World News in Armenian

Գերմանիայի և Նիդեռլանդների հիվանդանոցները հետաձգել են վիրահատությունները` ՏՏ ոլորտում զանգվածային խափանման պատճառով

Գերմանիայի և Նիդեռլանդների հիվանդանոցները հետաձգել են վիրահատությունները ՏՏ ոլորտում զանգվածային խափանման պատճառով, գրում է գերմանական Bild թերթը:

Նիդեռլանդների հյուսիսում գտնվող կլինիկաներում համակարգիչները չեն աշխատում, ուստի վիրահատությունները հետաձգվում են, իսկ կլինիկաները հրաժարվում են անոր այցեր գրանցել, հավելում է Telegraaf թերթը։

Նույն խնդիրը հյուսիսային Գերմանիայում է: Շլեզվիգ-Հոլշտայնի համալսարանական հիվանդանոցը հայտարարել է, որ չեղարկում է բոլոր պլանավորված վիրահատությունները Քիլում և Լյուբեկում։

Ինչպես ավելի վաղ գրել էր Tert.am-ը, ամբողջ աշխարհում ավիաընկերությունների, ԶԼՄ-ների, բանկերի աշխատանքում համատարած խափանումներ են. պատճառը Windows-ի անսարքությունն է:

ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ավստրալիայի և այլ երկրների ավիաընկերությունների աշխատանքում գլոբալ խափանումներ են տեղի ունեցել, ինչը պայմանավորված է Windows օպերացիոն համակարգի անսարքությամբ, հայտնում են Reuters-ը, Forbes-ը, The Economic Times-ը և CNN-ը:

Մասնավորապես, ամերիկյան խոշորագույն ավիաընկերությունները՝ American Airlines-ը, United Airlines-ը, Delta Airlines-ը և Frontier Airlines-ը, արդեն հայտարարել են խափանման պատճառով թռիչքների դադարեցման մասին։

Թուրքիայի խոշորագույն ավիաընկերությունը՝ Turkish Airlines-ը, նույնպես հայտնել է գլոբալ խափանման  մասին, որը խնդիրներ է առաջացրել տոմսերի ամրագրման և գրանցման հետ կապված:

Նույն իրավիճակն է Հնդկաստանի  և Գերմանիայի մի շարք օդանավակայաններում:

Նշվում է, որ Իսպանիայի բոլոր օդանավակայաններում տեղի է ունեցել «համակարգչային համակարգերի հետ կապված միջադեպ»:

Մեծ Բրիտանիայի մի քանի օդանավակայաններ նույնպես ստիպված են եղել դադարեցնել թռիչքները։

Նշվում է, որ խափանում են առաջացել նաև տարբեր երկրների բանկերի և հեռուստաալիքների, այդ թվում՝ բրիտանական Sky News հեռուստալիքի աշխատանքում:

Բոլոր Windows համակարգիչները, որոնց վրա տեղադրված է CrowdStrike ծրագիրը, չեն աշխատում։ Երևում են միայն կապույտ էկրաններ: Սարքերը և սերվերները, որոնց վրա այն տեղադրված է, «անջատվում են ցանցից և անցնում անվերջ վերագործարկման փուլ»:

Microsoft-ը հայտնել է, որ Windows համակարգի լայնածավալ խափանումը փորձում են վերացնել, ծառայությունները վերականգնվում են:

 

Читайте на 123ru.net