World News in Armenian

Եղվարդում ինքնաթիռի վթարման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Եղվարդում ինքնաթիռի վթարման և երկու անձի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 539-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«Քննիչները դեպքի վայրում են, կատարվում են առաջնային ու անհետաձգելի քննչական, այլ վարութային գործողություններ։ Քննության որոշակի փուլում, հնարավորինս օպերատիվ, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն», - գրել է նա։

Հիշեցնենք, որ այսօր Եղվարդի մոտակայքում՝ «Լճեր» կոչվող տարածքի մոտ, կործանվել է ՊՆ-ին պատկանող ուսումնամարզական Յակ-52 ինքնաթիռ, ինչի հետևանքով կա 2 զոհ: Ինքնաթիռի կործանման մասին ահազանգը ՀՀ ՆԳՆ-ն ստացել է Ժամը 09։30-ին։

ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանն ավելի վաղ Tert.am-ին հայտնել էր, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ թիվ 46 ՀՓՋ-ից և ՀՆՓԱԻԿ-ից մեկական մարտական հաշվարկ, ՃԿԱԿ-ի, ՄՓՎ-ի և ՀՓՋ-ի օպերատիվ խմբերը։

Դեպքի վայրում աշխատանքը համակարգում է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի պարտականությունները ժամանակավոր կատարող, փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանը։

Читайте на 123ru.net