World News in Armenian

«Արտանիշ-9» հնավայրում հայտնաբերվել է Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակի առաջին կեսին թվագրվող դամբարանադաշտ

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ և Արտանիշ բնակավայրերի միջակայքում գտնվող «Արտանիշ-9» հնավայրում շարունակված հնագիտական պեղումները, որոնք ընթացել են 2024 թվականի հուլիսից, հետաքրքիր ու նոր բացահայտումներ են տվել՝ լրացնելով ու հարստացնելով 2020-2023 թվականներին  իրականացված պեղումների արդյունքները։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց հնագիտական արշավախմբի անդամ, հնագետ Հասմիկ  Սիմոնյանը, պեղումներն իրականացվել են ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի արշավախմբի կողմից՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հալեի Մարտին Լյութերի անվան համալսարանի հետ համատեղ՝ Արսեն Բոբոխյանի եւ Ռենե Կունցեի համաղեկավարությամբ։  

Պեղումները և իրականացված գեոֆիզիկական աշխատանքները տվել են չափազանց կարևոր արդյունքներ ու տեղեկություններ Սևանա լճի հյուսիսարևելյան ափին՝ Արտանիշի թերակղզում, մեզանից շուրջ 5 հազար տարի առաջ հիմնադրված ու շուրջ երկու դար գործող բնակավայրի մասին։ Հնավայրում բացվել է վաղ բրոնզեդարյան բնակատեղի և դամբարանադաշտ, որը թվագրվում է Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակի առաջին կեսով:  

«Սեւանա լճի հյուսիսային եւ հյուսիսարևելյան ափի հնագիտական հուշարձանները բավականին քիչ են ուսումնասիրված, ու այս առումով մեր արշավախմբի բացահայտումները չափազանց կարևոր արժեք ու նշանակություն են ձեռք բերում։ Մեր արշավախումբը 2015 թվականին հետախուզական աշխատանքներ իրականացրեց այս բլրի տարածքում՝ հայտնաբերելով չափազանց կարեւոր ու հարուստ հնագիտական նյութեր պարունակող «Արտանիշ 9» հնավայրը, որի պեղումները սկսեցինք 2020 թվականից։ Ինչպես նախորդ, այնպես էլ այս տարվա ընթացքում կատարված պեղումները տվել են հիանալի արդյունքներ։ Պետք է շեշտել, որ  սա առայժմ Սևանա լճի հյուսիսարևելյան ափին պեղված միակ հնավայրն է, որը պատկանում է կուրարաքսյան մշակույթի վերջին փուլին, որը թվագրվում է Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակով։ Պեղումները փաստում  են, որ բնակավայրի կացարաններն ունեցել են կլոր հատակագիծ, քարե հիմք և կավածեփ հատակներ: Կացարաններից մեկի կենտրոնում բացվել է նաև կավաշեն օջախ: Բավականին լավ են մնացել պատերը, որոնց պահպանված բարձրությունը հասնում է մինչեւ 1 մետրի:  Ձեռք բերված տվյալները փաստում են, որ սկզբից բնակեցվել է բլրի արևմտյան հատվածը, հետո այն աստիճանաբար ընդարձակվել ու հասել է մինչև արևելյան հատված։ Բնակավայրը գործել է Քրիստոսից առաջ  28-26-րդ դարերում, որից հետո այն լքվել է։ Մեր կարծիքն այդպիսին է առայժմ, քանի որ այստեղ դեռ չենք հայտնաբերել կրակի, ավերածությունների կամ թշնամական հարձակումների հետքեր։ Իսկ բնակավայրի լքվելուց հետո այստեղ հաստատված վաղ միջինբրոնզեդարյան մշակույթի կրողները տարածքն օգտագործել են թաղումների համար։ Նախորդ տարվա պեղումների ժամանակ կացարաններից  մեկի  պատի վնասման արդյունքում մարդկային թաղման դեպքի էինք հանդիպել, ու մեզ պետք էր պարզել՝ արդյո՞ք այս դեպքում գործ ունենք բազմաշերտ մշակութային հուշարձանի հետ, թե՞ պարզապես կուրարաքսյան մշակույթը կրող հասարակության սովորության հետ ենք առնչվում, երբ թաղումներն իրականացվում էին տան հատակի տակ: Իսկ այս տարվա պեղումներով հաստատվեց արդեն, որ այդ թաղումները պատկանում են մեր թվարկության 13-14-րդ դարերին՝ մոնղոլական տիրապետության ժամանակաշրջանին, և մարդիկ թաղվել են աջ կողքի վրա։  Նույն դարաշրջանի մի քանի թաղումներ  կան նաև հնավայրի կենտրոնական հատվածում, միջին բրոնզեդարյան դամբարանին մոտիկ։ Ասել է, թե այս հին բնակատեղին, բնակիչների կողմից լքվելուց հետո, տարածքին մոտիկ ապրող ու բոլորովին այլ մշակույթ կրող  մարդիկ օգտագործել են թաղումների նպատակով»,-ներկայացրեց Հասմիկ Սիմոնյանը։ 

Արշավախմբի կողմից բացվել է նաև միջինբրոնզեդարյան դամբարանը, որտեղից դուրս է բերվել լավ պահպանված մարդկային 3 կմախք՝ ընտանի կենդանիների ոսկորների հետ միասին։ Ընդ որում, ընտանի կենդանիների կմախքները դրված են եղել մարդկանց կմախքների տակ։ Դամբարանում գտնվել է նաև կավե 2 սափոր։ Դամբարանի քարային զրահն ունեցել է 17 մետր տրամագիծ։ 

«Հայտնաբերվել է մարդաբանական հարուստ նյութ, որի ուսումնասիրությունը բազմաթիվ հարցերի պատասխաններ կարող է տալ տարածքում բնակված մարդկանց հավատալիքների, սովորույթների, զբաղվածության, մարդաբանական կառուցվածքի, սեռի, տարիքի, կրած հիվանդությունների, այլ հետաքրքրությունների մասին։ Հայտնաբերված նյութերն ուղարկվում են լաբորատոր հետազոտության՝ լրացնելով ու հարստացնելով այս հուշարձանի պատմությունն ու ժամանակագրությունը»,-հավելեց Հասմիկ Սիմոնյանը։ 

 

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում։

Читайте на 123ru.net