World News

«Շողակաթ» հեռուստաընկերությունը կդադարեցնի իր գործունեությունը

Մայր Աթոռի հիմնադրած «Շողակաթ» հեռուստաընկերությունը կլուծարվի: Որոշումն ընդգրկված էր կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի շարքում։

Կառավարության հիմնավորման մեջ նշվում է, որ «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերության» լուծարումը պայմանավորված է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում այս հոկտեմբերին ընդունված փոփոխություններով, որոնք դարձել են իրավական հիմք ընկերության գործունեության դադարեցման համար։

ՔՊ-ական պատգամավորների հեղինակած օրենքով «Շողակաթը» դուրս էր թողնվել հանրային հեռարձակողների շարքից: Մինչ այդ պետական միջոցների հաշվին հեռարձակվում էին Հանրային հեռուստաընկերությունը, «Լրատվական ալիքն» ու «Շողակաթը»: Իշխանական պատգամավորները, հիմնավորում էին, թե երեք հեռարձակողի դեպքում պետական միջոցները արդյունավետ չեն ծախսվում, դիտումները ցածր են, որակը՝ նույնպես: Մինչդեռ ընդդիմությունը համոզված է, որ «Շողակաթը» եթերազրկելու պատճառը Կաթողիկոսին գահընկեց անելու վարչապետի արշավն է:

Կառավարության որոշմամբ՝ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով լուծարման հանձնաժողով պետք է ստեղծի:

Կառավարության չզեկուցվող հարցերի շարքում է նաև Մայր Աթոռին անհատույց սեփականությամբ հողեր չտալու նախագիծը։ Գործադիրի որոշմամբ, այսուհետ համայնքային ու պետական հողերը Մայր Աթոռին եկեղեցիների շինարարության ու սպասարկման համար կտրամադրվի ոչ թե անհատույց սեփականության իրավունքով, այլ միայն անհատույց օգտագործման իրավունքով։ Այս փոփոխության նախագիծը դեռ պետք է խորհրդարանում քննարկվի:

Читайте на сайте