World News in Armenian

Ավելի քան 1.3 միլիոն դոլար՝ Անգլիայի ազգային բալետի «Ժիզելի» «պատմական» հյուրախաղերի և բալետային փառատոնի համար

Անգլիայի ազգային բալետի երևանյան հյուրախաղերի և «Երևանի բալետային փառատոն-2024»-ի կազմակերպման համար Երևանի քաղաքապետարանի կողմից ծախսվել է ավելի քան 1.3 միլիոն դոլար կամ 514 միլիոն ՀՀ դրամ:  Հիշեցնենք, որ մայիսի առաջին տասնօրյակում Երևանում հյուրախաղերով հանդես եկավ Անգլիայի ազգային բալետը՝ Ակրամ Խանի «Ժիզել» բալետային ներկայացմամբ: Ներկայացումները կայացան մայիսի 10-ին և 11-ին՝ Երևանի Ա․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի […]

The post Ավելի քան 1.3 միլիոն դոլար՝ Անգլիայի ազգային բալետի «Ժիզելի» «պատմական» հյուրախաղերի և բալետային փառատոնի համար first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Անգլիայի ազգային բալետի երևանյան հյուրախաղերի և «Երևանի բալետային փառատոն-2024»-ի կազմակերպման համար Երևանի քաղաքապետարանի կողմից ծախսվել է ավելի քան 1.3 միլիոն դոլար կամ 514 միլիոն ՀՀ դրամ: 

Հիշեցնենք, որ մայիսի առաջին տասնօրյակում Երևանում հյուրախաղերով հանդես եկավ Անգլիայի ազգային բալետը՝ Ակրամ Խանի «Ժիզել» բալետային ներկայացմամբ: Ներկայացումները կայացան մայիսի 10-ին և 11-ին՝ Երևանի Ա․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այս իրադարձությունը համարել է մշակութային կարևոր և պատմական: «Երևանը պետք է շնչի մշակույթի ոգով՝ դառնալով մշակույթի և արվեստների քաղաք»,- գրել է նա իր Ֆեյսբուքի էջում։

Երևանի քաղաքապետարանը ի պատասխան «Մեդիալաբի» հարցման՝ ավելի քան երեք ամիս անց է պատասխանել, թե որքան է արժեցել այս «պատմական հրավերը» հարկատուների գրպանի վրա: 

Տեղեկացնենք, որ Ակրամ Խանի «Ժիզելը» համարվում է աշխարհում ամենահաջողված և միջազգային հռչակ ունեցող ներկայացումներից մեկը, որն առաջին անգամ ցուցադրվել է 2016 թվականի սեպտեմբերին՝ Մանչեսթրում և արագորեն հայտնվել միջազգային փառատոների և թատրոնների ուշադրության կենտրոնում:

Տոմսերի գները տարբեր երկրներում տարբեր են։ Օրինակ՝ Լոնդոնում տոմսերը սկսվում են մոտ 15 ֆունտից (մոտ 7300 դրամ)​ (SadlersWells)​։ Սակայն Երևանի ներկայացումների համար տոմսերի գները տատանվում էին 35-90 հազար դրամի սահմաններում, ինչը զգալիորեն բարձր է, քան Լոնդոնում ցուցադրված նույն ներկայացման տոմսերի արժեքը​ (London Box Office)​։ Սակայն, բարձր գների պատճառները այս դեպքում տարբեր են. 

«Հատուկ ներկայացման համար օդային, ծովային և ցամաքային ճանապարհով շուրջ 25 տոննա ռեկվիզիտներ, դեկորացիաներ, լուսաձայնային տեխնիկական միջոցներ են բերվել Երևան: Հյուրախաղերին ընդառաջ թատրոնում նաև վերանորոգման, վերազինման և հատուկ կահավորման լայնածավալ աշխատանքներ էին»,- տեղեկացրել էր Երևանի քաղաքապետարանը:

«Ժիզելը» ցուցադրվել է աշխարհի տարբեր երկրներում, իսկ տոմսերը սպառվել են ներկայացումից ամիսներ առաջ: Սակայն Հայաստանում ներկայացումից մեկ օր առաջ տոմսերի գերակշիռ մասը դեռևս սպառված չէր, ինչը վկայում է, որ միջոցառման կազմակերպչական մասը, մեղմ ասած, ձախողվել է՝ կրկին հանրային միջոցները ոչ նպատակային ծախսելը: 

Ներկայացումից մեկ օր առաջ «Ժիզելի» տոմսերի 80 և ավելի տոկոսը օնլայն հարթակում դեռևս վաճառված չէր, ինչը խոսում է այն մասին, որ կազմակերպիչների նպատակը, ինչպես իրենք էին հայտարարում, ոչ թե հանրության համար բարձր արվեստը հասանելի դարձնելն էր, այլ զուտ հնչեղ անուններով փիար ապահովելը: 

«Անգլիայի ազգային բալետի երևանյան հյուրախաղերի կազմակերպումը վերապահվել է «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ին, որի հետ կնքվել է դրամաշնորհի հատկացման պայմանագիր: Պայմանագրով նախատեսվել է, որ տոմսերի վաճառքի հետ կապված բոլոր հարցերը (վաճառքի գին, քանակ և այլն) կարգավորվում են իրականացնող կազմակերպության կողմից: Տոմսերի արժեքը սահմանվել է՝ հաշվի առնելով ծրագրի մասշտաբայնությունը, մասնագիտական և սոցիալական տարբեր խմբերին հրավիրատոմսեր հատկացնելու անհրաժեշտությունը, ինչպես նաև տոմսերի վաճառքից գոյացած հասույթը Թումանյանի անվան այգում ս.թ. հունիսի 2-5-ը կայացած «Երևանի բալետային փառատոն-2024» ծրագրի իրականացման ծախսերը հոգալու և շուրջ 40000 հանդիսատեսի համար Սանկտ Պետերբուրգի, Թբիլիսիի և Երևանի բալետային թատերախմբերի ներկայացումները անվճար կազմակերպելու նպատակով»,- նշված է «Մեդիալաբին» ուղղված պատասխանում: 

Չսպառված տոմսերը ներկայացման օրերին անվճար բաժանվել են տարբեր կառույցների՝ կիսադատարկ դահլիճում աշխարհահռչակ ներկայացումը չանցկացնելու համար: 

«Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ Անգլիայի ազգային բալետի երևանյան հյուրախաղերի շրջանակներում կայացած Ակրամ Խանի «Ժիզել» բալետային ներկայացման երեք ցուցադրությունների համար վաճառվել է ընդամենը 1920 տոմս, որը կազմում է ընդհանուր տոմսերի 60%-ը: Մնացած տոմսերի խումբը հրավիրատոմսերի տեսքով տրամադրվել է մասնագիտական, կրթական և սոցիալական ուղղվածության մի շարք կազմակերպությունների՝ Պարարվեստի պետական քոլեջ, Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, սոցիալական խոցելի խմբեր, տարեցներ և այլն»,- տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը ի պատասխան «Մեդիալաբի» հարցման:

Տեղեկացնենք, որ քաղաքապետարանը պլանավորում է մինչև տարեվերջ իրականացնել նաև Սիմֆոնիկ նվագախմբերի միջազգային բացօթյա փառատոն, Էրեբունի-Երևան տոնակատարություն, Ամանորին և Սուրբ Ծննդյան տոներին նվիրված մշակութային մեծամասշտաբ ծրագրեր, ինչպես նաև աջակցել տարատեսակ մշակութային նախաձեռնությունների և իրականացնել բազմաժանր այլ մշակութային միջոցառումներ ու նախագծեր: 

«Ընդհանուր առմամբ, Երևանի քաղաքի 2024 թ. բյուջեի «Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով հատկացվել է շուրջ 2 միլիարդ ՀՀ դրամ՝ մոտ 5.2 միլիոն դոլար)»,- տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:

Կարող էինք ֆեյսբուքյան օգտատեր Մելանյա Պողոսյանի նման մենք էլ մեկնաբանություն թողնել և գրել. «Անմոռանալի էր և տպավորիչ, բռավո»: Սակայն, ի տարբերություն Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի զոքանչի՝ Մելանյա Պողոսյանի, հիացական բացականչությունների փոխարեն կուզեինք հասկանալ, թե ի՛նչ տրամաբանությամբ են տնօրինվում հանրային միջոցները, միլիոնավոր դոլարները, որոնք առաջանում են հարկատուների հարկերից գոյացած գումարներից՝ կիսադատարկ դահլիճների համար: 

Մարի Ներսեսյան

MediaLab.am

The post Ավելի քան 1.3 միլիոն դոլար՝ Անգլիայի ազգային բալետի «Ժիզելի» «պատմական» հյուրախաղերի և բալետային փառատոնի համար first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net