World News in Armenian

Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպման տապալումն ուղիղ կապվածություն ունի երկրների միջև կանոնակարգերի շուրջ համաձայնության ձախողման հետ․ Տիգրան Աբրահամյան

Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպման տապալումն ուղիղ կապվածություն ունի հուլիսի 1-ին նախատեսված երկու երկրների միջև կանոնակարգերի շուրջ համաձայնության ձախողմանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Նվազագույնը 3 խնդիր կա, որոնք կա´մ առանձին, կա´մ 3-ը միասին ազդել են երկկողմ օրակարգի ձևավորման և դրա հիման վրա հանդիպման կազմակերպելու վրա:

Առաջինը, ինչպես նշեցի, սահմանազատման հետ կապված խնդիրներն են, իսկ ավելի կոնկրետ` այն քայլերի հաջորդականությունն ու մոտեցումները, որոնք մինչև այս պահը չեն համաձայնեցվել, չնայած կար նախապես սահմանված ժամկետ:

Երկրորդ, Ադրբեջանի` վերջին շրջանում ակտիվ առաջ տարվող ՀՀ սահմանադրության փոփոխության հարցը, որի վերաբերյալ ՀՀ իշխանությունը նշում է, որ փոփոխության անհրաժեշտություն տեսնում է, սակայն փորձում է ցույց տալ, թե դա ադրբեջանական պահանջով չէ:

Երրորդ, տարածաշրջանային կոմունիկացիաների թեման շարունակում է օրակարգում մնալ, իսկ դրա` տարբեր սցենարներով հանգուցալուծման հարցը, ոչ միայն ռեգիոնալ, այլ աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների ուշադրության և ուղիղ միջամտության դաշտում է:

Չնայած այս գործոններին, չի բացառվում, որ մոտ ապագայում երկկողմ հանդիպում, այնուամենայնիվ, կկայանա, որովհետև ՀՀ իշխանությունը բազմաթիվ նման իրավիճակներում ոչ միայն ընկրկել է, այլ դիրքորոշումների առումով` գնացել լուրջ նահանջների», - գրել է նա։

Читайте на 123ru.net