World News in Armenian

Թուրքիան սկսում է Արևմուտքի և առաջին հերթին ԱՄՆ-ի ճնշման ներքո Ռուսաստանի հետ իր կապերը սահմանափակել. Թուրքագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը – Պարո՛ն Սաֆրաստյան, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հանդիպեցին Աստանայում, որտեղ երկու ղեկավարները գտնվում էին Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու համար։ Ի՞նչ հարաբերություններ ունեն այս պահին Ռուսաստանն ու Թուրքիան, և ինչո՞ւ է անընդհատ հետաձգվում Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա։ – Այն, ինչ հիմա այդքան քննարկվում է, ըստ էության ջրի երես […]

The post Թուրքիան սկսում է Արևմուտքի և առաջին հերթին ԱՄՆ-ի ճնշման ներքո Ռուսաստանի հետ իր կապերը սահմանափակել. Թուրքագետ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը

– Պարո՛ն Սաֆրաստյան, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հանդիպեցին Աստանայում, որտեղ երկու ղեկավարները գտնվում էին Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու համար։ Ի՞նչ հարաբերություններ ունեն այս պահին Ռուսաստանն ու Թուրքիան, և ինչո՞ւ է անընդհատ հետաձգվում Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա։

– Այն, ինչ հիմա այդքան քննարկվում է, ըստ էության ջրի երես հանեց այն գործընթացները, որ վերջին կես կամ մի քիչ ավելի տարվա ընթացքում տեղի են ունենում ռուս-թուրքական հարաբերություններում, իսկ այդ գործընթացների իմաստը հետևյալն է. Թուրքիան սկսում է Արևմուտքի և առաջին հերթին ԱՄՆ-ի ճնշման ներքո Ռուսաստանի հետ իր կապերը սահմանափակել, խոսքը տնտեսական բնագավառի մասին է։ 

Մասնավորապես՝ թուրքական բանկերն արդեն անցյալ տարվա վերջերից, այս տարվա սկզբներից հրաժարվում են այն գործարքներից, որոնք տեղի են ունենում թուրքական ու ռուսական ընկերությունների միջև, այդ գործարքները չեն ապահովվում: Ի՞նչ էր տեղի ունենում․ թուրքական ընկերությունները Արևմուտքում գնում էին ապրանքներ, որոնք Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների շրջանակներում արգելված էին արտահանել, վերավաճառում էին ռուսական ընկերություններին ու մեծ օգուտներ էին ստանում, ռուսական ընկերություններն էլ օգտվում էին, որովհետև ստանում էին այնպիսի ապրանքներ, որոնք արգելված էին։ 

Հիմա թուրքական բանկերը հրաժարվում են այդ ապրանքների համար վճարել ռուսական ընկերություններին, հրաժարվում են գործարքներ կատարել, որովհետև վախենում են ամերիկյան պատժամիջոցներից: Դա միանգամից հանգեցրեց նրան, որ այդ գործարքները հիմա արդեն պակասել են, չեղյալ են հայտարարվում։ 

Վերջերս հայտնի դարձավ նաև, որ Թուրքիան մի քանի անգամ կտրուկ նվազեցրել է ռուսական գազի գնումները, գաղտնիք չէ, որ Թուրքիան իր գազի մի զգալի մասը ստանում է Ռուսաստանից։ Ամերիկացիներն տարիներ շարունակ պահանջում են Թուրքիայից, որ աստիճանաբար պակասեցնի ռուսական գազի ծավալները իր ներքին շուկայում, և հիմա ճնշման ներքո Թուրքիան արդեն սկսում է տեղի տալ։ 

Մյուս կողմից՝ շատ անհասկանալի իրադրություն է ստեղծվել Աքքույուի ատոմակայանի հետ կապված: Ինչպես գիտենք, Ռուսաստանն այդ ատոմակայանը կառուցեց, կառուցում է տևականորեն, հայտարարվեց, որ այդ շինարարությունն ավարտված է, բայց իրականում դեռ շարունակվում է, այն վերջնական չի գործում։ 

Հետաքրքիրն ու կարևորն այն է, որ ատոմակայանը, որ բազմամիլիարդանոց գործարք է Ռուսաստանի ու Թուրքիայի միջև, ըստ էության, կառուցվում է Ռուսաստանի միջոցներով, Ռուսաստանը միլիարդավոր դոլարների վարկ է տրամադրել Թուրքիային, ու այդ վարկի հաշվին է ամեն ինչ կառուցվում: Թուրքիան այդ վարկը պետք է մարեր այդ ատոմակայանի արտադրած էներգիայի վաճառքից ստացվող գումարներով, բայց հիմա շինարարության գործընթացը զարմանալիորեն կասեցված է։ 

Բացի այդ, մի քանի օր առաջ էլ շատ խորհրդավոր վթար տեղի ունեցավ այն ավտոբուսում, որը տեղափոխում էր աշխատողներին, ու զոհերի մեջ կան ռուսներ, այսինքն՝ ինչ-որ անհասկանալի բաներ են տեղի ունենում, ինչը կարող է հանգեցնել նրան, որ այս ատոմակայանի գործարկումը ընդհանրապես հետաձգվի, ու Ռուսաստանը, որ այդքան մեծ վարկ է տրամադրել Թուրքիային, այն հետ չստանա։ 

Մյուս կողմից Թուրքիան ուզում է երկրորդ ատոմակայանը կառուցել, և խոսակցություններ կային, որ դրա շինարարությունը ևս պետք է հանձնվի Ռուսաստանին, բայց հիմա ատոմակայանը կառուցելու այլ թեկնածուներ են ի հայտ եկել։

Մյուս բնագավառը, որ խնդիրներ կան ռուս-թուրքական հարաբերություններում, այն է, որ Թուրքիան լուրջ զենք է վաճառում Ուկրաինային, որոնցով սպանվում են ռուս զինվորները։ Դրա մասին ռուսական ԶԼՄ-ները քիչ են գրում, բայց իրականում դա բավական լուրջ զենք է, հիմնականում՝ հրետանի։ 

Լուրջ խնդիր է նաև այն, որ ռուսական Սևծովյան նավատորմը անընդհատ կորուստներ է ունենում, ժամանակ առ ժամանակ խոցում են, ու Թուրքիան, քանի որ փակել է Բոսֆորի ու Դարդանելի նեղուցները՝ հիմնվելով Մոնտրիոյի 1936 թվականի պայմանագրի վրա, թույլ չի տալիս, որ ռուսները համալրեն Սևծովյան նավատորմը այլ նավատորմերի իրենց ռազմանավերով, ու այդպես աստիճանաբար պակասում են ռուսական ռազմանավերը Սև ծովում, ինչը թուրքերի երազանքն է։ 

Այնպես որ, խնդիրներ կան այդ հարաբերություններում, ու դրա արտահայտությունն այն էր, որ արդեն մի քանի ամիս է՝ չի կայանում Պուտինի այցը Թուրքիա: Դրա մասին խոսվում է, խոսվում է, բայց կոնկրետ ոչ մի բան չկա, ու դրա արտահայտությունն է նաև այն, որ, ինչպես ռուսական ԶԼՄ-ները փոխանցեցին ՌԴ նախագահի մամուլի  քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությունը, Թուրքիան չի կարող միջնորդ լինել ուկրաինական ճգնաժամում։ 

Եթե ընդհանուր գնահատելու լինենք՝ այս ամենը հետևանք է Թուրքիայի վրա նախևառաջ ամերիկյան, Եվրամիության ճնշման։ Թուրքիան մի կողմից վախենում է, որ կհայտնվի ամերիկյան պատժամիջոցների թիրախում, մյուս կողմից՝ Թուրքիայի տնտեսությունը, որը վերջերս բավականին խնդիրներ ունի, չնայած զարգանում է, մեծ կարիք ունի օտարերկրյա ներդրումների։ 

Թուրքիան հույս ուներ դրանք ապահովել հարուստ արաբական երկրների միջոցով, որոնց հետ իր հարաբերությունները վերջին երկու տարվա ընթացքում կարգավորել է, բայց դա տեղի չունեցավ: Ո՛չ Սաուդիան Արաբիան, ո՛չ Էմիրությունները լուրջ ներդրումներ չարեցին Թուրքիայում, հետևաբար, նրա համար իրական ներդրումները մնում են Արևմուտքից, իսկ այնտեղից ներդրումներ ստանալու համար նա պետք է ենթարկվի Արևմուտքի կամքին։ Այնպես որ, Թուրքիան զոհաբերում է Ռուսաստանի հետ իր հարաբերությունների մի հատվածը, որ մեկ անգամ ևս իր հավատարմությունը վերահաստատի Արևմուտքին։ 

– Պարո՛ն Սաֆրաստյան, Էրդողանը հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինը խոսում է խաղաղության մասին, բայց կան որոշ արևմտյան երկրներ, որոնք անում են ամեն ինչ, որպեսզի երրորդ համաշխարհային պատերազմը սկսվի։ Թուրքիայի նախագահն այս հայտարարությամբ ո՞ր երկրներին է ակնարկում։

– Իմ գնահատմամբ՝ այդ հայտարարությունը թուրքական դիվանագիտության սովորական դարձած հնարքներից մեկն է, նա իրական քաղաքականության մեջ ենթարկվում է Արևմուտքին: Մաս լինելով Արևմուտքին՝ այս հայտարարություններով, որոնք ոչ մի իրական հիմք չունեն, փորձում է ռուսներին հաճոյանալ, Պուտինին ցույց տալ, թե տես՝ Արևմուտքին քննադատում եմ, ես ձեր կողմն եմ։ Այս հայտարարությունը ես լուրջ չեմ համարում։ 

– Ձեր գնահատմամբ՝ մոտ ապագայում Պուտինի այցը Թուրքիա վերջապես տեղի կունենա՞, թե՞ ոչ։

– Կախված կլինի կոնյունկտուրայից, ընդհանուր իրադրությունից ոչ միայն ռուս-թուրքական հարաբերություններում, այլև աշխարհում՝ կապված ուկրաինական դեպքերի, համաշխարհային զարգացումների հետ։ 

Ես կարծում եմ, որ ներկա փուլում մոտ ապագայում դեռևս հավանական չի թվում, բայց չեմ բացառում, որ Ռուսաստանը, որ բավական ճնշված ու մեկուսացված վիճակում է գտնվում Արևմուտքի կողմից, ի վերջո կհամակերպվի Թուրքիայի այդ նոր դիրքորոշման հետ և չի ուզենա Թուրքիայի հետ հարաբերություններն էլ ավելի վատացնել, ու գուցե այցը տեղի ունենա: 

Բայց, ամեն դեպքում, ռուս-թուրքական հարաբերություններն այն մակարդակի վրա չեն, ինչ սրանից մեկ տարի առաջ էր, սա պետք է արձանագրենք ու այս գործընթացը կարող է ավելի խորանալ, Թուրքիան ավելի ենթարկվի արևմտյան ճնշումներին, որովհետև դա Թուրքիայի համար, ինչպես ասացի, ունի ոչ միայն աշխարհաքաղաքական, այլ նաև շատ կոնկրետ տնտեսական նշանակություն։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Թուրքիան սկսում է Արևմուտքի և առաջին հերթին ԱՄՆ-ի ճնշման ներքո Ռուսաստանի հետ իր կապերը սահմանափակել. Թուրքագետ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net