World News in Armenian

«Ծայրահեղ աջերն իշխանության շեմին են». Ֆրանսիայում հրապարակվել են արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի վերջնական արդյունքները

Ֆրանսիայի ՆԳՆ-ն հրապարակել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի վերջնական արդյունքները։ Ծայրահեղ աջակողմյան «Ազգային միավորում»-ը ստացել է ձայների 33,1%-ը։ Երկրորդ տեղում «Նոր ժողովրդական ճակատ» ձախակողմյան կոալիցիան է՝ 28%, իսկ նախագահ Էմանուել Մակրոնի «Միասին հանուն Հանրապետության» կենտրոնամետ դաշինքը հավաքել է ընդամենը 20%։ Այս մասին հայտնում է euronews.com-ը:

Առաջին փուլում ընտրվել է 76 պատգամավոր։

Կիրակի օրվա քվեարկությունը տեղի է ունեցել բարձր մասնակցության (66,7%) պայմաններում, մի քանի հարյուր շրջանում երկրորդ փուլում մրցելու իրավունք է ստացել երեքական թեկնածու, ինչը դեռևս չի ապահովում ուժերի վերջնական հավասարակշռությունը նոր գումարման ստորին պալատում։

«Ծայրահեղ աջերն իշխանության շեմին են», - հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը՝ հավելելով, որ Մակրոնին աջակցող թեկնածուները, որոնք զբաղեցրել են երրորդ հորիզոնականը, բայց դուրս են եկել երկրորդ փուլ, պետք է հանեն իրենց թեկնածությունը՝ փակելու ազգայնականների ճանապարհը։

Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլին մասնակցելու իրավունք է ստացել Մակրոնի «Միասին հանուն Հանրապետության» կոալիցիայի ավելի քան 300 թեկնածու։ Վարչապետ Աթալը հայտնել է, որ մոտ 60 մարդ կհեռացվի: Այս կերպ դաշինքը ցանկանում է թույլ չտալ, որ Մարին Լը Պենի ծայրահեղ աջ Ազգային միավորումը բացարձակ մեծամասնություն ստանա: Վարչապետը պարզաբանել է, որ հանվելու են այն թեկնածությունները, որոնց՝ երրորդ տեղում մնալու դեպքում, «Ազգային միավորման» թեկնածուները զբաղեցնելու են առաջին տեղը:

Նա կոչ է արել աջակողմյան ուժերին երկրորդ փուլում «ոչ մի ձայն» չտալ, հայտնում է AFP-ն։ 

Ֆրանսիայի խորհրդարանը բաղկացած է 577 պատգամավորից, որոնք ընտրվում են հինգ տարի ժամկետով։

Հուլիսի 7-ին նշանակված երկրորդ փուլին կարող են մասնակցել առաջին փուլում ձայների առնվազն 12,5%-ը ստացած թեկնածուները։ Խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ունենալու համար քաղաքական կուսակցությունը պետք է ստանա 289 մանդատ։

Պատգամավորական մանդատների համար պայքարի մեջ են կենտրոնամետ նախագահական կոալիցիան, աջակողմյան «Ազգային միավորում»-ը և ձախակողմյան Նոր ժողովրդական ճակատը:

Վերջերս ԵՄ ամբողջ տարածքում կայացած Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքների համաձայն՝ Ֆրանսիայում ջախջախիչ հաղթանակ էր տարել Մարին Լը Պենի ծայրահեղ աջակողմյան հայացքների տեր «Ազգային միավորում» կուսակցությունը: Քվեարկության արդյունքների հրապարակումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր Ազգային ժողովը ցրելու և արտահերթ ընտրություններ նշանակելու մասին։ 

Читайте на 123ru.net