World News in Armenian

Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին պետք է Հայաստանին, հարց է, թե ինչպե՞ս կփոխվի, ի՞նչ դուրս կմնա ու ի՞նչ կներառվի. Ղևոնդյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը – Պարո՛ն Ղևոնդյան, Ադրբեջանի նախագահը կրկին խոսել է ՀՀ Սահմանադրության փոփոխության, վերադարձի փոխադարձության հիմքի անհրաժեշտության մասին։ Նման հայտարարությունները որքանո՞վ են նպաստում խաղաղության պայմանագրի կնքմանը, որի պատրաստակամությունը հանրայնորեն արտահայտել է ադրբեջանական կողմը։ – Ադրբեջանը որդեգրել է մի մարտավարություն, համաձայն որի պահանջում են ամեն ինչ, և եթե ամեն ինչ չստանան, […]

The post Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին պետք է Հայաստանին, հարց է, թե ինչպե՞ս կփոխվի, ի՞նչ դուրս կմնա ու ի՞նչ կներառվի. Ղևոնդյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը

– Պարո՛ն Ղևոնդյան, Ադրբեջանի նախագահը կրկին խոսել է ՀՀ Սահմանադրության փոփոխության, վերադարձի փոխադարձության հիմքի անհրաժեշտության մասին։ Նման հայտարարությունները որքանո՞վ են նպաստում խաղաղության պայմանագրի կնքմանը, որի պատրաստակամությունը հանրայնորեն արտահայտել է ադրբեջանական կողմը։

– Ադրբեջանը որդեգրել է մի մարտավարություն, համաձայն որի պահանջում են ամեն ինչ, և եթե ամեն ինչ չստանան, բայց գոնե մեծ մասն էլ ստանան, ապա դա կարելի կլինի իրենց համար որպես ձեռքբերում համարել։ Ու նաև խաղում են այդ գործընթացում՝ պահանջներ ներկայացնելով, ժամանակ ձգելով, ու չպետք է մտածել, որ այդ պահանջները միայն Հայաստանից են: Ադրբեջանի նախագահը կարող է Հայաստանին նման պահանջներ ներկայացնելու միջոցով ստվերային գործընթացներ ունենալ այլ կենտրոնների հետ, որոնք շահագրգռված են, որ այդ համաձայնագիրը ստորագրվի, օրինակ՝ ԱՄՆ-ի հետ կարող է, քանի որ Բլինքենը Ադրբեջանում ինչ-որ բան կարող է պայմանավորված լինել, ու նման պահանջների միջոցով Ադրբեջանը կարող է փորձել կանխել ԱՄՆ-ի կողմից պայմանավորվածությունների չկատարումը՝ ուղերձներ հղելով, թե ինքը կարող է նման միջոցներով գործընթացը վիժեցնել, եթե նրանք պայմանավորվածությունների իրենց մասը չկատարեն։ 

Իհարկե, այստեղ շատ կարևոր է, թե ինչպիսի դիրքավորում կընտրի ու ինչպես կարձագանքի խաղաղության պայմանագրի հիմնական շահառուն՝ ԱՄՆ-ն, ու ինչ քանակով իրենց շահերը կնպաստեն, որպեսզի լծակներ օգտագործեն Ադրբեջանի դեմ։ Բայց թող չթվա, թե Հայաստանն ընդհանրապես գործընթացից դուրս է, իհարկե Հայաստանն էլ իր աշխատանքը պետք է կատարի, շատ իրավիճակներ կան, որտեղ Հայաստանը կարողանում է օգուտներ քաղել Ադրբեջանի նման մոտեցումներից, օրինակ՝ հենց նույն սպառազինությունների ձեռքբերման գործընթացը այդքան խորացել է, իմ համոզմամբ, որովհետև Ադրբեջանը շատ հարցերում ապակառուցողական է, ու Արևմուտքում փորձում են Հայաստանին զինելով՝ նաև զսպել Ադրբեջանի ապակառուցողականությունը։

– Այսինքն՝ ձեր գնահատմամբ՝ այդ պահանջներն ավելի շատ Ադրբեջանը ներկայացնում է որպես շանտա՞ժ, եթե կարելի է այդպես ասել, Արևմուտքին, այլ ոչ թե նրա համար, որ Արևմուտքը համաձա՞յն է Ադրբեջանի վարած այդ քաղաքականությանը։

– Ադրբեջանն այդ պահանջները ներկայացնում է՝ խաղի մեջ իր դիրքերը չզիջելու տրամաբանությամբ, ու այդ խաղում, բնականաբար, ներկայացված են ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, այլ նաև Արևմուտքը, Ռուսաստանը, Թուրքիան, գուցե նաև այլ կենտրոններ, Իրանը, և այստեղ Ադրբեջանի այդ մաքսիմալիստական պահվածքը հնարավորություն է տալիս ստանալ գոնե այնքանը, ինչքան ինքը բավարար է համարում: Շատ բաներ կան, որ Ադրբեջանը ցանկանում է ստանալ և, բարձրաձայնելով շատ ավելին, քան իր համար բավարար է, նա կարող է ապահովել իր համար բավարար ստանալիքը։

– Իսկ ըստ ձեզ՝ այդ պայմանագրի գլխավոր շահառու ԱՄՆ-ն որքա՞ն է թույլ տալու, որ Ադրբեջանը ստանա, այսինքն՝ խաղաղությունն իրենք ինչպե՞ս են պատկերացնում, որովհետև կարծիքներ կան, որ ԱՄՆ-ի հիմնական նպատակն է Ռուսաստանին տարածաշրջանից դուրս հանել, իսկ թե դրա հետևանքով Հայաստանը ի՛նչ ու ինչքա՛ն կկորցնի, միևնույն է։

– ԱՄՆ-ն կգնա ուղիղ այնքան, որքան իր շահերը կհամապատասխանեն դրան, ԱՄՆ-ի շահերն այս պահին ենթադրում են այն, ինչ դուք ասացիք՝ Ռուսաստանի ազդեցության թուլացումը ու նաև այդ պայմանագրի կնքումը՝ որպես Բայդենի վարչակազմի ձեռքբերում, ինչը գուցե հնարավորություն կտա Բայդենին մեծ քաղաքական կապիտալ ունենալ նախատեսված ընտրությունների գործընթացում: 

Պետք է նշել, որ ԱՄՆ-ի այս մոտեցումներն այս պահին մեծ չափով համընկնում են Հայաստանի շահերին, ու այդ պատճառով Հայաստանը պետք է աշխատի այս դաշտում: Ես նշեցի, որ Հայաստանն էլ իր անելիքն ունի, բայց աշխատել այս դաշտում՝ չի նշանակում գնալ, համոզել, որ Ադրբեջանի նկատմամբ այլ գործընթացներ լինեն կամ ամեն գնով համաձայնություն ձեռք բերեն: 

Դա նշանակում է բազմաթիվ այլընտրանքային գործողություններ, որոնցից են, օրինակ՝ զենքի ձեռքբերման գործընթացը, որի մասին ասացի, ավելի լայն ճակատով իրականացնել, ներգրավել նոր կենտրոններ ու ցույց տալ այն, ինչ տեղի է ունենում Ադրբեջան-ԱՄՆ փոխհարաբերություններում ու, հիմնավորելով այդ գործընթացով, կարողանան այլ կենտրոնների հետ զենքի ձեռքբերման պայմանագրեր կնքել, ինչին, կարծում եմ, ԱՄՆ-ն դեմ չի լինի, որովհետև դա այդ խաղի մեջ լրացուցիչ լծակ է Ադրբեջանի վրա։ 

Նույն տրամաբանության մեջ է «Սեզարների» ձեռքբերումը, ասեմ, որ այստեղ շատ մեծ դեր է խաղացել Ադրբեջանի դիրքավորումը։ 

– Պարո՛ն Ղևոնդյան, ի վերջո, Հայաստանի իշխանությունը կգնա՞ Սահմանադրությունը փոխելու ճանապարհով, թե՞ չէ։ 

– Շատ բարդ հարց եք տալիս, Սահմանադրության փոփոխությունը խոստում է, որը տվել է ՀՀ իշխանությունը Հայաստանի ժողովրդին և՛ 2018-ի հեղափոխության ժամանակ, և՛ ընտրությունների ժամանակ՝ 2018-ի դեկտեմբերին, և՛ 2021-ի ընտրությունների ժամանակ։ Փաստացի մինչ այս պահը Հայաստանի իշխանությունները խուսափել են դրանից: Եթե լինեն արտաքին ազդակներ, որոնք կստիպեն Հայաստանի իշխանությանը փոխել Սահմանադրությունը, ապա պետք է նշել, որ դա գուցե դրական անդրադառնա Հայաստանի քաղաքական դաշտի վրա, որովհետև, ինչպես ասացի, Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին պետք է Հայաստանին։ 

Այստեղ հարցն այն է, թե ինչպե՞ս կփոխվի այն, ի՞նչ դուրս կմնա ու ի՞նչ կներառվի, և Ադրբեջանի այդ պահանջը, իհարկե, հասկանում ենք, որ հիմնական իմաստը Անկախության հռչակագրի դուրսթողումն է: Բայց այստեղ Հայաստանի հանրության մոտ որոշակի տրամադրություններ պետք է լինեն դրա հետ կապված, ու ես չեմ կարծում, որ եթե Հռչակագիրը դուրս թողնելու միջոցով Հայաստանում փորձ արվի Սահմանադրություն փոխել, իշխանությունը կկարողանա հավաքել անհրաժեշտ քանակի ձայներ: Միևնույն ժամանակ, ես չեմ էլ կարծում, թե իշխանությունը պատրաստվում է Հռչակագիրը դուրս թողնելով՝ նոր Սահմանադրություն ներկայացնել Հայաստանի ժողովրդին։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին պետք է Հայաստանին, հարց է, թե ինչպե՞ս կփոխվի, ի՞նչ դուրս կմնա ու ի՞նչ կներառվի. Ղևոնդյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net