Իրանի դեսպանի հայտարարությունից հետո Հայաստանում խաղաղ ցույցի սահմանափակումը վտանգավոր նախադեպ է․ Տիգրան Գրիգորյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ, քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը
– Պարո՛ն Գրիգորյան, ինչպե՞ս եք գնահատում այն հանգամանքը, որ Իրանում տեղի ունեցող զանգվածային և արյունալի բողոքների ֆոնին Հայաստանում սահմանափակվել են իրանցիների խաղաղ ցույցերը։
– Ակնհայտ է, որ դեսպանի հայտարարությունից հետո է այդ որոշումը կայացվել, որովհետև նախորդ օրերին, կարծես թե, որևէ խոչընդոտ չէին ստեղծում ցուցարարների համար: Ես կարծում եմ, որ սա բավականին մտահոգիչ զարգացում է, ու փաստորեն օտարերկրյա դիվանագետը կարողանում է Հայաստանի իշխանություններին թելադրել պահվածք, որը չի համապատասխանում նույնիսկ երկրի ներքին օրենսդրությանը:
Սա կարող է վտանգավոր նախադեպ դառնալ ու օգտագործվել արդեն այլ երկրների կողմից, երբ նրանց համար ինչ-որ տհաճ գործընթացներ տեղի ունենան Հայաստանում, որոնք սակայն չեն հակասում մեր Սահմանադրությանը: Կարող ենք պատկերացնել իրավիճակ, երբ, օրինակ՝ Ռուսաստանի իշխանությունները կարող են նույն պահանջը դնել՝ հիշատակելով այս նախադեպը: Այս առումով շատ բացասական երանգ ունեցող որոշում է, ու Հայաստանի իշխանությունները պարզապես պետք է հստակ նշեին, որ սա Հայաստանի ներքին գործն է, ու Հայաստանը պատրաստ է ապահովել դիվանագետների ու դեսպանատան այլ աշխատակիցների անվտանգությունը, դա էր առավելագույնը, ինչ պետք է արվեր այս իրավիճակում:
– Ձեր գնահատմամբ՝ սա իրավիճակայի՞ն քայլ էր, թե՞ տարածաշրջանային ինչ-որ հաշվարկի մաս է կազմել:
– Այդ հարցն այս պարագայում այնքան էլ կարևոր չէ, որովհետև եթե մենք սկսենք մեր ներքին գործընթացները պայմանավորել աշխարհաքաղաքական հաշվարկներով, ապա, մեծ հաշվով, կարելի է մոռանալ ժողովրդավարական պետություն կառուցելու հեռակարների մասին, որովհետև մենք շրջապատված ենք ոչ ժողովրդավարական հարևաններով, ու պարզ է, որ պետական համակարգերի միջև որոշակի տարբերություններ կան։ Սա երբեմն թյուրըմբռնումների տեղիք է տալիս, ու Հայաստանում տեղի ունեցող որոշ գործընթացներ ընկալվում են հենց այս պրիզմայով, որ ուղղորդված են, կամ որ Հայաստանի իշխանությունները նպատակաուղղված կերպով չեն խոչընդոտում որոշ գործընթացներ:
Այս որոշումից հետո նմանատիպ դատողությունները մեր տարբեր հարևանների կողմից ավելի լեգիտիմ են լինելու, որովհետև նրանք տեսան, որ փաստորեն հնարավոր է ճնշման դեպքում հասնել նրան, որ Հայաստանը որպես պետություն սահմանափակի որոշ սահմանադրական իրավունքներ ու ազատություններ, որ տրվում են Հայաստանի քաղաքացիներին ու Հայաստանում գտնվող մարդկանց՝ հաշվի առնելով այդ աշխարհաքաղաքական հաշվարկները:
– Կոնկրետ դեպքն ի՞նչ ազդակ կարող է լինել արևմտյան երկրներին, որ մշտապես կարևորում են Հայաստանում ժողովրդավարության զարգացումը:
– Չեմ կարծում, որ կոնկրետ դեպքն ինչ-որ խնդիրներ է ստեղծելու արևմտյան գործընկերների հետ, վերջին շրջանում ավելի մտահոգիչ զարգացումներ էին տեղի ունենում, ու արևմտյան գործընկերների կողմից որևէ արձագանք չի նկատվում, հենց արևմտյան գործընկերների հաշվարկներն էլ են կարծես թե այստեղ աշխարհաքաղաքական: Խնդիրն այստեղ ոչ թե արևմտյան գործընկերներն են, այլ սեփական երկրի Սահմանադրությունը, օրենսդրությունը պահպանելը, ինչպես նաև ժողովրդավարական նորմերը: Սա առաջին հերթին օգտագործվելու է ոչ արևմտյան գործընկերների կողմից, երբ հերթական անգամ նման երևույթներ լինեն Հայաստանում, իսկ դրանք կլինեն, որովհետև, այնուամենայնիվ, Հայաստանը շարունակում է շատ ավելի ազատ երկիր լինել, քան վերոնշյալ հարևանները: Ճնշման մեխանիզմները, ճնշման փորձերը շատ ավելի ակտիվ են լինելու՝ հաշվի առնելով այս նախադեպը:
– Պարո՛ն Գրիգորյան, վերջին շրջանում ավելի մտահոգիչ իրողությունները որո՞նք են, որոնց մասին ասացիք վերևում:
– Բազմաթիվ նման դեպքերի մասին կարող ենք խոսել, երբ մարդկանց ֆեյսբուքյան գրառումների համար ձերբակալում են՝ ԱԱԾ-ի հատուկ զորքերի կիրառման միջոցով, խոսքի ազատության հետ կապված բոլոր քրգործերը, երբ միջազգային կազմակերպությունները նույնիսկ ցույց են տալիս, որ այդ գործերը հիմնականում տարածվում են իշխանությունների քննադատների դեմ, նույն Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով, կարծում եմ անհամաչափ միջոցների կիրառումը, Եկեղեցու հետ կապված բազմաթիվ գործընթացներ, ընդհանուր առմամբ պետական համակարգի գործիքայնացումը ներքաղաքական նպատակներով, որը ևս ակնհայտ է:
– Օտար երկրների պահանջով այս կամ այն գործողության կատարումը Հայաստանի դերը տարածաշրջանում թուլացնո՞ւմ է:
– Ես չեմ կարծում, որ մեկը կամ մյուսը լինի, ընդհանուր առմամբ, սա նախևառաջ, ինչպես ասացի, պետք է դիտարկել հենց ներքին գործընթացների պրիզմայով ու այդ ներքին գործընթացներին արտաքին միջամտության պրիզմայով: Վերջին շրջանում տարածված նարատիվ է, չէ՞, պետք է զսպենք արտաքին միջամտությունը, հիբրիդային ինչ-որ սպառնալիքներ կան և այլն, մեծ հաշվով ֆետիշացվել է ինքնիշխանության սկզբունքը, երբ բոլոր տեսակի իրավախախտումներն ու հակաժողովրդավարական քայլերը արդարացվում են ինքնիշխանության պաշտպանության այդ սկզբունքով, հիմա փաստորեն հարևան երկրի դեսպանի հորդորով կամ նույնիսկ սպառնալիքի ներքո կայացվել է որոշում, որը հակասության մեջ է Հայաստանի ներքին օրենսդրության հետ:
– Ստացվում է, որ կոնկրետ դեպքով տեսանելի է դառնում, որ իշխանության կողմից շահարկվող ինքնիշխան լինելը իրականում այնքա՞ն էլ այդպես չէ, պարո՛ն Գրիգորյան:
– Այո՛, կարծում եմ, որ շատ հետաքրքիր դեպք է, ու պետք է ուսումնասիրել, թե ինչպես է գործիքայնացվում ինքնիշխանությունը ներքաղաքական նպատակներով, բայց ինքնիշխանության պաշտպանության իրական խնդիրների պարագայում այդ պաշտպանությունը փաստացի չկա, ընդհակառակը՝ զիջում են այդ ինքնիշխանության մի մասնիկ:
– Հնարավո՞ր է, որ իշխանությունն այս քայլին դիմել է պաշտպանելու համար Իրանի հետ ռազմավարական հարաբերությունները:
– Բնականաբար, այս ամենն արվել է՝ հաշվի առնելով Իրանի կարևորությունը Հայաստանի համար, բայց հարցն այն է, թե մենք ինչի ենք պատրաստ գնալ հանուն այդ հարաբերությունների պահպանման: Ես չեմ կարծում, որ հնարավոր չէր ավելի մեղմ միջոցներով կամ ավելի ճիշտ կոմունիկացիայի միջոցով բացատրել իրանցի գործընկերներին, որ սա չի համապատասխանում մեր երկրում առկա ժողովրդավարական սկզբունքներին:
Իրանին սատարելու հարցում, կարծում եմ, շատ ավելի կարևոր էր, օրինակ՝ Իսրայելի հարձակման պարագայում Հայաստանի միանշանակ գնահատականը, ու եթե Իրանում դա չեն գնահատում, ապա սա բավականին բարդ դրություն է, որովհետև այդ փուլում շատ քիչ երկրներ կային, որ միանշանակորեն աջակցեցին Իրանին արտաքին ագրեսիայի դեպքում:
Հաշվի պետք է առնենք, որ նույն մոտեցումը մենք չենք տեսել Իրանի կողմից հատկապես Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, երբ Թեհրանն առաջիններից մեկն էր, որ շնորհավորեց Բաքվին հաղթանակի կապակցությամբ:
Իհարկե կան հարցեր, որտեղ Իրանի և Հայաստանի դիրքորոշումները համընկնում են, ու Իրանը կարևոր բալանսավորված դեր է խաղում, ու դա պետք է գնահատել, բայց պետք է սահմանել կարմիր գծեր, որ Իրանի դիվանագետները հասկանան, որ գտնվում են օտար երկրում: Սա առաջին դեպքը չէր, երբ Իրանի դեսպանները կոպտորեն միջամտում են Հայաստանի ներքին գործերին. հենց այդ 12-օրյա պատերազմից հետո, հիշում ենք, որ Երևանում ասուլիս կար, որի ժամանակ Իրանի նախկին դեսպանը պահանջեց, որ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողը լքի դահլիճը՝ սպառնալով, որ ընդհանրապես կչեղարկի ասուլիսը, ինչը շատ տգեղ ու դիվանագետին ոչ հարիր պահվածք էր:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
The post Իրանի դեսպանի հայտարարությունից հետո Հայաստանում խաղաղ ցույցի սահմանափակումը վտանգավոր նախադեպ է․ Տիգրան Գրիգորյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.