World News in Armenian

Պետք է ամեն ինչ անենք, որ կրկին հաղթանակի հասնենք. Էդգար Մովսեսյանը՝ Կալևի դեմ վաղվա խաղի մասին

ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպմանն ընդառաջ «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն և ֆուտբոլիստ Էդգար Մովսեսյանը հանդիպել են լրագրողների հետ:

Հիշեցնենք՝ թիմերի միջև կայացած առաջին խաղում երևանյան ակումբը Մովսեսյանի դուբլի շնորհիվ 2:1 հաշվով կամային հաղթանակ էր տարել:

«Ուրախ եմ, որ գոլերս նպաստեցին մեր հաղթանակին: Պատրաստվում ենք վաղվա կարևոր խաղին և պետք է ամեն ինչ անենք, որպեսզի կրկին հաղթանակի հասնենք: Ինչ վերաբերում է ադապտացիային, ամեն ինչ լավ է, հարմարվել եմ թիմին: Հուսամ՝ մարզավիճակս գնալով ավելի կլավանա ու կկարողանամ օգնել թիմին»,- ասել է Մովսեսյանն ու անդրադարձել նաև «Նոայից» «Ուրարտու» տեղափոխությանը:

«Կարծում եմ՝ սա լավ քայլ էր իմ կարիերայում, քանի որ վերադարձել եմ հարազատ ակումբ: Ճիշտ է՝ «Նոայում» խաղում էի, բայց իմ ցանկացած խաղաժամանակը չէի ստանում: Հուսամ՝ «Ուրարտուում» ինձ լավ կդրսևորեմ և ավելի շատ խաղաժամանակ կստանամ, ինչն այս պահին ինձ համար ամենակարևորն է: Հուսամ ամեն ինչ լավ կդասավորվի և կօգնեմ թիմիս»,- ասել է ֆուտբոլիստը:

Читайте на 123ru.net