World News in Armenian

Արցախի ԱԱԾ-ի նախկին աշխատակիցները ՀՀ ԱԱԾ-ում համապատասխան պաշտոններում աշխատելու հնարավորություն կունենան

Ազգային անվտանգության ծառայությունն առաջարկում է իրավական հիմքեր ստեղծել՝ Լեռնային Ղարաբաղի ԱԱԾ նախկին աշխատակիցներին ՀՀ ԱԱԾ-ում համապատասխան պաշտոնների նշանակելու համար:

ԱԺ արտահերթ նիստում նախագիծը ներկայացրեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը։ 

«Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության ծառայության բազմաթիվ աշխատակիցներ ցանկություն են հայտնել ծառայության անցնելու Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու պարագայում։ Ընդ որում, նրանց մի մասը Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության ծառայության համակարգում զբաղեցրել են ավագ կամ գլխավոր խմբի պաշտոններ և ունեցել են սպայական բարձր կոչումներ։

Հետևաբար, վերջիններիս կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելը դեռևս բավարար չի լինի Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում իրենց զբաղեցրած պաշտոններին համապատասխանող պաշտոնների նշանակելու համար»,- ասաց Սիմոնյանը։

Նախագծով առաջարկվում է լրացում կատարել Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին օրենքի 19-րդ հոդվածում՝ սահմանելով, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են ընդունվել և պաշտոնին նշանակվել նաև 2023  թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի ԱԱԾ-ում պաշտոն զբաղեցրած անձինք՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում նրանց ծառայության ժամանակահատվածը, զբաղեցրած պաշտոնը և կոչումը։

«Նշեմ, որ նախագծի համաձայն՝ նշված կարգավորումը գործելու է ժամանակավորապես՝ մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը։ Նախագծի ընդունումը դրական ազդեցություն կունենա ինչպես Հայաստանի Հանրապետության ԱԱԾ-ն նոր կադրերով համալրելու տեսանկյունից, այնպես էլ Հայաստանի Հանրապետություն տեղափոխված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց սոցիալական և աշխատանքային իրավունքների իրացման համատեքստում»,- եզրափակեց Սիմոնյանը։  

Читайте на 123ru.net