World News in Armenian

Պաղեստինի նախագահը շնորհակալություն է հայտնել Վահագն Խաչատուրյանին՝ իր երկրի անկախությունը ճանաչելու «իմաստուն որոշման» համար

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ Պաղեստին պետությունը ճանաչելու համար։ Աբբասը շնորհակալական և գնահատանքի ուղերձ է հղել հայ գործընկերոջը՝ ասելով, որ Հայաստանի կողմից Պաղեստին պետության ճանաչումն արտահայտում է երկրի արժեքները և նրա ղեկավարության նվիրվածությունը արդարության հասնելուն և մարդու իրավունքների հանդեպ, գրում է wafa.ps կայքը։

Աբբասն ասել է, որ դա հաստատում է երկու երկրին, պաղեստինցի ու հայ ժողովուրդներին միավորող բարեկամության և հարգանքի խորությունը:

«Ձեր իմաստուն որոշումը, որը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին, ՄԱԿ-ի բանաձևերին և միջազգային լեգիտիմության սկզբունքին, ևս մեկ քայլ է պաղեստինցի ժողովրդի իրավունքների ճանաչման ուղղությամբ։ Այդ իրավունքների թվում են 1967 թվականի սահմաններում սեփական հողերի տնօրինումը, իսրայելական օկուպացիային վերջ տալու անհրաժեշտությունը, ինքնորոշումն ու անկախությունը», - նշել է Աբբասը։

Նա հայ գործընկերոջը մաղթել է առողջություն, երջանկություն և հաջողություններ, իսկ բարեկամ Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին՝ հետագա առաջընթաց ու բարգավաճում՝ հույս հայտնելով, որ Պաղեստինի և Հայաստանի հարաբերությունները կգրանցեն  զարգացում և աճ։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է, որ Երևանը ճանաչում է Պաղեստին պետությունը։




Читайте на 123ru.net