World News

Ազատել եմ աշխատանքից ՊՆ համակարգում գտնվող բոլոր այն ծնողներին, որոնք այլ երկրի քաղաքացի զավակներ ունեն. Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ հայկական հասարակության մեջ տարիներով արմատավորված է մի վտանգավոր և ամոթալի ավանդույթ, երբ որոշ ծնողներ ամեն կերպ փորձում են իրենց արու զավակներին ազատել զինվորական ծառայությունից։

Նրա խոսքով՝ այս երևույթը որոշ ժամանակ նույնիսկ ընկալվել է որպես սոցիալական կարգավիճակ ընդգծելու միջոց։ «Սա համարում եմ ամենախայտառակ բանը, որ մեր հասարակության մեջ առկա է», – ընդգծել է Պապիկյանը։

Պաշտպանության նախարարը տեղեկացրել է նաև, որ վերջին մեկ տարվա ընթացքում աշխատանքից ազատել է ՊՆ համակարգում աշխատող բոլոր այն ծնողներին, որոնց զավակներն ունեն այլ երկրի քաղաքացիություն։

Միևնույն ժամանակ նա նշել է, որ անմեղության կանխավարկածը հաշվի առնելով՝ չի կարող նույն մոտեցումը կիրառել առողջական խնդիրների հիմքով ազատվածների նկատմամբ, սակայն հավելել է, որ այդ դեպքերում ևս անհրաժեշտ է լինել առավել զգոն։ «Կասկածի որդը շարունակում է ինձ անհանգստացնել, որպեսզի այս հարցում ևս ուշադրություն ցուցաբերեմ», – ասել է նախարարը։

Պապիկյանի խոսքով՝ խնդիրը ունի հանրային բնույթ և պահանջում է համակարգային լուծումներ։

The post Ազատել եմ աշխատանքից ՊՆ համակարգում գտնվող բոլոր այն ծնողներին, որոնք այլ երկրի քաղաքացի զավակներ ունեն. Պապիկյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте