World News in Armenian

Սամանթա Փաուերն արցախցի կանանց հետ Երևանում ժենգյալով հաց է պատրաստել

Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը Երևանում ժենգյալով հաց պատրաստեց արցախցի կանանց հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաուերը Հայաստան այցի շրջանակում այցելեց Արցախից Հայաստան տեղափոխված սննդի օբյեկտ՝ «Թեյսթ օֆ Արցախ», որը աջակցություն է ստացել ԱՄՆ ՄԶԳ-ից: 

Արցախցի կանայք նրան ծանոթացրին ժենգյալով հացի պատրաստմանը, ներկայացրին, որ միջուկը պատրաստում են 13 տեսակի կանաչիներից, ինչը զարմացրեց Փաուերին: Ապա Փաուերն անձամբ պատրաստեց արցախյան ավանդական ժենգյալով հացը:  

«Թեյսթ օֆ Արցախ»-ը ստեղծվել է 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո: Շուրջ 3 տարի է, ինչ տեղափոխվել են Երևան: Այս պահին ընկերության ավելի քան 10 աշխատակիցների մեծ մասը Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք են: 

«Մեր արտադրանքն արցախյան ավանդական ժենգյալով հացն է: Ներկա պահին ունենք շուրջ 12 տեսակի ժենգյալով հաց»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Թեյսթ օֆ Արցախ»-ի հիմնադիր տնօրեն Միհրան Բաղդասարյանը՝ հավելելով, որ շատ ուրախ են, մեծ պատիվ է հյուրընկալել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավարին: 

Ի դեպ, ԱՄՆ ՄԶԳ-ն ընկերությանը տեխնիկական աջակցություն է ցուցաբերել: Համագործակցությունը սկսել են նախորդ տարվա հոկտեմբերից:  Բաղդասարյանի խոսքով՝ ցուցաբերած աջակցությունը ընկերության առաջընթացի համար մեծ արդյունք է տվել, թույլ է տվել նաև ավելացնել աշխատատեղերը:  

Սամանթա Փաուերը ժենգյալով հաց պատրաստելուց հետո հանդիպեց ու զրուցեց ԼՂ-ից տեղահանված անձանց հետ:  

Читайте на 123ru.net