World News in Armenian

Ալեն Սիմոնյանը Լատվիայի Սեյմի խոսնակի աջակցությունն է խնդրել Ադրբեջանում պահվող հայ գերիներին հայրենիք վերադարձնելու հարցում

Լատվիայի Հանրապետության Սեյմի խոսնակ Դաիգա Միերինյայի հրավերով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Ռիգայում է: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից։

Պատվիրակությունը, որի կազմում են նաև Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը, անդամներ Էդուարդ Աղաջանյանը և Մարիա Կարապետյանը, հունիսի 26-ին հանդիպում է ունեցել Դաիգա Միերինյայի հետ:

Երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերից բացի քննարկումների առանցքում են եղել ՀՀ-ԵՄ համագործակցությանը, ինչպես նաև Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցերը: Այս համատեքստում Ալեն Սիմոնյանն ընդգծել է Լատվիայի՝  թե՛ որպես երկկողմ գործընկերոջ և թե՛  որպես ԵՄ անդամի հետ հարաբերությունների զարգացման կարևորությունը:

Խոսելով միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման մասին՝ ՀՀ ԱԺ նախագահը շեշտել է երկու խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի միջև կապերի ակտիվացման հարցը՝ առաջարկելով համագործակցություն նախաձեռնել երկու խորհրդարանների մշտական հանձնաժողովների միջև, ինչպես նաև «Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ» (NB8) ձևաչափի շրջանակում:

Ալեն Սիմոնյանը գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և խնդրել վերջինիս աջակցությունն Ադրբեջանում պահվող հայ գերիներին հայրենիք վերադարձնելու հարցում:

ՀՀ ԱԺ պատվիրակության անունից շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ալեն Սիմոնյանը Սեյմի խոսնակ Դաիգա Միերինյային հրավիրել է այցելել Հայաստանի Հանրապետություն:

Հանդիպումից հետո գործընկերները հանդես են եկել համատեղ մամուլի հայտարարությամբ:

Читайте на 123ru.net