World News in Armenian

Հարավային Կորեայի նախագահի կնոջը 12 ժամ հարցաքննել են նվեր ստացած պայուսակի պատճառով

Հարավային Կորեայում դատախազները շուրջ 12 ժամ դեմ առ դեմ ձևաչափով հարցաքննել են երկրի նախագահ Յուն Սուկ Յոլի կնոջը՝ Կիմ Կեոն Հիին. պատճառը մեղադրանքներն են առ այն, որ առաջին տիկինը Christian Dior թանկարժեք պայուսակ և այլ շքեղ նվերներ է ստացել «բարեհաճության» դիմաց, և որ նա ներգրավված է եղել արժեթղթերի հետ կապված մանիպուլյացիայի գործին: Այս մասին գրում է bloomberg.com-ը:

Սեուլի կենտրոնական շրջանի դատախազությունը հուլիսի 21-ին հայտարարել է, որ տիկին Կիմ Կեոն Հին հարցաքննվել է մոտ 12 ժամ՝ հուլիսի 20-ի ժամը 13:30-ից մինչև հուլիսի 21-ի ժամը 1:20-ը: Սկանդալը վերաբերում է այն մեղադրանքներին, որ տիկին Կիմը 2022 թվականի սեպտեմբերին ծագումով կորեացի, սակայն ԱՄՆ-ում բնակվող ոմն Չոյ Ջե Յանգից ապօրինաբար ստացել է Dior-ի պայուսակ՝ մոտ 3 միլիոն վոն (2900 դոլար) արժողությամբ և այլ թանկարժեք նվերներ ՝ իբր բարեհաճության դիմաց:

Տիկին Կիմի օգնականը հուլիսի սկզբին հարցաքննության ժամանակ խոստովանել էր, որ առաջին տիկինը ստացել է ձեռքի պայուսակը, բայց պնդել է, որ նա հրամայել էր հենց նույն օրն այն վերադարձել ուղարկողին:

Այնուամենայնիվ, օգնականը նշել է, որ մոռացել է պայուսակը վերադարձնել բազմաթիվ այլ գործերի պատճառով, և այդ ժամանակից ձեռքի պայուսակը մնացել է չօգտագործված և պահվել նախագահական գրասենյակում՝ ընդգծելով, որ պայուսակն օգտագործելու մտադրություն չի եղել:

Բացի այդ, առաջին տիկինը նաև մեղադրվում է 2009-ից 2012 թվականներին BMW-ի դիլեր Deutsch Motors-ի արժեթղթերի գները մանիպուլացնելու գործով: Նշվում է, որ նա, իբր, դավադրություն է կազմակերպել Deutsch Motors-ի նախագահ Կվոն Օհ-Սուի և թրեյդեր Լի Ջոնգ Հոյի հետ:





Читайте на 123ru.net