World News in Armenian

Իսրայելը պետք է մի կողմ դնի իր էգոն և ճանաչի Հայոց ցեղասպանությունը. The Jerusalem Post

The Jerusalem Post պարբերականը հրապարակել է «Իսրայելն այժմ առավել քան երբևէ պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը» վերտառությամբ հոդվածը, որում պարբերականի գլխավոր խմբագրի տեղակալ Թամար Ուրիել Բերին ստեղծված աշխարհաքաղաքական համատեքստում անդրադառնում է հայ-իսրայելական հարաբերություններին:

Հեղինակը հիշեցնում է, որ ՀՀ-ն ճանաչել է Պաղեստինի անկախությունը՝ ընդգծելով, որ Իսրայելի և Հայաստանի հարաբերությունները երկար ժամանակ է՝ լարված են, և դա պայմանավորված է մի քանի գործոնով.«Առաջինը զինված հակամարտության պայմաններում Իսրայելի աջակցությունն է Ադրբեջանին։ Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի 2021 թվականին հրապարակված զեկույցի համաձայն՝ զեկույցի հրապարակմանը նախորդող հինգ տարիներին Իսրայելը եղել է Ադրբեջանի զենքի ներմուծման 69%-ի աղբյուրը», - գրում է հեղինակը։

Այնուհետև նա մեջբերում է Իսրայելում Հայաստանի դեսպան Արման Հակոբյանի՝ այս հարցով անցած տարվա սեպտեմբերին The Jerusalem Post-ին տված մեկնաբանությունը.«Ադրբեջանը միլիարդավոր դոլարների իսրայելական զենք է գնում, համագործակցություն կա ռազմական պաշտպանության և հետախուզության ոլորտում։ Ադրբեջանական Silk Way Airlines ավիաընկերությունը հաճախակի թռիչքներ է կատարում Իսրայել՝ զենք ներկրելու նպատակով: Մինչ այս վերջին էսկալացիան, ինքնաթիռը անմիջապես Իսրայելից ուղղություն էր վերցրել դեպի Գյանջա քաղաք, որը գտնվում է Լեռնային Ղարաբաղից հյուսիս։ Ցանկացած երկիր կարող է զենք վաճառել և գնել։ Խնդիրն այն է, որ այդ զենքերը հայտնվում են մեր սահմաններում ու կրակում խաղաղ բնակչության վրա»։

Հաջորդ կետը, ըստ աղբյուրի, այն է, որ Իսրայելը պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

«1982 թվականի գարնանը Երուսաղեմում և Թել Ավիվում Հոլոքոստի և Ցեղասպանության վերաբերյալ առաջին միջազգային համաժողովից առաջ Թուրքիան պահանջել էր չեղարկել Հայոց ցեղասպանությանը նվիրված վեց նիստերը և բացառել հայախոս մասնակիցներին։ Նրանք սպառնացել էին դադարեցնել Իրանից և Սիրիայից փախուստի դիմող հրեաների պաշտպանությունը, եթե Իսրայելի կառավարությունը համաձայնի իրենց պահանջին:

2023 թվականի դրությամբ աշխարհի շուրջ 34 երկիր ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Սակայն Իսրայելը, որտեղ ապրում են ցեղասպանություն, ջարդեր և խոշտանգումներ վերապրած մարդիկ, դեռ դա չի արել: Լայնորեն ընդունված է, որ Ադոլֆ Հիտլերը կարծում էր, որ կարող է իր վայրագությունները կատարել առանց հետևանքների, քանի որ Հայոց ցեղասպանության մեղավորները հիմնականում խուսափել են պատժից:

Իսրայելը դանդաղ, բայց վստահաբար դառնում է փոքրամասնություն արևմտյան երկրների շարքում: Այս շաբաթ, հետևելով Պաղեստինի պետականության ճանաչման խնդրին մեր լուսաբանմանը, մի ընթերցող կապ հաստատեց մեզ հետ և մատնանշեց.«Անբարեխիղճ է, որ Իսրայելը շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանությունը և օգտագործում է 1,5 միլիոն հայի մահը որպես դիվանագիտության և միջազգային հարաբերությունների քաղաքական մահակ»:

Նա, իհարկե, չի սխալվում: Ցեղասպանության ճանաչումը պարզ բան է բոլորի համար, ովքեր ծանոթ են «ցեղասպանություն» եզրույթի հիմնական սահմանմանը և Օսմանյան կայսրության ձեռքով զոհված միլիոնավոր մարդկանց մասին հստակ տվյալներին:

Եթե Իսրայելը ցանկանում է միջազգայնորեն ճանաչվել որպես ողջախոհության և օրինական բարոյականության ձայն, նա պետք է գործի բարոյապես: Մի կո՛ղմ դրեք ձեր էգոն, ճանաչե՛ք Հայոց ցեղասպանությունը», - եզրափակել է հեղինակը:

Читайте на 123ru.net