World News in Armenian

Կառավարությունը հաստատեց բուսական ծագման մթերքում մնացորդային նյութերի առկայության մոնիթորինգային ծրագիրը

Կառավարությունը հաստատեց  բուսական ծագման մթերքում մնացորդային նյութերի, գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների առկայության մոնիթորինգային ծրագիրը և ծրագրից բխող միջոցառման կատարման ժամանակացույցը։ Կառավարության հուլիսի 25-ի նիստին նախագիծը ներկայացրեց վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանը։

Խաչատրյանի խոսքով՝ սույն ծրագրի իրականացման նպատակն է մնացորդային նյութերի հսկողություն իրականացնել Հայաստանում արտադրվող բուսական ծագման մթերքում՝ պարզելու դրանցում պեստիցիդների, նիտրատների և ծանր մետաղների մնացորդային քանակները և գենետիկորեն ձևափոխված օրգանիզմները։

«ՀՀ-ում մնացորդային նյութերի աղտոտվածության ուսումնասիրության ծրագրեր չի իրականացվել բավարար չափով։ Վերջին ծրագրերն իրականացվել են 2019-21 թվականներին կոնկրետ որոշակի պտուղ-բանջարեղենների համար, սակայն, կարևորելով Հայաստանի Հանրապետության բնակչության առողջությունը, անհրաժեշտություն է առաջացել բուսական ծագում ունեցող մթերքում հսկողություն իրականացնել հանրապետության մակարդակով և ըստ մարզերի՝ հաշվի առնելով հետագծելիության սկզբունքի ապահովումը և աղտոտման աղբյուրների  և պատճառների բացահայտումը»,- ասաց նա։ 

Ինչպես ընդգծեց Խաչատրյանը, ծրագրի արդյունավետ իրականացման դեպքում կապահովվի մթերքում մնացորդային նյութերի ռիսկի բացահայտումը և կառավարումը, որն իր հերթին հիմք է հանդիսանում արտադրվող սննդի որակը բարձրացնելու և ավելի մրցունակ դարձնելու համար։

 

Читайте на 123ru.net