World News in Armenian

ՆԳՆ-ն, Քննչական կոմիտեն շարունակում են գաղտնի պահել՝ արդյոք «Զարյա 3» է օգտագործվել հունիսի 12-ին, փոխարենը որոշումներ են սրբագրում ու պարզաբանում

Հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ հատուկ միջոց՝ լուսաձայնային նռնակներ կիրառվեցին ցուցարարների դեմ: Մինչ օրս դեռևս պատշաճ տեղեկություն չի հաղորդվում, թե հատկապես ի՞նչ տեսակի նռնակներ են կիրառվել:

Tert.am-ը գրավոր հարցումով դիմել էր ՆԳ նախարար Վահե Ղազարյանին՝ տրամադրելու տեղեկություն արդյոք կիրառվել է «Զարյա 3» արգելված միջոցը: Սակայն նախարարությունից նշել էին, որ տեղեկությունը պարզելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ ուսումնասիրություն և կպատասխանեն 30-օրյա ժամկետում, իսկ դրանից հետո պատասխանել էին, որ դիմենք Քննչական կոմիտե, քանի որ դեպքերի առնչությամբ նախաձեռնվել են քրեական վարույթներ:

Այսօր արդեն Tert.am-ը ստացել է Քննչական կոմիտեի պատասխանը, որտեղ էլի նշված չէ՝ ի վերջո ի՞նչ հատուկ միջոց է կիրառվել ցուցարարների դեմ հունիսի 12-ին:

Քննչականից Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան նշել են, որ հունիսի 12-ի դեպքերի առնչությամբ հարուցվել է 2 քրեական վարույթ, որոնք միացվել են մեկ վարույթում:

Հիշյալ քրեական վարույթով հանրային քրեական հետապնդում հարուցվել է 17 անձի նկատմամբ: Հատկանշական է, որ Քննչական կոմիտեի հիշատակած 17 անձինք էլ ցուցարարներ են:

Քննչականից հայտնել են նաև, որ 2024թ. հունիսի 14-ին ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնվել է մեկ այլ քրեական վարույթ՝ 2024 թ. հունիսի 12-ին Երևան քաղաքի Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ Ոստիկանության ծառայողների կողմից ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների, այդ թվում՝ լուսաձայնային նռնակների գործադրման արդյունքում բազմաթիվ քաղաքացիներ մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ:

Քննչական կոմիտեի տված պատասխանից հասկանում ենք, որ թեև քրեական վարույթով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և վարույթային գործողություններ՝ դեպքի և հատուկ միջոցների բնույթի և կիրառման իրավաչափման հանգամանքները պարզելու ուղղությամբ, սակայն նշված քրեական վարույթով ներկա փուլում քրեական հետապնդում որևէ անձի նկատմամբ հարուցված չէ:

«Նկատի ունենալով, որ նախաքննությունը գտնվում է ակտիվ փուլում՝ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով ներկայում այլ տեղեկատվություն չի տրամադրվում»,- ասել են Քննչական կոմիտեից:

Հատկանշական է, որ իրավապահ մարմինները չեն հերքում, որ կիրառվել է «Զարյա 3» տեսակի լուսաձայնային նռնակ, իսկ այդ ընթացքում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հունիսի 12-ի դեպքերից հետո հունիսի 26-ին նոր որոշում է ընդունել՝ կարգավորելով մինչ այս արգելված «Զայրա 3» տեսակի լուսաձայնային նռնակների կիրառման կանոները հավաքների ժամանակ՝ այդպիսով թույլատրելի դարձնելով այն:

«Ձեռքի անբեկոր լուսաձայնային նռնակ «Զարյա-3»-ի կիրառման թույլատրելի չափանիշներն են` քաշը 0,180 կիլոգրամից ոչ ավելի, գործարկումը միայն բաց տեղանքում` մարդուց նվազագույնը 2․5 մետր հեռավորության վրա»,- այսպես է նոր փոփխությամբ կիրառման կարգը:

Ուշագրավ է նաև, որ արդեն հուլիսի 12-ին Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն է փոփոխություններ կատարել այս տարի մայիսի 16-ին ընդունված ՀՀ ՆԳՆ-ի կողմից գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկը հաստատելու մասին ՆԳ նախարարի թիվ 48-Լ հրամանի մեջ ու ՀՀ ՆԳՆ-ում հատուկ միջոցների առկայության, դրանց տեսակի ու քանակի մասին տեղեկությունը դարձրել գաղտնի:

Tert.am-ը ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանից խնդրեց պարզաբանել՝ ինչո՞վ է պայմանավորված այս փոփոխությունը:

Սարգսյանի խոսքով՝ հրամանը ստորագրվել է «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ վարչապետի որոշման պահանջներին համապատասխան:

Նա նշեց, որ ՀՀ ներքին գործերի նախարարի 2024 թվականի հուլիսի 12-ի N 55-Լ հրամանը, օրենքով նախատեսված ժամկետում, ստորագրվել է բացառապես «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և ՀՀ վարչապետի 16․06․2023 թվականի 647-Ա որոշման 23-րդ կետերի պահանջներին համապատասխան։

«ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումներում հատուկ միջոցների առկայության, դրանց կիրառման պայմանների, ինչպես նաև քանակի մասին տվյալներն ընդգրկված են եղել ՀՀ ոստիկանության պետի 2020 թվականի հոկտեմբերի 27-ի N 11-Ն հրամանով (ուժը կորցրած է ճանաչվել 21․05․2024թ․) հաստատված ցանկի 50-րդ կետով։ ՆԳ նախարարի 2024 թվականի հուլիսի 12-ի N 55-Լ և 2024 թվականի մայիսի 16-ի N 48-Լ հրամանները հրապարակված են ՆԳ նախարարության պաշտոնական կայքում»,- ասաց նա:

Читайте на 123ru.net