World News in Armenian

Հայաստանում ընդդեմ լրագրողների և օպերատորների 14 ֆիզիկական բռնության դեպք է գրանցվել՝ 23 տուժողով. սա 2018 թվականից հետո արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է

2024թ․ երկրորդ եռամսյակը հետհեղափոխական Հայաստանում աննախադեպ էր լրատվամիջոցների աշխատակիցների հանդեպ կիրառված  ֆիզիկական բռնությունների առումով։

Այս մասին հայտնում են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեից: 

«Դա պայմանավորված էր Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի հետ կապված հասարակական-քաղաքական մթնոլորտի լարվածությամբ, զանգվածային բողոքի ակցիաներով, ոստիկանության և ցուցարարների միջև բազմաթիվ բախումներով, որոնց ընթացքում հարձակման էին ենթարկվում նաև լրագրողները և օպերատորները։

Չնայած, որ վերջին տարիներին ցույցերը, հանրահավաքներն ու երթերը հաճախ ուղեկցվել են  նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչների իրավունքների խախտումներով, սակայն դիտարկվող ժամանակահատվածում դրանք հասել են պիկի։ Մասնավորապես՝ գրանցվել է ընդդեմ լրագրողների և օպերատորների 14 ֆիզիկական բռնության դեպք՝ 23 տուժողով։ Սա 2018 թվականից հետո արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է, իսկ տուժողների թվով հավասար է հեղափոխության օրերին գրանցվածին։ Ֆիզիկական բռնությունների մեծ մասը՝ 11-ը, ուժային կառույցների անհամաչափ գործողությունների արդյունք է։

Եռամսյակի ընթացքում արձանագրվել է լրագրողների նկատմամբ տարատեսակ այլ ճնշումների՝  վիրավորանքների, սպառնալիքների,  մասնագիտական գործունեության խոչընդոտումների 9 դեպք։ Սրանցից 6-ը գրանցվել է բողոքի ակցիաների ժամանակ (4-ը ընդդիմության ներկայացուցիչների, 2-ը իրավապահների կողմից)։

Դիտարկվող շրջանում ավելացել է ընդդեմ լրագրողների ու լրատվամիջոցների դատական գործերի հոսքը․ ապրիլ-հունիս ամիսներին ներկայացվել է այդպիսի 17 նոր հայց՝ նախորդ եռամսյակի 12-ի դիմաց։ Դատական հայցերից 5-ը գործարարների կողմից են, 4-ը՝ իշխանության ներկայացուցիչների, 4-ը քաղաքացիների, 2-ը՝ փաստաբանների,  1-ը՝ ՀԿ-ի, 1-ը՝ ընդդիմադիր գործչի կողմից։

Պետական մարմիններից պաշտոնական տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների քանակը եռամսյակի ընթացքում նվազել է․ ԽԱՊԿ-ը գրանցել է այդպիսի 19 դեպք՝ նախորդ եռամսյակի 41-ի դիմաց։ Այստեղ խնդրահարույց են մնում լրագրողների և լրատվամիջոցների կողմից հայցվող տեղեկությունների տրամադրման անհիմն մերժումները, ներկայացված գրավոր հարցումներին արձագանքելու չարդարացված ուշացումները կամ լղոզված, հարցերի էության հետ կապ չունեցող պատասխանները։

Միջազգային իրավապաշտպան ու լրագրողական կազմակերպությունները՝  Amnesty International, Freedom House, «Լրագրողներ առանց սահմանների», ինչպես նաև ԱՄՆ Պետդեպարտամենտը եռամսյակի ընթացքում անդրադարձել են Հայաստանում լրատվամիջոցների ներկայացուցիչների իրավունքների խախտումներին դեպքերին և խոսքի ազատության վիճակին ընդհանրապես՝ արձանագրելով, որ երկրում լրատվամիջոցները շարունակում են մնալ բևեռացված։ Ըստ այդ զեկույցների՝ կարևոր ձեռքբերումներից է ձևավորված բազմակարծության միջավայրը: Սրանով պայմանավորված՝ մամուլի ազատության վարկանիշում, ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության գնահատանի՝ Հայաստանը 6 կետով բարելավել է իր դիրքերը. նախորդ տարի 180 երկրի ցանկում ՀՀ-ն 49-րդն էր, այս տարի՝ 43-րդը։ Սակայն կազմակերպությունը նշել է, որ երկրում ոլորտը կարգավորող իրավական դաշտը բավարար չափով չի պաշտպանում մամուլի ազատությունը և չի հետևում եվրոպական չափանիշներին:

Այս առումով առավել հրատապ են ԽԱՊԿ-ի և գործընկեր լրագրողական կազմակերպությունների, ԱԺ պրոֆիլային հանձնաժողովի և Արդարադատության նախարարության կողմից տարվող համատեղ աշխատանքները՝ Մեդիա օրնսդրության բարեփոխումների հայեցակարգի մշակման ուղղությամբ։ Այդ գործընթացի տրամաբանությունից է բխում նաև «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, որը ապրիլին ներկայացվել է ՀՀ կառավարություն։ Ավելի ուշ՝ ապրիլի 29-ին, այդ օրինագծի քննարկման համար կայացել են նաև խորհրդարանական լսումներ»։

Читайте на 123ru.net