World News in Armenian

Հավաքների ժամանակ ոստիկանների կողմից եղել են ուժի գործադրման դեպքեր, որոնք համաչափ չեն եղել. Անահիտ Մանասյան

Հավաքների ժամանակ ոստիկանների կողմից եղել են ուժի գործադրման դեպքեր, որոնք համաչափ չեն եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը:
«Մի շարք դեպքեր նույնիսկ տեսանկարահանման շրջանակներից դուրս են եղել։ Ես չունեմ իմ ձեռքի տակ դրա փաստը, բայց ունեմ մարդկանց կողմից բողոքներ, որոնք փաստում են, որ գործադրված ուժը համաչափ չի եղել։

Ինչ վերաբերում է հատուկ կիրառված միջոցներին, ես էլի եմ ասել, որ սա առանձին քննարկման ենթակա հարց պետք է լինի, մանրամասն վերլուծության ենթարկվի՝ արդյոք հատուկ միջոցների կիրառումը եղել է համաչափության սկզբունքի պահպանմամբ, թե՝ ոչ», - ասաց նա:

Ինչ վերաբերում է ոստիկանության աշխատակիցների պատասխանատվության ենթարկելուն, ՄԻՊ-ը նշեց, որ ցանկացած պետական մարմնի ներկայացուցիչ, այդ թվում՝ ոստիկան, ով ենթադրելի է, որ կարող է կատարել որևէ տեսակի իրավախախտում, բնականաբար, պետք է ենթարկվի պատասխանատվության:

Հարցին՝ դատապարտո՞ւմ եք, որ ՀՀ հպարտ քաղաքացու դեմ լուսաձայնային նռնակ են կիրառում, Մանասյանն ասաց. «Ես քաղաքական գործիչ չեմ, հատուկ միջոցների հետ կապված կասկած եմ տեսել համաչափության պահպանման մասով և դրա համար սկսել ենք ուսումնասիրության ընթացակարգ»:

Մանասյանը նշեց, որ դեռ իրենք էլ չունեն ոստիկանությունից տեղեկություն, թե հունիսի 12-ին Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում ցուցարարների նկատմամբ ի՞նչ տեսակի լուսաձայնային նռնակ է օգտագործվել, և արդյոք կիրառված հատուկ միջոցը եղել է «Զարյա 3» տեսակի:

«Այս փուլում սպասում ենք իրենցից տեղեկատվության», - ասաց Մանասյանը:

Հարցին՝ մի շարք լրատվականներ ուղարկել են հարցում ՆԳՆ՝ ստանալու տեղեկություն, թե ի՞նչ տեսակի լուսաձայնային նռնակ է կիրառվել, և 30 օր սպասեցնելուց հետո էլ չեն պատասխանել, արդյոք չի խախտվել լրատվականների իրավունքները, Մանասյանն ասաց. «Բոլոր այդ լրատվամիջոցների հետ կապ կհաստատեն՝ հասկանալու խնդիրը»:

Նշենք, որ Теrt.am-ը ևս հարցում էր ուղարկել ՆԳՆ և 30 օր սպասեցնելուց հետո ՆԳՆ-ից ստացել պատասխան՝ դիմել ՔԿ, քանի որ գործով վարույթ է նախաձեռնվել:

Читайте на 123ru.net