World News in Armenian

Իրանի թյուրքախոս և քրդախոս համայնքները միանշանակ ձայն են տալու Մասուդ Պեզեշկիանին, իսկ Ջալիլին մեծ վստահություն է վայելում հոգևոր առաջնորդի կողմից․ իրանագետ

Իրանի Իսլամական Հանրապետությունում նախագահը չի որոշում երկրի արտաքին և ներքին քաղաքականությունը, այլ որոշում է հոգևոր առաջնորդը, իսկ նախագահը միայն այդ ամենն իրականացնողն է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի վարիչ Գոհար Իսկանդարյանը՝ անդրադառնալով Իրանի նախագահական ընտրությունների նախնական արդյունքներին։

«Այս պահին առաջատար Մասուդ Պեզեշկիանի մասին գիտենք, որ հայրը թյուրքախոս է, իսկ մայրը քրդախոս։ Առաջին հայացքից թվում է՝ պետք է փոփոխություններ լինեն, սակայն վստահ եմ, որ որևէ խնդիր չի լինելու, քանզի նախագահի որոշումների տիրույթից դուրս է արտաքին քաղաքականությունը»,- նշեց մեր զրուցակիցը։

Իրանագետի խոսքով՝ նախագահի գործոնով պայմանավորված՝ որոշակի գործընթացներ կարող են ավելի արագ կամ ավելի դանդաղ լինել, բայց էական փոփոխությունների մասին չէ խոսքը։

«Երկրի նախագահի գործունեության հիմնական ձևաչափն է իրականացնել և կատարել հոգևոր առաջնորդի և նրա գրասենյակի կողմից մշակված քաղաքականությունը։ Նախագահն ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունք չունի»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Գոհար Իսկանդարյանը վստահեցրեց՝ Հայաստանի Հանրապետության համար ոչինչ չի փոխվելու և որոշումներն ու քաղաքականությունը մնալու են նույնը․ «Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն էլ արձանագրեց, որ Հայաստանի հետ կապերը խիստ կարևոր են հենց ազգային անվտանգության հարցերով և որևէ նախագահ կամ ղեկավար թե՛ Հայաստանից, թե՛ Իրանից չեն կարող այդ ամենը փոխել»։

Գոհար Իսկանդարյանի կարծիքով՝ տեղի է ունենալու ընտրությունների 2-րդ փուլ։

«2-րդ փուլի ընթացքում պահպանողականները հավանաբար կմիավորվեն Ջալիլիի շուրջը և Ղալիբաֆիին ընտրողներն արդեն կհամախմբվեն Ջալիլիի շուրջ։ Այստեղ այլ խնդիր է ծագում․ այն մարդիկ, ովքեր ուզում են Պեզեշկիանն անցնի և չէին գնացել առաջին փուլի ընտրություններին, 2-րդ փուլին հաստատ կգնան ավելի ինտենսիվ»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Գոհար Իսկանդարյանի խոսքով՝ սպասելի էր Մասուդ Պեզեշկիանի կողմից այսքան քվեների ստացումը, քանի որ առաջին անգամ է Իրանի պատմության մեջ մարդու ազգայնականությունը, իսկ տվյալ դեպքում լեզվի ընտրությունը, այսքան բարձրաձայնվում։

«Բոլոր հնարավոր քննարկումների ժամանակ այդ գործոնն արտացոլվել է, և նույնիսկ որոշ վայրերում պաստառների վրա են պատկերել։ Թյուրքախոս և քրդախոս համայնքները միանշանակ գնալու են և ձայն տան Պեզեշկիանին»,- ընգծեց նա։

Իրանագետի խոսքով՝ այս պահի դրությամբ 24 միլիոն ընտրողից Պեզեշկիանը հավաքել է 10,4 միլիոն ձայն, Ջալիլին 9,5 միլիոն ձայն, իսկ Ղալիբաֆին 3,4 միլիոն ձայն։

«Ջալիլին եղել է հոգևոր առաջնորդի միջուկային ծրագրերով բանակցողը, իսկ Պեզեշկիանն առողջապահության նախկին նախարար է։ Ջալիլին հոգևոր առաջնորդի կողմից մեծ վստահություն է վայելում, որովհետև նրա կողմից է նշանակվել պաշտոնի, ինչը շատ կարևոր հանգամանք է»,-ասաց Գոհար Իսկանդարյանը։

Հիշեցնենք՝ Իրանում արտահերթ նախագահական ընտրությունները կայացել են երեկ՝ հունիսի 28-ին։ Ընտրատեղամասերը բացվել են ժամը 08։00-ին, իսկ քվեարկությունը շարունակվել է մինչև 00։00-ն։

Արտահերթ ընտրությունները նշանակվել են այն բանից հետո, երբ 2021 թվականին ընտրված նախագահ Էբրահիմ Ռաիսին մահացել է 2024 թվականի մայիսին ուղղաթիռի վթարից։

Իրանի նախագահի պաշտոնի համար պայքարում է տասներկու իսլամական հոգևորականից ու իրավաբանից բաղկացած Սահմանադրության պահապանների խորհրդի կողմից հաստատված 4 թեկնածու` Մասուդ Պեզեշկիանը, Մուստաֆա Փուրմոհամմադին, Սաիդ Ջալիլին և Մոհամմադ Բագիր Ղալիբաֆը: Նախագահի հավակնորդները երեք շաբաթից էլ քիչ ժամանակ ունեին ողջ երկրում հեռուստաբանավեճերի և նախընտրական արշավների միջոցով ընտրողներին գրավելու համար:

Читайте на 123ru.net