World News in Armenian

«Sevan Agritech Summit»-ը կխթանի նորարարությունը Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում (լուսանկարներ)

Հուլիսի 24-ին առաջին անգամ Հայաստանում մեկնարկեց «Sevan Agritech Summit» միջոցառումը: Այն նպատակ ունի նպաստել ագրոտեխնոլոգիական ոլորտի առաջատարների հետ փոխգործակցության զարգացմանը, ներկայացնել միջազգային լավագույն փորձն ու խթանել թվային և նորարարական տեխնոլոգիաների կիրառումը Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում։ «Sevan Agritech Summit»-ը կազմակերպում է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը՝ ԱՄՆ ՄԶԳ «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից ֆինանսավորվող «Կայուն և ներառական աճ Հայաստանի լեռնային բնակավայրերում» (SIGMA) ծրագրի և Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամի հետ համագործակցությամբ։ Միջոցառումը կշարունակվի մինչև հուլիսի 27-ը:

«Sevan Agritech Summit»-ի բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպանության տնտեսական և քաղաքական գրասենյակի ղեկավար Նեյթըն Ռինգերը և Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Ն.Գ. Լուկաս Ռոզենկրանցը:

«Sevan Agritech Summit»-ի շրջանակում տեղի կունենա եռօրյա համաժողով, ինչպես նաև կանցկացվի մրցույթ՝ լավագույն ագրոտեխնոլոգիական լուծումներ առաջադրած ընկերությունների միջև։ Համաժողովին կմասնակցեն ՀՀ կառավարության և միջազգային կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ, ոլորտի առաջատար փորձագետներ Հայաստանից և արտերկրից, ներկայացուցիչներ ոլորտի մասնավոր ընկերություններից և հետազոտական հաստատություններից: Կներկայացվի ագրոտեխնոլոգիական ոլորտի զարգացման քաղաքականությունը, միջազգային և տեղական լավագույն փորձը, մարտահրավերներն ու հնարավորությունները:

Մրցույթի ընթացքում հաղթող կճանաչվեն այն ընկերությունները, որոնք առավել արդյունավետ ագրոտեխնոլոգիական լուծումներ կառաջարկեն Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում առկա կարևորագույն խնդիրների համար:

«Sevan Agritech Summit»-ի առանցքում են  հետևյալ թեմաները՝ թվային լուծումների և առաջատար թվային տեխնոլոգիաների կիրառումը գյուղատնտեսության մեջ, առաջատար ագրոկենսատեխնոլոգիաների և երկրատարածական  տեխնոլոգիաների կիրառումը գյուղատնտեսության զարգացման նպատակով:

«Sevan Agritech Summit»-ն անցկացվում է «Sevan Startup Summit 2024» միջոցառման շրջանակում` ՀՀ էկոնոմիկայի նախարարության հովանու ներքո:

 

Читайте на 123ru.net