World News in Armenian

«ԱրթՄեդ»-ում մահացած երիտասարդ կնոջ մոտ չարորակ հիպերթեմիա է ախտորոշվել, հարազատները բողոք չեն ներկայացրել. փոխտնօրեն

«ԱրթՄեդ» ԲԿ-ում քթի վիրահատության ժամանակ երիտասարդ կնոջ մահվան պատճառը չարորակ հիպերթեմիա ախտորոշումն է եղել:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԲԿ-ի փոխտնօրեն Արայիկ Ղարիբյանը:

«Չարորակ հիպերթեմիան շատ արագ զարգանում է, այն շատ հազվադեպ ախտորոշում է, կարող է 50 հազար հոգուց մեկի մոտ լինել: ՀՀ-ում վերջին 10 տարվա մեջ երևի 3-4 դեպք եղած լինի նման ախտորոշմամբ: Այս ախտորոշման դեպքում մահացությունը շատ բարձր տոկոս է կազմում՝ 80 և ավելի»,- ասաց Ղարիբյանը:

Բժշկի խոսքով՝ բոլոր անհրաժեշտ միջոցառումներն այդ պահին արվել են, որ բուժառուի կյանքը փրկվի, բայց, ցավոք սրտի, բարդությունով պայմանավորված, հիվանդը մահացել է:

Հարցին՝ բուժառուն նախապես տեղյակ եղե՞լ է հնարավոր բարդության մասին, Ղարիբյանն ասաց.

«Ստորագրվում է փաստաթուղթ, որ բոլոր հնարավոր բարդություններին պատրաստ է, դա հատուկ ձևաչափ է, բոլոր հիվանդները վիրահատության գնալուց առաջ ստորագրում են: Բոլոր անհրաժեշտ հետազոտությունները կատարված են եղել, ոչ մի խնդիր չի եղել, նման ախտորոշում նախապես դնել և նոր գնալ վիրահատության՝ անհնար է»:

Նրա խոսքով՝ բուժառուի հարազատները մինչ այս պահը բողոք չեն ներկայացրել:

«Սպասում են դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը: Նրանք բավականին խելացի, գրագետ մարդիկ են, հասկանում են նման դեպքի լրջությունը: Մեր ու հիվանդի հարազատների մեջ չարացած տրամադրություններ չկան, չի եղել նույնիսկ կոնֆլիկտ, որովհետև իրենք հասկանում էին, որ ախտորոշումից է»,- ասաց Ղարիբյանը:

Նրա խոսքով՝ ԱրթՄեդում մահվան տոկոսայնությունն ավելի ցածր է, քան ՀՀ մնացած հիվանդանոցներում:

«Վերջին ժամանակաշրջանում մենք երեք մահվան դեպք չենք ունեցել, ունեցել ենք 2 մահվան դեպք, որը քրեական գործով է գնում, մեկը շատ ծանր օնկովիրահատությունից հետո էր և երկրորդը այս դեպքն է: Այս վիրահատությունը կատարել է մեր պլաստիկ վիրաբույժը՝ բավականին փորձառու երիտասարդ բժիշկ»,- շեշտեց նա:

Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին ողբերգական դեպք էր տեղ ունեցել Երևանում գործող «ԱրթՄեդ» բժշկական կենտրոնում: ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հուլիսի 6-ին կենտրոնում բուժառու է մահացել:

Ինչպես հայտնել էր Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ տեղեկությունը հավաստի է. նշված ԲԿ-ում մահացել է Երևանի բնակիչ 32-ամյա Լիանա Ս.-ն:

 

Читайте на 123ru.net