World News in Armenian

Հանրային հեռարձակողի խորհուրդը Հանրային ռադիոյի ղեկը հանձնել է վերջին 28 տարում Պրահայում մշտապես բնակվող ԱՄՆ քաղաքացու. Գարեգին Խումարյան

Հանրային հեռարձակողի խորհուրդը Հանրային ռադիոյի ղեկը հանձնել է վերջին 28 տարում Պրահայում մշտապես բնակվող ԱՄՆ քաղաքացու. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հանրային ռադիոյի արդեն նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը՝ անդրադառնալով Հանրային հեռարձակողի խորհրդի կողմից Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի ընտրությանը:

Հիշեցնենք, որ Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեն է ընտրվել Արմեն Քոլոյանը, որը «Ազատություն» ռադիոկայանի աշխատակից է:

«Ինձ փոխարինել պատրաստ մարդու ձեր և ձեր վերադասների փնտրտուքն ավարտվեց այն բանով, որ այս երկրում ապրող, այս հողի վրա քալյող և այս օդը շնչող յուրաքանչյուր ոք, ում այդ հարցով մոտեցել եք, ձեր առաջարկը համարել է անպարկեշտ, բայց դուք չեք ընկճվել, ընդլայնել եք որոնման աշխարահագրությունը և ի վերջո երկրի ռազմավարական տեղեկատվական ենթակառուցվածքի ղեկը հանձնել վերջին 28 տարին Պրահա քաղաքում մշտապես բնակվող ԱՄՆ քաղաքացու։ Խոսքեր չունեմ։ Ծափահարում եմ հոտնկայս։
Վերադասներ ասելով էլ մոտավորապես նկատի ունեմ հրապարակի առանձնասենյակներում նստող այն մարդկանց, ում մոտ որ մի երկու շաբաթ առաջ ձեր թեկնածուին տարել էիք «ստուգատեսի»։ Մինչդեռ Խորհրդի միակ իմաստը Հանրայինի և իշխանության միջև պատնեշ լինելն ու իշխանավորների «խածելկաներից» Հանրայինը զերծ պահելն է։ Իրենց հարկերից ամեն տարի մարդիկ 160 միլիոն դրամ ձեզ հենց դրա համար են տալիս, այլ ոչ թե «ամբողջ աշխարհում պետության առաջին դեմքերի հետ հարցազրույցները չեն ենթադրում բանավեճ» կարգի հայտարարությունների»,-գրել է Խումարյանը։

Ավելի վաղ Խումարյանը Tert.am-ին տեղեկացրել էր, որ սկսում է բողոքարկել մրցույթի արդյունքները՝ ամենայն հավանականությամբ հենց այսօրվանից։

Читайте на 123ru.net