցին լինի ուժեղ՝ անկախ մարդկանցից, ես կառույցի մասին եմ ասում, երբ եկեղեցական կառույցն ուժեղանում է, ինքը կուլ է տալիս պետականությունը, ինձ պետք չէ ուժեղ Եկեղեցի, բայց ինձ պետք է բարեփոխված Եկեղեցի: 

– Պարոն Մարտիրոսյան, ձեր այս միտքը, երբ դառնա հասանելի լայն հանրությանը, որոշ շրջանակներ կարող են մեկնաբանել որպես իշխանության պաշտպանություն և Եկեղեցու քննադատություն։ Ձեր անհամաձայնությունը վերաբերում է իշխանության գործողությունների՞ն, դրանց ձևի՞ն, թե՞ այն ուղերձներին, որ, ըստ ձեզ, Եկեղեցին փորձում է հաղորդել հասարակությանը։

– Ցավոք սրտի, դուք՝ որպես հայաստանյան լրագրող, սովոր եք, որ մարդիկ գիտեն, թե ճշմարտությունը որտեղ է, ու ասում են՝ սա է ճիշտ, այլակարծություն մարդու ասածի մեջ չկա, ինքն ունի համոզմունք, հավատ, ինքն է ու իր ճիշտը, առհասարակ որևէ խոսք չի ուզում լսել: Ցավոք, սա է մեր հասարակության հիվանդությունը, ու Նիկոլն էլ կարծում է, որ ինքը ճիշտ է ու վերջ: 

Ինչ բարի ցանկություն էլ ունենաս, կարևոր է ճանապարհը, եթե դու այդ ցանկության համար ընտրեցիր սխալ ճանապարհ, կգնաս դժոխք, խոսքն այս մասին է: Դուք ուզում եք ես ասեմ՝ Կաթողիկոսի կամ Նիկոլի կողմի՞ց եմ:

– Բնավ, հարցն այստեղ անձինք չեն, այլ՝ ինստիտուտներն ու տեղի ունեցող իրադարձությունները:

– Հիմա ասեմ իմ կողմը. ես պետության ու պետականության կողմից եմ: Այսօր իշխանությունն արել է մեծագույն սխալ, որ այս բախումը թույլ է տվել, ինքը կարող էր կանխատեսել ու կանխարգելել այդ բախումը: Այս ամենից հետո մենք չենք կարողանալու մեր պետության շահը առաջ տանել, քանի որ այդ մարդիկ լավ գիտեն՝ ինչ է նշանակում հոգևոր, հավատ: 

Մի՛ մտիր Եկեղեցի, ես չեմ ասում մի՛ ձերբակալիր Բագրատ Սրբազանին կամ Միքայել Սրբազանին, մի՛ մտիր Եկեղեցի, երբ դու մտնում ես Եկեղեցի, վաղը Եկեղեցին գալու է իշխանության, որովհետև դրանով ուժեղանալու է, իսկ դու հիմա Եկեղեցուն դրել ես զոհի կարգավիճակում: Քրիստոսը ո՞նց դարձավ Քրիստոս, հենց այսպես՝ զոհաբերվելով, նա հո հատուկ չէր ուզում զոհաբերվել: Դու այսօր ուժեղացնում ես Եկեղեցուն: Դու զրո վարկանիշով Ռոբերտ Քոչարյանի քաղաքական վերակենդանացումն ապահովեցիր, սարքեցիր շարժման ղեկավար, դու չե՞ս տեսնում, որ սխալներդ անընդհատ կրկնում ես:

Հիմա վերջնական կարծիքս. Եկեղեցին պետք է բարեփոխվի, դրա համար պետք է մրցակցություն, ու չպետք է պետությունը խառնվի Եկեղեցու գործերին: Եթե մարդիկ հանցագործություն են կատարել, ապա ձերբակալիր նրանց, բայց այնպես, որ չբերես ավելի մեծ խնդիր, ամեն գնով չի կարելի ձերբակալել: 

Խելացի մոտեցման բացակայություն եմ ես տեսնում, տեսնում եմ, որ իշխանությունը չի հասկանում, թե ինչ է անում, միգուցե հասկանում է, թե ի՛նչ է ուզում անել, բայց չի հասկանում, թե ինչ է անում, դրանք երկու տարբեր բաներ են: 

Դուք պետության ղեկավարի բառապաշարը տեսեք, դա ի՞նչ է: Իսկ նա սկսեց խոսել այդ բառապաշարով Գյումրու ընտրություններից հետո, երբ պարտվեցին, հասկացան, որ իրենք արդեն ուզելու են ոչ թե խելացի ու դաստիարակված մարդուն ապավինել, այլ նրան, ով ուզում է լսել այդ հայհոյանքը: 

Մյուս կողմից՝ գուցե դու փորձես հասկանալ, թե ինչի՞ց է, որ քո հանրության մեծ մասն ուզում է այդ հայհոյանքը լսել, քո առողջապահության նախարարության հետ գուցե դա պարզես ու լուծում տաս, այլ ոչ թե դառնաս այդ պահանջարկի բավարարողը: 

Երբ դու Կաթողիկոսին ասում ես՝ արի էսինչ տեղս տես, պետք է հասկանաս, որ դա Հայաստանն է ասում, իսկ Հայաստանին դա հարիր չէ ասել, հիմա ամբողջ աշխարհը մեզ վրա ծիծաղում է, ձեռ է առնում մեզ: Դու լիքը բաներ նախաձեռնել ես լավ նպատակներով, բայց բերել ես աղետի, լսիր մեզ, քանի անգամ մենք ճիշտ դուրս եկանք, դու սխալվեցիր:

– Քաղաքացիական բախումների հավանականությունը որքա՞ն եք գնահատում, պարո՛ն Մարտիրոսյան:

– Դա կախված է իրավիճակի շիկացման աստիճանից ու տարբեր բաներից, ես չեմ ուզում չարագուշակ լինել, բայց կանխազգում եմ, որ այդ ամենը կարող է լինել, դու՝ որպես պետության ղեկավար, պետք է մտածես հպարտ քաղաքացուդ մասին՝ անկախ նրանից, թե նրա գլխում ինչպիսի գաղափարներ կան: Բայց դու վերցրել զորքն ուղարկել ես Եկեղեցի, կոպիտ ասած, եթե վերցնում ենք, որ Եկեղեցում հավաքվել է ժողովուրդ, դու ինչո՞վ ես տարբերվում Ռոբերտ Քոչարյանից, մենակ տանկերը քաղաք չեն մտել: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Այն, ինչ անում է Փաշինյանը, ուժեղացնում է Եկեղեցուն, մի՛ մտիր Եկեղեցի, երբ դու մտնում ես Եկեղեցի, վաղը Եկեղեցին գալու է իշխանության. Մարտիրոսյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте