World News in Armenian

Պահպանելով հրդեհային անվտանգության կանոնները՝ կօգնեք հրշեջներին. ՆԳՆ փրկարար ծառայություն (տեսանյութ)

ՆԳՆ փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ հունիսի 1-ից սեպտեմբերի 30-ը հանրապետության տարածքում համարվում է հրդեհավտանգ ժամանակաշրջան:

«Կարևոր է այդ ընթացքում հատուկ ուշադրություն դարձնել հրդեհների կանխարգելմանը և բնակչության շրջանում բացատրական աշխատանքներին:

Անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհներից խուսափելու համար արգելվում է`

1) չնախատեսված տեղերում վառել խարույկ,
2) նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ,
3) վառելիքով լիցքավորված ավտոմեքենաների շրջակայքում ծխել և օգտվել բաց կրակից,
4) այրել չոր խոտ կամ խոզան,
5) արևով լուսավորվող բացատներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել ճառագայթները՝ վերածվելով հրկիզող ոսպնյակների:

Հարգելի՛ քաղաքացիներ, հրդեհի փոքր օջախի հայտնաբերման դեպքում փորձեք հանգցնել այն՝ օգտագործելով կրակմարիչներ, բահեր կամ ծառերի ճյուղերի կապուկ, թաց հագուստ, ամուր կտոր:

Պետք է համոզվել, որ կրակը մարվել է, և կրկին բորբոքման սպառնալիք չկա:

Պահպանելով հրդեհային անվտանգության կանոնները՝ կօգնեք հրշեջներին՝ գիտակցելով, որ չնայած նրանց 24-ժամյա անձնվիրաբար ծառայությանը, անտառն ամբողջությամբ և մշտապես ուշադրության կենտրոնում պահելն անհնար է:

Որպես հիշեցում. Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենքը սահմանում է՝
հրկիզման կամ կրակի հետ անփույթ վարվելու հետևանքով անտառներում ծառերը, թփերը, մշակաբույսերը ոչնչացնելը կամ վնասելն առաջացնում է նվազագույն աշխատավարձի մինչև հարյուրհիսնապատիկի (150 000 դրամ) չափով տուգանք:

Խոզանները, բուսական մնացորդներն ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը, գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային և բնության հատուկ պահպանվող հողերում այրելը՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից (50 000 դրամ) երեքհարույրապատիկի (300 000 դրամ) չափով։

Հարգելի՛ քաղաքացիներ, եթե նկատում եք հրդեհ, անմիջապես զանգահարեք 911»։

Читайте на 123ru.net