Այսօր կհրապարակվեն բուհական ընդունելության ցուցակները. տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը՝ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ:
Նիստին մասնակցել են նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Բարձրագույն կրթության և գիտության նախագահ Սարգիս Հայոցյանը, Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արմեն Փաշայանը, տեղակալ Կարո Նասիբյանը, բուհերի ռեկտորներ։
Հաստատելով օրակարգը` ընդունող հանձնաժողովը քննարկել է ՀՀ բուհերի՝ 2023-2024 ուստարվա՝ ըստ մասնագիտությունների առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության հիմնական փուլի նախնական, այդ թվում՝ օրենքով սահմանված արտոնություններ ունեցող դիմորդների արդյունքները:
Ընդունելության հիմնական փուլի նախնական արդյունքները ներկայացրել է Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արմեն Փաշայանը՝ հայտնելով, որ ԳԹԿ-ն ընդունելության քննությունների արդյունքները կհրապարակի հուլիսի 18-ին:
Ինչպես հայտնի է, 2023/2024 ուստարվա դիմորդները հնարավորություն են ունեցել ընդունելության միասնական քննություններ հանձնել 2 անգամ՝ համաձայն ՀՀ կառավարության 597-Ն որոշմամբ սահմանված կարգի: Ըստ այդմ` միասնական քննությունների առաջին փուլը կազմակերպվել է հունվարին, իսկ երկրորդ փուլի քննություններն անցկացվել են հունիս, հուլիս ամիսներին:
Արմեն Փաշայանը տեղեկատվություն է ներկայացրել բուհերին հատկացված պետական պատվերով և վճարովի տեղերի համալրման վերաբերյալ՝ նշելով, որ թափուր են մնացել ավելի քան 6300 վճարովի և 271 պետական պատվերով տեղեր: Ընդհանուր տվյալներին ծանոթանալով՝ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ թափուր մնացած տեղերի պատկերը մտահոգիչ է:
«Անընդունելի է, որ տարիներ շարունակ արձանագրվում է թափուր տեղերի մեծ քանակ: Դա նշանակում է՝ տեղերի պլանավորումը և բաշխումը ի սկզբանե ճիշտ չեն արվում: Կարծում եմ՝ պետությունն այս առումով պետք է տեղերի պլանավորման մոտեցումները փոխի: Բուհերը, աշխատելով Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հետ, պետք տեղերի նպատակային և իրատեսական պլանավորում կատարեն՝ հատկապես վճարովի տեղերի ճիշտ բաշխման մասով»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ իրատեսական պլանավորումը շահեկան է նաև բուհերի համար:
Ընդունող հանձնաժողովի նիստում քննարկվել է նաև թափուր տեղերի մրցույթի կազմակերպման հարցը: ԳԹԿ տնօրենի տեղեկացմամբ՝ 444 դիմորդներ չեն հայտագրել բուհը և մասնագիտությունը, հետևաբար նրանք մրցույթին չեն մասնակցել. ըստ կարգի՝ երկրորդ փուլի հայտագրման ժամանակ դիմորդը պետք է նշեր բուհը և մասնագիտությունը:
Հանրապետական ընդունող հանձնաժողովը քննարկել է թափուր տեղերի մրցույթի կազմակերպման հարցը, որի մասին պաշտոնական հայտարությունը նախատեսվում է հրապարակել սահմանված ժամկետներում: Թափուր տեղերի մրցույթին կարող են մասնակցել դրական միավորներ ունեցող դիմորդները:
Նիստին քննարկվել են նաև ազգային փոքրամասնություններին տրվող արտոնյալ նպատակային տեղերի բաշխման, ինչպես նաև արվեստի, ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի ոլորտներում բուհերին հատկացված տեղերի վերաբաշխման հարցերը:
Նիստում անդրադարձ է կատարվել նաև մի շարք ընթացիկ հարցերի:
The post Այսօր կհրապարակվեն բուհական ընդունելության ցուցակները. տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.