World News in Armenian

Հանրային ռադիոն դարձնում են իշխանությանը սպասարկող մի լրատվամիջոց. փակվել է Գևորգ Մելիքյանի «Ստատուս քվո» հաղորդումը

Հանրային ռադիոն դարձնում են իշխանությանը սպասարկող մի լրատվամիջոց, մանավանդ, որ ընտրություններ են առջևում, ավելորդ բաց օղակներ իրենց պետք չեն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հանրային ռադիոյի» «Ստատուս քվո» հաղորդման հիմնադիր և վարող Գևորգ Մելիքյանը:

Նշենք, որ Հանրային հեռարձակողի խորհուրդը փակել է Հանրային ռադիոյի «Ստատուս քվո» քաղաքական վերլուծական հաղորդումը, որը եթեր էր հեռարձակվում ուղիղ միացմամբ 2016 թվականի ապրիլի 1-ից:

Մելիքյանը նշեց, որ Հանրային հեռարձակողի խորհուրդը համարել է՝ նման հաղորդումներ պետք չեն Հանրային ռադիոյին, Հանրային ռադիոյին պետք են հաղորդումներ, որոնք պետք է խաղաղ հասարակություն ձևավորեն, իսկ այս հաղորդումը խնդիրներ էր բարձրաձայնում:

«Ինձ ասացին՝ մեզ պետք չեն նման հաղորդումներ, դա բացասական էներգիա է տալիս ունկնդիրներին: Նրանք, ըստ էության, ուզում են քարոզչական նյութեր, ոչ մի քննադատություն: Ու ընդհանրապես խոսքը քննադատության մասին էլ չէ. իմ հաղորդումը վերլուծություն էր, ես բոլոր կողմերից էլ նայում եմ խնդիրներին»,- ասաց նա և նշեց, որ գրավոր որևէ պարզաբանում չի եղել:

«Իմ խնդրանքով եղել է հանդիպում Հանրային հեռարձակողի նախագահի և ևս մեկ անդամի՝ Արփի Ոսկանյանի հետ: Իրենք պարզապես որոշել էին փակել, իրենք համաձայնեցին հանդիպել, կարծում էին՝ իրենց փաստարկները համոզիչ են լինելու, բայց բացարձակ համոզիչ չէին, շատ կամայական, շատ սուբյեկտիվ էին»,- ասաց նա:

Հարցին՝ ի՞նչ փաստարկներին էին ներկայացնում, Մելքիյանն ասաց. «Իբրև ինչ-որ մեկին ընդհատել եմ։ Դրան ի պատասխան ասել եմ՝ տեսե՞լ եք՝ Պետրոսն ինչպես է ընդհատում մարդկանց, իրենք առաջարկեցին չհամեմատվել Պետրոսի հետ, ինչին ես անխոս համաձայնեցի։ Իսկապես պետք չէ համեմատվել իր հետ»:

Նրա խոսքով՝ հաղորդումը փակելու որոշումը վաղուց էին կայացրել, բայց անընդհատ ձգձգում էին։ Երբ Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանն արդեն իր պաշտոնավարման ավարտին հասավ, անմիջապես դրեցին նաև իր հարցը:
«Տպավորություն է՝ Հանրային ռադիոն դարձնում են իշխանությանը սպասարկող մի լրատվամիջոց, մանավանդ, որ ընտրություններ են առջևում, ավելորդ բաց օղակներ իրենց պետք չեն: Իմ տպավորությունն այդպիսին է՝ սկսեցին Խումարյանով, շարունակեցին ինձնով, նաև այլ մարդիկ էլ կան, որոնք չեն տեղավորվում իրենց պատկերացրած իշխանական լրատվամիջոցի ձևաչափի մեջ»,- ասաց նա:

Մելիքյանի խոսքով՝ Հանրային հեռարձակողի անդամներից Արփի Ոսկանյանը ոչ պրոֆեսիոնալ բացատրություն էր տալիս հաղորդման փակման հետ կապված:

«Արփին արվեստագետ է, բայց փորձում էր գնահատական տալ քաղաքագիտական վերլուծություններին։ Ես ասացի՝ ինչպես է կարողանում վերլուծել մի բան, որի մասնագետը չի ընդհանրապես, ինչին ի պատասխան ասաց՝ ամեն քաղաքացի էլ կարող է քաղաքականության մասին կարծիք հայտնել: Ես հակադարձեցի, որ խոսքն ամենևին էլ քաղաքականության մասին չէ, սա քաղաքագիտություն է: Բավականին տարօրինակ էր, սկզբում ցույց էին տալիս, թե իբրև մասնագիտական են իրենք նայում հարցին: Խնդիրն այստեղ ոչ պրոֆեսիոնալիզմն է, նրանց որևիցե փաստարկ համոզիչ չէ, կամայական որոշում է կայացվել»,- ընդգծեց Մելիքյանը:

Հարցին՝ ստացվում է իշխանությանը քննադատելու համա՞ր են Ձեր հեղինակած հաղորդումը փակել, նա արձագանքեց. «Իհարկե, պետք է իշխանությանը քննադատել, հո ընդդիմությանը չե՞մ քննադատելու, բոլոր երկրներում էլ իշխանությանն են քննադատում: Քննադատելն ինքնանպատակ չէ, նորմալ է, քանի որ իշխանությունն է ինչ-որ բաներ խոստանում, չի անում, կամ անում է, կամ կիսատ է անում: Այլ երկրներում հո մարդիկ չե՞ն նստում ընդդիմության քայլերը քննադատում»:

Հարցին էլ՝ այլ լրատվամիջոցներից առաջարկ ստացե՞լ է, գուցե հաղորդումն այլ լրատվամիջոց տեղափոխի, Մելիքյանը պատասխանեց. «Առաջարկ ստացել եմ, բայց դեռ մտածում եմ, որովհետև հաղորդումը ռադիոյի համար ստեղծված ձևաչափ էր: Դեռ պետք է մտածեմ, հասկանամ, ինձ համար հիմա ավելի կարևոր է բարձրաձայնել իրենց մասնագիտական որակների խնդիրը»:

Читайте на 123ru.net