World News in Armenian

Մեր անձնագրային բաժինը ետ վերադարձրեք. բողոքի ակցիա՝ կառավարության մոտ

Չարենցավանի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի մոտ, պահանջով՝ ետ վերադարձնել քաղաքի անձնագրային բաժինը:

Նրանք պնդում են, որ 40 հազար բնակչություն ունեցող քաղաքի անձնագրայինը տեղափոխելը Հրազդան ոչ միայն անհարամարություններ է պատճառում բնակիչներին, այլ նաև խառնաշփոթ է առաջացնում հենց անձնագրայինում:

«Մեզ այստեղ է բերել ՆԳ նախարար Վահե Ղազարյանի հունվարի 12-ի հրամանը, որով անձնագրային բաժինները օպտիմալացվել և միացվել են իրար: Ամբողջ անձնագրային բաժիններում խառնաշփոթ են: Չարենցավանի բաժինը տեղափոխվել է Հրազդան, որն առաջացրել է 40 հազար բնակչություն ունեցող խոշորացված Չարենցավան համայնքի բնակիչների զայրույթը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակից Գևորգ Հակոբյանը:

Նա նշեց, որ 8,000-ից ավելի ստորագրությամբ նամակ են մուտք արել կառավարություն՝ վարչապետին խնդրելով, որ ետ վերադարձնեն անձնագրային բաժանմունքը, մեկ նամակն էլ հանձնելու են ոստիկանություն:

«Անձնագրայինը Հրազդան տեղափոխելուց հետո 130 հազար բնակչությանը՝ Հրազդանից, Չարենցավանից ու Ծաղկաձորից, սպասարկում է մի փոքրիկ 140 քկմ տարածք: Առավոտը ժամը վեցից գոյանում են հերթեր, ահավոր վիճակ է ստեղծվում, գնալ գալը նույնպես խնդիր է: Հազարավոր քաղաքացիներ խնդիր ունեն անձնագրային և ամեն անգամ Հրազդան հասնելը նաև լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածություն է առաջացնում, մարդիկ ինչի՞ համար պետք է մի քանի անգամ գնան Հրազդան ու ավելորդ բեռի տակ ընկնեն»,- նշեց Գևորգյանը:

Читайте на 123ru.net