World News in Armenian

Թուրքիան Իսրայելի նկատմամբ ռազմական գործողություններ ծավալելու ոչ մի հնարավորություն չունի. ՆԱՏՕ-ի անդամ է, ԱՄՆ-ի դաշնակիցը. Սաֆրաստյան 

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը – Պարո՛ն Սաֆրաստյան, Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե ինչպես մտան Լեռնային Ղարաբաղ, նույն կերպ էլ մտնելու են Իսրայել, ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, և ո՞ւմ են ուղղված մեսիջները։ – Այս հայտարարությունը սադրիչ է, որովհետև իրադրությունը Մերձավոր Արևելքում խիստ լարված է և միտում ունի ավելի լարվելու, իսկ նման հայտարարությունները […]

The post Թուրքիան Իսրայելի նկատմամբ ռազմական գործողություններ ծավալելու ոչ մի հնարավորություն չունի. ՆԱՏՕ-ի անդամ է, ԱՄՆ-ի դաշնակիցը. Սաֆրաստյան  first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը

– Պարո՛ն Սաֆրաստյան, Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե ինչպես մտան Լեռնային Ղարաբաղ, նույն կերպ էլ մտնելու են Իսրայել, ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, և ո՞ւմ են ուղղված մեսիջները։

– Այս հայտարարությունը սադրիչ է, որովհետև իրադրությունը Մերձավոր Արևելքում խիստ լարված է և միտում ունի ավելի լարվելու, իսկ նման հայտարարությունները փորձում են ավելի լարել այդ իրավիճակը։ Սա Էրդողանի ոճն է․ իմ գնահատմամբ՝ այս հայտարարությունն արել է առաջին հերթին ներքին քաղաքական պայքարի իրողություններից ելնելով, որովհետև մի կողմից Թուրքիայի բնակչության դժգոհությունը շատ մեծ է՝ տնտեսական վիճակը Թուրքիայում բավական անկայուն է, մարդկանց համար դժվար է ապրելը։ Այս դժգոհությունը մեղմելու համար նման հայտարարություն է արել Էրդողանը, ի դեպ՝ նրա հայտարարությունը հեռարձակվել է Թուրքիայի հեռուստատեսությամբ։ 

Նաև պետք է նշել, որ Էրդողանն այսպիսով փորձում է իր շուրջը համախմբել երկրի իսլամամետ բնակչությանը, որը շատ մեծ թիվ է կազմում Թուրքիայում, հաշվի առնելով այն իրողությունները, որ ստեղծվել էին անցյալ տարվա պարտության հետևանքով, երբ տեղական մարմինների ընտրությունների ժամանակ Էրդողանի կուսակցությունը պարտվեց, այնպես որ, սա էլ պետք է հաշվի առնել։ Իհարկե, այս հայտարարությունն ունի արտաքին քաղաքական ուղղվածություն ևս, որի նպատակն է Մերձավոր Արևելքին ցույց տալ, որ Թուրքիան այնտեղ կարևոր պետություն է։ 

Ինչպես գիտենք, Թուրքիան փորձեց ակտիվ դերակատարում ստանձնել Իսրայելի ու Գազայի հակամարտության ընթացքում, ոչինչ չստացվեց, հիմա փորձում է նման սադրիչ հայտարարություններով Թուրքիայի դերն ու տեղը Մերձավոր Արևելքում ավելի ընդարձակ ու կայուն դարձնել։ Մյուս կողմից, ես կարծում եմ, որ այս հայտարարությունը նպատակ ուներ Թուրքիային ներկայացնել որպես իսլամական աշխարհի առաջնորդող պետություն, որը չի վախենում Իսրայելից ու կարող է լինել առաջնորդող պետություն իսլամական երկրների համար։ Սա իհարկե այդպես չէ, Թուրքիան այդ դերը չունի։

– Այսինքն՝ հայտարարությունը հիմնականում քարոզչակա՞ն նպատակ է հետապնդում։

– Իհարկե, սա իրականության հետ շատ հեռավոր կապ կարող է ունենալ, ու հնարավորությունը, որ այն, ինչ ասաց Էրդողանը, իրականություն կդառնա, գրեթե գոյություն չունի։ Ի տարբերություն նրա, մենք գիտենք, որ Թուրքիան լայնածավալ ներգրավվել է Լիբիայում ու այնտեղ բավական մեծ հաջողությունների է հասել իր ռազմական ներգրավվածությամբ, գիտենք, թե ինչպես է Թուրքիան Ադրբեջանին շատ լուրջ օգնել, իսկ Իսրայելի նկատմամբ ռազմական գործողություններ ծավալելու ոչ մի հնարավորություն չունի,մանավանդ որ ՆԱՏՕ-ի անդամ է, ԱՄՆ-ի դաշնակիցն է և այլն։ 

– Պարո՛ն Սաֆրաստյան, հետաքրքրական է ադրբեջանական կողմի հայտարարությունը՝ ի պատասխան Էրդողանի այս հայտարարության, որ Թուրքիան իրենց միայն օգնել է քաղաքականապես, և որ Էրդողանի հայտարարությունը անհիմն է։ Մինչ այս Ադրբեջանն ինքն է բազմիցս ասել, որ «իր մեծ եղբայրը» մշտապես իր կողքին է եղել, հիմա ինչո՞ւ է նման ձևով արձագանքում։ 

– Ադրբեջանում հիմա ստեղծվում է մի առասպել, թե տեսեք՝ մենք ինչքան ուժեղ, ինչքան հզոր ենք մեր առաջնորդ Իլհամ Ալիևի իմաստուն ղեկավարության ներքո, որ կարողացանք Հայաստանին, Արցախին հաղթել ու հարցը լուծել առանց օգնության, հիմա այդ առասպելի ստեղծման փուլն է Ադրբեջանում։ Այսինքն՝ սրանով Ալիևը փորձում է Ադրբեջանի պատմության մեջ իր տեղն ավելի ծավալուն դարձնել, մեկ էլ հետևում է Էրդողանի նման հայտարարությունը, ուզած-չուզած իրենք պետք է արձագանքեին, որ այդ միֆը պաշտպանեն։ Չնայած Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնատար անձինք նմանատիպ հայտարարություններով էլի են հանդես եկել։ 

– Իսկ Թուրքիայի կողմից, թեկուզ ոչ հանրային մակարդակով, արձագանք կլինի՞ Ադրբեջանի այս հայտարարությանը։

– Չեմ կարծում, որ բարձր մակարդակով ինչ-որ արձագանք լինի Թուրքիայից, որովհետև Թուրքիան շատ լավ գիտի՝ ինչ է տեղի ունենում Ադրբեջանում։ Սա այն խնդիրը չէ, որ Թուրքիան դրան պաշտոնապես արձագանքի, հնարավոր է, որ ինչ-որ ցածր մակարդակով Ալիևին տեղը դնեն։ 

– Պարո՛ն Սաֆրաստյան, երկու տարվա ընդմիջումից հետո Հայաստան-Թուրքիա սահմանին ընթանում է հատուկ բանագնացներ Ռուբինյանի ու Քըլըչի հինգերորդ հանդիպումը։ Ի՞նչ ակնկալիքներ կարելի է ունենալ։

– Ընդհանուր մոտեցումը հետևյալն է, որ Թուրքիայում որոշում են ընդունել, ընդ որում՝ ամենաբարձր մակարդակով, որ մինչև Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր չստորագրվի, Թուրքիան հարաբերությունների կարգավորման իրական քայլեր չի կատարի, ու այս միտքը հնչեցրել է հենց Էրդողանը։ Եվ ես չեմ սպասում, որ Թուրքիան կփոխի իր այս մոտեցումը, կարող են լինել ինչ-որ փոքր քայլեր՝ այդ երրորդ երկրների քաղաքացիների մուտքի մասով, հնարավոր է՝ դա էլ չլինի, այնպես որ, էական առաջընթաց չի լինի, որովհետև Թուրքիան իր դիրքորոշումն արտահայտել է, չեմ կարծում, թե այնպիսի բան լինի, որ նա հրաժարվի իր մտադրությունից, չի լինի նման բան։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Թուրքիան Իսրայելի նկատմամբ ռազմական գործողություններ ծավալելու ոչ մի հնարավորություն չունի. ՆԱՏՕ-ի անդամ է, ԱՄՆ-ի դաշնակիցը. Սաֆրաստյան  first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net