World News in Armenian

Այն, ինչ կատարվում է դեսպանատներում, վիզա կենտրոններում, չես համարի համարժեք վերաբերմունք ԵՄ ձգտող երկրի քաղաքացիների նկատմամբ. Սամսոնյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը – Տիկի՛ն Սամսոնյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստան-ԵՄ հարաբերությունները, օրերս պարզ դարձավ, որ Եվրոպական խաղաղության գործիքակազմի շրջանակում Հայաստանին աջակցություն տրամադրելու մասին որոշում են կայացրել։  – Հայաստան-ԵՄ հարաբերությունները կայուն զարգացման փուլում են, սակայն այն ակնկալիքները, որոնք ստեղծվում են հասարակության մեջ ԵՄ-ի նկատմամբ, կարող են հիասթափության հանգեցնել։ ԵՄ-ն Հայաստանին […]

The post Այն, ինչ կատարվում է դեսպանատներում, վիզա կենտրոններում, չես համարի համարժեք վերաբերմունք ԵՄ ձգտող երկրի քաղաքացիների նկատմամբ. Սամսոնյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը

– Տիկի՛ն Սամսոնյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստան-ԵՄ հարաբերությունները, օրերս պարզ դարձավ, որ Եվրոպական խաղաղության գործիքակազմի շրջանակում Հայաստանին աջակցություն տրամադրելու մասին որոշում են կայացրել։ 

– Հայաստան-ԵՄ հարաբերությունները կայուն զարգացման փուլում են, սակայն այն ակնկալիքները, որոնք ստեղծվում են հասարակության մեջ ԵՄ-ի նկատմամբ, կարող են հիասթափության հանգեցնել։ ԵՄ-ն Հայաստանին կարող է տալ միայն փող և ինստիտուցիոնալ զարգացման աջակցություն, որը շատ կարևոր է պետական համակարգի ամրապնդման համար, սակայն փորձ է արվում ձևավորել ընդհանուր ուռճացված և արհեստական տպավորություն, թե ԵՄ-ն այսպիսի դրվագային և փոքր քայլերով մեզ համար կարող է դառնալ անվտանգային տանիք, ընդունել իր կազմում, ինչն իրականությանը չի համապատասխանում։ Շնորհակալ ենք ԵՄ-ին աջակցության համար, բայց բոլոր դեպքերում, ամեն անգամ Հայաստանին հերթական փոքրիկ, այս դեպքում՝ ընդամենը 10 մլն եվրոյի աջակցության մասին գիշեր-ցերեկ խոսելը ծիծաղելի է և նվաստացուցիչ։ 

– Մեծ ոգևորվածություն կա հանրության մի մասի շրջանում, որ Հայաստանը վերջապես գործնական քայլեր է անում դեպի Արևմուտք, որ Հայաստանը վերջապես դուրս է գալիս ռուսական ազդեցության գոտուց։ Կարո՞ղ ենք արձանագրել, որ սա իսկապես Հայաստանի իշխանությունների կողմից արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությանը միտված քայլ է։

– Հայաստանում արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության օրակարգ չկա։ Այդ օրակարգը կա միայն ժողովրդի հույզերի վրա «հայպ բռնող» մի քանի արևմտամետ գործիչների հայտարարություններում։ Այստեղ կարելի էր ասել նաև՝ ուղեղներում, բայց իրենք էլ լավ գիտեն, որ դա ռեալ չէ։ 

Ես որքան հիշում եմ՝ ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի ակտիվ քննարկումներն ընթանում են արդեն 6-7- տարի, բայց շարժ չկա։ Ես հիշում եմ՝ 2019 թվականին արտաքին գործերի փոխնախարարները գալիս էին խորհրդարան ու պատմում էին, թե մի քայլ էլ առաջ գնացին։ Այնինչ ոչ միայն առաջ չգնացին, այլև մի բան էլ շենգեն վիզա ստանալը մեր քաղաքացիների համար դարձավ բարդ ու նվաստացուցիչ գործընթաց։ 

Չգիտեմ՝ որքանով եք տեղյակ, թե ինչ է կատարվում դեսպանատներում և վիզայի կենտրոններում, բայց այն, ինչ կատարվում է, չես համարի համարժեք վերաբերմունք մի երկրի քաղաքացիների նկատմամբ, որոնք ձգտում են դեպի Եվրոպա, իսկ Եվրոպան ամեն ինչ անում է, որ մենք այդ հույսը փայփայենք։ Դրան են ուղղված նաև ԵՄ-ի հայտարարությունները, որ եղան մի քանի օր առաջ։

Վիզայի ազատականացման մասին խոսելիս պետք է լավ հասկանալ, որ դա մեկ կամ երկու գիշերվա հարց չի։ Ենթադրենք՝ ԵՄ-ում միաձայն որոշեցին, որ Հայաստանի հետ վիզայի ռեժիմը պետք է ազատականացվի, այդ դեպքում ԵՄ-ն Հայաստանին պետք է տա ճանապարհային քարտեզ, որը իրականացնելուց հետո միայն մենք կարող ենք հույս ունենալ, որ սահմանները մեզ համար կբացվեն։ 

Նախևառաջ այդ քարտեզով Հայաստանը պետք է իր քաղաքացիներին տա ԵՄ չափանիշներին համապատասխան կենսաչափական անձնագրեր։ Եթե հիշում եք, 2022 թվականին Ազգային ժողովը մինչև 2024 թվականը դադարեցրեց կենսաչափական անձնագրերի տրամադրումը, որովհետև չունենք ժամանակակից անվտանգ տեխնոլոգիաներ դրանք թողարկելու համար։ Մինչև այսօր ձեն-ձուն չկա։ 

Այսինքն՝ Հայաստանն այսօր իր քաղաքացիներին չի կարողանում ապահովել կենսաչափական անձնագրերով, բայց ուզում է վիզայի ազատ ռեժիմ ունենալ ԵՄ-ի հետ։ Իսկ հայկական անձնագրերի որակի մասին էլ չխոսեմ, ուղղակի խայտառակություն է։ Շենգեն գոտի ազատ մտնելու համար մենք պետք է ունենանք մեքենայաընթեռնելի կենսաչափական անձնագրեր, որոնք համապատասխանում են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) և ԵՄ անվտանգության ստանդարտներին։

Երկրորդ՝ Հայաստանը պետք է միանա ԵՄ ինտեգրված սահմանային կառավարմանը՝ տեխնիկական բոլոր պրոտոկոլներով, որը պահանջում է բարձր կոմպետենտություն և ռեսուրսներ։ Հարց տվեք իշխանավորներին, որոնք քաոս և խառնաշփոթ են ստեղծել պետական բոլոր համակարգերում՝ արդյոք Հայաստանն այսօր ունի՞ այդպիսի ռեսուրսներ՝ տեխնիկական, կադրային, որոնք կարող են ձգել ինտեգրված կառավարման համակարգերով աշխատելու համար։

Հայաստանը պետք է կարողանա կառավարել իր միգրացիոն հոսքերը, ներդնել միգրացիայի արդյունավետ ռազմավարություն և հատուկ գործողությունների ծրագիր։ Սակայն Հայաստանը այսօր միգրացիայի առումով դասվում է ռիսկային երկրների շարքին։ Մարդիկ Մեքսիկայով Ամերիկա են փախչում, և եթե Հայաստանում ձև են տալիս, թե չեն նկատում արտագաղթի ցուցանիշները և միտումները, դրսում մեր տեղը նստած դրանք հաշվում են։

ԵՄ-ի հետ ազատ վիզայի ռեժիմ ունենալու համար Հայաստանը պետք է ունենա նաև կազմակերպված հանցավորության, թրաֆիքինգի, փողերի լվացման, թմրանյութերի և զենքի շրջանառության, կոռուպցիայի, ահաբեկչության դեմ պայքարի համար արդյունավետ իրավապահ համակարգ և մեխանիզմներ։ Հանցավորության դեմ պայքարի հարցում ոնց որ թե Հայաստանում վերջին ժամանակներում ինստիտուցիոնալ խնդիրներ կան, և սա ևս պետք է հաշվի առնել։

Նաև ես որքանով գիտեմ՝ Հայաստանը պետք է ԵՄ անդամ երկրների հետ ունենա առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման՝ ռեադմիսիայի համաձայնագրեր։ Մենք 2013 թվականին ԵՄ-ի հետ կնքել ենք այդպիսի համաձայնագիր և ունենք եվրոպական մի քանի երկրների հետ, բայց ոչ բոլորի։

Եթե հաշվի առնենք այս և շատ այլ պահանջներ, որոնք կարող են լինել ճանապարհային քարտեզում, պետք է ասել, որ ԵՄ վիզայի ազատականացման գործընթացը տարիների հարց է։ Այդ ընթացքում կարող են լինել բազմաթիվ տարածաշրջանային և աշխարհաքաղաքական տեղատվություններ, և այս պրոցեսը երաշխավորված չէ։ Բացի այդ, իմ մտահոգությունն այն է, որ ինչպես ցանկացած բարեփոխում կամ գործընթաց, սա ևս իշխանությունը կտապալի իր ապիկարության և ոչ կոմպետենտության պատճառով։

– Տիկի՛ն Սամսոնյան, գործող իշխանությունը Հայաստանի համար շահավե՞տ արտաքին քաղաքականություն է վարում՝ ըստ ձեզ։

– Գործող իշխանությունը արտաքին քաղաքականություն չի վարում։ Հայաստանի արտաքին քաղաքականությունը վարում են Մոսկվան, Բրյուսելը և Վաշինգտոնը՝ փոխհամաձայնեցված և, բնականաբար, ոչ մեր օգտին։ Իշխանությունները տապալել են մեր դիվանագիտությունը, ջնջել են բոլոր կարմիր գծերը և անում են այն, ինչ իրենց ասում են և Ադրբեջանն ու Թուրքիան, օգտվում են այս հրաշալի առիթից։

– Դուք համակարծի՞ք եք այն մտքին, որ Հայաստանը Ռուսաստանի Դաշնությունից կարողացավ «ազատվել»։

– Ինչքան Վրաստանը և Ուկրաինան ազատվեցին, այնքան էլ մենք կազատվենք։ Ռուսաստանը քրեակատարողական հիմնարկ չէ, որից կարելի է մի օր ազատվել։ Ազատվելու դեպքում էլ այնքան ուժ և կամք պետք է ունենաս, որ նորից չհայտնվես այնտեղ։ Ռուսաստանը մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական դերակատար է, որը միշտ լինելու է, և որի հետ պետք է հաշվի նստել և որի հետ պետք է աշխատել։ 

– Նման արտաքին քաղաքականությունը, որը վարում է գործող իշխանությունը, ինչի՞ կարող է հանգեցնել։

– Հայաստանի պետականության ավարտին։ Նիկոլ Փաշինյանը ինչի մասին խոսել է, հակառակն է արել։ Հիմա երբ նա խոսում է Հայաստանի ինքնիշխանությունից, պետականությունից և միջանցք չտալուց, ես հասկանում եմ, որ Հայաստանի ինքնիշխանությունն էլ, պետականությունն էլ վտանգի տակ են, իսկ միջանցքը տալու է։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Այն, ինչ կատարվում է դեսպանատներում, վիզա կենտրոններում, չես համարի համարժեք վերաբերմունք ԵՄ ձգտող երկրի քաղաքացիների նկատմամբ. Սամսոնյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net