World News in Armenian

Կարմիր խաչի աշխատակիցները Բաքվում այցելել են օկուպացված Արցախի նախկին ղեկավարներին

Հուլիսին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները կրկին այցելել են օկուպացված Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներին, որոնք ապօրինաբար պահվում են Բաքվում: Այս մասին հայտնել է ԿԽՄԿ Բաքվի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։

Վերջինիս խոսքով՝ նրանց հետ անհատական հանդիպումներ են անցկացվել, պայմաններ են ստեղծվել իրենց ընտանիքների հետ շփվելու համար։

Այցելությունների ընթացքում ԿԽՄԿ-ն գնահատում է կալանավորների նկատմամբ վերաբերմունքը, նրանց պահման պայմանները և հնարավորություն է ստեղծում վերականգնելու կամ շարունակելու կապը նրանց ընտանիքների հետ։

Նախորդ ամիս հաղորդվել էր, որ օկուպացված Արցախի Հանրապետության նախկին իշխանությունների դեմ քրեական գործերը շուտով կփոխանցվեն դատարան։ Այս մասին օկուպացված Ստեփանակերտում ասել էր Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը։

Նրա խոսքով՝ 15  մարդու վերաբերյալ քննչական գործողություններն արդեն ավարտված են:

«Նրանց բոլոր իրավունքներն ապահովված են ներքին օրենսդրության և միջազգային կոնվենցիաներին համապատասխան, նրանք ապահովված են փաստաբաններով և թարգմանիչներով: Այս պահին մեղադրյալները, փաստաբանները և տուժողները ծանոթանում են քրեական գործի նյութերին։ Ծանոթացման փուլն ավարտելուց հետո մեղադրական եզրակացությունը կներկայացվի դատարան»,- ասել է Ադրբեջանի գլխավոր դատախազը։

Նշենք, որ օկուպացված Արցախի նախկին ղեկավարների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, ինչպես նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի, Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, Արցախի Պաշտպանության բանակի գեներալներ Լևոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի կալանքը երկարացվել էր ևս 4 ամսով։

Читайте на 123ru.net