World News

Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբն այսուհետ կկոչվի Հովհաննես Չեքիջյանի անունով. ԿԳՄՍՆ

Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբ» ՊՈԱԿ-ը «Հ. Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբ» ՊՈԱԿ-ի վերանվանելու հարցը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Փոփոխության նպատակն է այդկերպ արժևորել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ և ՀԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր, պրոֆեսոր, մաեստրո Հովհաննես Չեքիջյանի երկարամյա վաստակը:

Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը հիմնադրվել է 1937 թվականին՝ որպես 25-30 հոգուց բաղկացած Հայֆիլհարմոնիայի կոլեկտիվ։ 1961 թվականից ի վեր երգչախմբի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորն է մաեստրո Հովհաննես Չեքիջյանը։ 1969 թվականից երգչախումբն արժանացել է «Ակադեմիական» կոչմանը, 1975 թվականից հանրապետության վաստակավոր կոլեկտիվ է: 2012 թվականի նոյեմբերի 15-ին Կառավարության որոշմամբ երգչախմբին շնորհվել է «Ազգային» կարգավիճակ։

Չեքիջյանի գլխավորությամբ երգչախումբը ելույթներ է ունեցել աշխարհի 184 լավագույն համերգային հարթակներում՝ Փարիզում, Լոնդոնում, Նյու Յորքում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և այլն: Այս տարիների ընթացքում երգչախումբը Հայաստանից դուրս ունեցել է 866 համերգ:

Մաեստրոյի ղեկավարած երգչախումբը ելույթներով հանդես է եկել նաև ճանաչված 69 սիմֆոնիկ նվագա­խմբերի հետ, որոնց թվում են ԽՍՀՄ պետական ակադե­միական սիմֆոնիկ, Սանկտ Պետերբուրգի ակադեմիական սիմֆոնիկ և «Բոլշոյ» թատրոնի նվագախմբերը:

Շարունակելով հայ դասական խմբերգային երաժշտության լավագույն ավանդույթները՝ Հովհաննես Չեքիջյանի օրոք երգչախումբը հասել է հայ խմբերգային արվեստի չգերազանցված մակարդակի, դարձել հայկական և համաշխարհային դասական խմբերգային երաժշտության լավագույն մեկնաբանը։

The post Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբն այսուհետ կկոչվի Հովհաննես Չեքիջյանի անունով. ԿԳՄՍՆ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте