World News in Armenian

Գյումրիում մեկնարկել է Ֆիզիկական սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց շախմատի աշխարհի 23-րդ անհատական առաջնությունը

Գյումրիում մեկնարկել է Ֆիզիկական սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց շախմատի աշխարհի 23-րդ անհատական առաջնությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, առաջնության շրջանակում Գյումրին հյուրընկալում է աշխարհի 14 երկրի՝ Հայաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Գերմանիայի, Լեհաստանի, Խորվաթիայի, Հնդկաստանի, Ղազախստանի, Չեխիայի, Ղրղզստանի, Անգոլայի, Ֆիլիպինների, Իսրայելի, Բելառուսի և Ռուսաստանի 52 շախմատիստի։ 

Առաջնության բացումը տեղի է ունեցել «Սև բերդ» ամրոցում։ Բացմանը ներկա են եղել մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, գրոսմայստեր, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը, այլ հյուրեր։

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի անունից փոխմարզպետ Աննա Մարտիկյանը ողջունել է ներկաներին, բարի երթ և հաջող ընթացք մաղթել առաջնությանը.«Շուրջ 2000 տարի առաջ Հնդկաստանում շախմատը ձևավորվեց՝ պատկերելով հնդկական զորքի դասավորությունը։ Ցանկանում եմ, որ աշխարհում բոլոր մարտական գործողությունները կատարվեն միայն շախմատի տախտակին։ Օգտվելով առիթից՝ բոլոր ներկաներին ուզում եմ շնորհավորել հուլիսի 20-ի՝ Շախմատի միջազգային օրվա առթիվ»։

Առաջնությունը տևելու է մինչև հուլիսի 28-ը։ 

 

Читайте на 123ru.net