World News in Armenian

Նոր ձևաչափով հերթական ատեստավորմանը հայտագրվել Է շուրջ 5,495 ուսուցիչ

2024 թվականից ուսուցիչների հերթական վերապատրաստման և ատեստավորման գործընթացն իրականացվում է մասնագիտական կարիքների գնահատման հիման վրա: Նոր ընթացակարգով հերթական ատեստավորմանը մասնակցելու համար հայտագրվել Է շուրջ 5495 ուսուցիչ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է նոր փոփոխությանն ու մանրամասներ ներկայացրել:

Նախարարի տեղակալի խոսքով՝ հերթական ատեստավորման հայտերի ընդունման ժամկետը, որն ի սկզբանե սահմանված էր մինչև հունիսի 10-ը, երկարաձգվել է: Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է՝ վերապատրաստումն իրականացվում է 12 մոդուլի հիման վրա, որից մեկն առարկայական գիտելիքի մոդուլն է, իսկ մնացած 11-ը վերաբերում են կրթության կազմակերպման տարբեր ուղղություններին, ինչպես, օրինակ, կրթության ոլորտի օրենսդրության, երեխաների հոգեբանության, դասարանի կառավարման, գնահատման մեթոդների, դասի պլանավորման և այլ թեմաներին: Հայտագրման գործընթացից հետո ուսուցիչները Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում տեղադրված հատուկ գործիքի միջոցով յուրաքանչյուր մոդուլի թեմային համապատասխան պատասխանում են հարցերի, ինչի արդյունքում որոշվում է վերջինիս կարիքը՝ վերապատրաստման համար:

«Գնահատման գործընթացն իրականացվում է ինչպես ուսուցչի, այնպես էլ տնօրենի կողմից: Սա հնարավորություն է տալիս բացահայտելու ուսուցչի մասնագիտական զարգացման անհրաժեշտությունը և ուղղությունը՝ ըստ 4 մակարդակի: Արդեն ամփոփվել են տվյալները. հերթական ատեստավորմանը մասնակցելու համար հայտագրված 5495 ուսուցիչներից 540-ն ատեստավորման առաջին մակարդակով է վերապատրաստում անցնելու: Այս խմբում այն ուսուցիչներն են, որոնք առարկայական գիտելիքի դժվարություններ ունեն: Այս ուսուցիչների թվում են նաև նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը չհաղթահարած մասնագետները»,- նշել է Արաքսիա Սվաջյանը:

Նախարարի տեղակալի խոսքով՝ ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվել է նաև երաշխավորված վերապատրաստող կազմակերպությունների մրցույթ, որն այժմ ամփոփվում է.  ներկայացված ծրագրերը ներկայում փորձաքննության փուլում են, որի արդյունքներով կազմակերպությունները կերաշխավորվեն որպես վերապատրաստողներ: Նա նաև տեղեկացրել է՝ առարկայական գիտելիքի իմացության հետ առնչվող վերապատրաստումը, ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս իրականացվելու է մանկավարժական բուհերի կողմից:

«Ուսուցիչների հերթական պարտադիր ատեստավորումը մինչև նախորդ տարի միասնական միջինացված մակարդակում է իրականացվել՝ մեկ տեսակի վերապատրաստմամբ, որը գրեթե համադրելի է այսօրվա երկրորդ՝ տիրապետման և ձեռնահասության մակարդակի վերապատրաստմանը: Եթե նախկինում ուսուցիչները ստիպված էին լինում շատ կարճ ժամանակում անցնել 110-ժամյա վերապատրաստում, և դա  բավական մեծ բեռ էր ուսուցիչների համար, ապա նոր համակարգով միայն առարկայական գիտելիքի դժվարություն ունեցող ուսուցիչների համար է մեկ տարվա ժամկետ սահմանված: Մյուսների համար սահմանված է 3-5 տարվա ժամկետ. հետևաբար, ուսուցիչներն իրենց մակարդակին համապատասխան վերապատրաստման ժամերը կարող են անցնել 3 կամ 5 տարվա ընթացքում: Ուսուցիչներն ազատ են ավելի հանգիստ տնօրինել իրենց ժամանակը և չունենալ մեծ ծանրաբեռնվածություն ու լարվածություն»,- պարզաբանել է Արաքսիա Սվաջյանը՝ հավելելով, որ դասընթացներն ուսուցիչների համար անվճար են. դրանք իրականացվելու են պետական բյուջեի միջոցներով:

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր մոդուլով նախատեսվում է ունենալ կենտրոնացված ստուգումներ. բոլոր ուսուցիչները, որոնք կոնկրետ մոդուլով վերապատրաստում են անցել, նախապես հայտարարված օրը կմասնակցեն թեստային ատեստավորման՝ գրավոր պատասխանելով իրենց մոդուլին վերաբերող հարցերին:

«Տարվա մեջ երկու-երեք վերապատրաստման մասնակցելով՝ ուսուցիչները կարող են հերթով հաղթահարել մոդուլները: Արդյունքները կմուտքագրվեն Կրթության կառավարման տեղեկատվման համակարգ, իսկ տարիների ընթացքում հավաքած կրեդիտների առկայության դեպքում՝ վերջնական փուլում նրանք ավտոմատ կերպով կհամարվեն ատեստավորված: Եթե ուսուցիչը չի կարողանում հաղթահարել տվյալ մոդուլի ատեստավորումը, ապա հաջորդ տարի նույն մոդուլին մասնակցելու հնարավորություն ունի, բայց այդ դեպքում վերապատրաստումն այլևս չի իրականացվի պետության կողմից: Եթե երկրորդ տարում ուսուցիչը դարձյալ չի կարողանում հաղթահարել տվյալ մակարդակի ատեստավորումը, ապա երրորդ տարում պետք է ատեստավորվի մեկ մակարդակով ավելի ցածր»,- ընդգծել է նախարարի տեղակալը:

Արաքսիա Սվաջյանի փոխանցմամբ՝ այժմ փոփոխություններ են իրականացվում տարակարգի շնորհման կարգում, որպեսզի հերթական ատեստավորումը ևս ազդեցություն ունենա ուսուցչի աշխատավարձի վրա: Մասնավորապես՝ եթե ուսուցիչը երկրորդ մակարդակով վերապատրաստում է անցել և ատեստավորվել, ապա համապատասխան մակարդակի տարակարգ կարող է ստանալ, ինչն ուղղակիորեն կազդի նրա աշխատավարձի բարելավման վրա:

Անդրադառնալով ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին՝ նախարարի տեղակալը նշել է` հայտերի ընդունման ժամկետը սեպտեմբերի 1-ն է: Ներկայում ավելի քան 3000 ուսուցիչ է հայտագրվել կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար: Հայտագրվել է նաև ուսուցչի համար օրենքով սահմանված պահանջներին համապատասխանող, բայց տվյալ պահին չաշխատող 200 անձ:

«Կամավոր ատեստավորումը դարձյալ իրականացվելու է բոլոր առարկաները դասավանդող ուսուցիչների համար, բայց այս տարի այն կիրականացվի էլեկտրոնային ձևաչափով: Քննական կենտրոնները կտեղակայվեն բուհերում և հագեցած կլինեն համակարգիչներով»,- ասել է Արաքսիա Սվաջյանը՝ հույս հայտնելով, որ ուսուցիչներն ավելի լավ արդյունքներ կարող են արձանագրել, քանի որ հնարավորություն ունեն խնայելու ժամանակը:

Читайте на 123ru.net