World News in Armenian

Զելենսկին չի բացառել միջնորդների միջոցով Պուտինի հետ խաղաղության շուրջ բանակցելը

Ուկրաինան չի բացառում միջազգային միջնորդների միջոցով խաղաղության բանակցությունների վարումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին, ինչպես գրում dw.com-ը, ասել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին The Philadelphia Inquirer-ին տված հարցազրույցում։

Համաշխարհային լրատվամիջոցներն ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ Զելենսկին նախկինում բազմիցս խոսել է նման բանակցությունների անհնարինության մասին, և որ ՌԴ ներկայիս իշխանությունների հետ բանակցություններն անգամ Ուկրաինայում արգելված են օրենքով։

Մինչդեռ հունիսի 30-ին The Philadelphia Inquirer-ի լրագրողների հետ զրույցում ուկրաինացի առաջնորդը նշել է, որ Ռուսաստանի ներկայիս ղեկավարության հետ խաղաղ բանակցությունները կարող են ընթանալ այն սկզբունքով, որն օգտագործվել է «Սևծովյան հացահատիկային միջանցքի» ստեղծման վերաբերյալ գործարքի համաձայնեցման ժամանակ։

«Այս մոդելն առաջին անգամ կիրառվել է հացահատիկային միջանցքի օրինակով, երբ Ուկրաինան բանակցում էր ոչ թե Ռուսաստանի, այլ ՄԱԿ-ի և Թուրքիայի հետ։ Նրանք, իրենց հերթին, ստանձնել էին մեզ հետ բանակցելու, ապա Ռուսաստանի Դաշնության հետ համապատասխան պայմանագիր կնքելու պատասխանատվությունը։ Դա այդպես էր աշխատում՝ երկու հայելային համաձայնագրեր ՄԱԿ-ի և Թուրքիայի միջև»,- պարզաբանել է Զելենսկին։

Նրա կարծիքով՝ նմանատիպ սխեման կարող է օգտագործվել «տարածքային ամբողջականության, էներգետիկայի և նավարկության ազատության» հարցերով բանակցություններում։ Տարբեր մայրցամաքների երկրները կարող են միջնորդ հանդիսանալ այս գործում, կարծում է Ուկրաինայի ղեկավարը։

«Մեր գործընկերները ոչ միայն Եվրոպան և ԱՄՆ-ն են, այլ նաև մյուս մայրցամաքները, այդ թվում՝ Ասիան, Աֆրիկան և Լատինական Ամերիկան։ Կան ներկայացուցիչներ, որոնք լուծում են պատրաստում այս կամ այն ճգնաժամի համար, իսկ հետո այս փաստաթուղթը, եթե այն բավարարում է Ուկրաինային, պետք է ուսումնասիրվի Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների հետ։ Առայժմ մենք ունենք միայն այս մոդելը»,- նշել է Զելենսկին։

Հունիսի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է այն պայմանները, որոնց դեպքում, ըստ նրա, Մոսկվան պատրաստ կլինի դադարեցնել ռազմական գործողություններն Ուկրաինայում։

Մասնավորապես, դրանք ներառում են ուկրաինական զորքերի ամբողջական դուրսբերում  Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Ուկրաինայի Զապորոժիեի մարզերից, հրաժարում ՆԱՏՕ-ին միանալուց, Ղրիմի ու Սևաստոպոլի, ինքնահռչակ Դոնեցկի, Լուգանսկի ժողովրդավարական հանրապետությունների, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի՝ որպես Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների ճանաչում, արևմտյան պատժամիջոցների չեղարկում:

Ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Արևմուտքում Մոսկվայի և Կիևի միջև հրադադարի նման պայմանները սուր քննադատվել են:










Читайте на 123ru.net