World News in Armenian

Ժամանակները մեզ են բերել հայրենիքի այս իրականության մեջ` պատասխանատվություն ստանձնելու և մեր հերոսներին հայրենիք ու պատիվ վերադարձնելու. Բագրատ Սրբազան

Մենք կանգնած ենք մի սրբազան վայրում, որտեղ արձագանքները միայն հաղթանակների մասին են, որտեղ մեր մեծ զորավար Գարեգին Նժդեհն է ամփոփված: Այս մասին Խուտուփի լանջին` Գարեգին Նժդեհի շիրիմի մոտ ասաց Բագրատ Սրբազանը:

«Այստեղ են մեր հայրերն իր գլխավորությամբ կերտել հաղթանակ, որի շնորհիվ ոչ միայն Սյունյաց աշխարհը, այլև ամբողջ Հայաստանն ապրում է աշխարհի ազգերի շարքում: Իմ հուզումը մեր մեծի և մեր անպատիվ իրականության խաչաձևման արդյունքում է տեղի ունենում: Այս այցելությունն ուխտագնացության խորհուրդ ունի մեզ համար՝ մեր զորավարին այցելելու, իրենից ուժ խնդրելու, իրենից առաջնորդություն հայցելու, որ այնպես, ինչպես այն օրերին, այն ճակատագրական օրերին իր զինակիցներով կարողացավ ազատագրել իր տունը, այնպես էլ այսօր կարողանանք ազատագրել», -ասաց նա:

Բագրատ Սրբազանը մեջբերեց Նժդեհի խոսքերից․ «Կրոնները և հայրենիքները պահանջում են սպասավորներ, որոնց ձեռքերը տաք են և մաքրամաքուր։ Այդպես են կառուցվում պետությունները, այդպես եմ մեծանում հայրենիքները»:

«Եվ այսօր ժամանակները մեզ են բերել մեր հայրենիքի այս դժվար իրականության մեջ` պատասխանատվություն ստանձնելու այդ ազատագրվող խորհուրդով մեր տան պատիվը վերականգնելու, մեր արժանապատվությունը վերականգնելու, մեր հայրենիքը վերականգնելու մեր մեծ զորավարին ևընդհանրապես մեր նահատակ հերոսներին հայրենիք և պատիվ վերադարձնելու: Իր և իրենց երազանքներն այս օրերի մասին չէին»,-ասաց նա:

Բագրատ Սրբազանը նշեց, որ այցելությունը ոչ մի արժեք չի ունենա, եթե հաջորդիվ չլինեն հաղթանակներ։

«Մենք հաղթանակի միտված մարդիկ և ժողովուրդ ենք, ազգ ենք և մենք իրավունք չունենք որևէ ժամ այն կորցնելու մեր մտքերից, հոգիներից»,- նշեց նա։

Читайте на 123ru.net