Իրանը խոստացել է Իսրայելից վրեժ լուծել Հանիեի սպանության համար
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին այսօր վաղ առավոտյան Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղաքական թևի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության վերաբերյալ պաշտոնական պատասխան է հրապարակել, որում խոստացել է, որ Իրանը կպատասխանի սպանությանը։
Իր հայտարարության մեջ Խամենեին գրել է.«Հանցավոր ու ահաբեկչական Սիոնիստական ռեժիմն այս արարքով ճանապարհ բացեց խիստ պատժի համար: Մենք մեր պարտքն ենք համարում վրեժ լուծել Իսմայիլ Հանիեի արյան համար, քանի որ սպանությունը տեղի է ունեցել մեր հողի վրա»։
Արձագանքելով Հանիեի սպանությանը՝ Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանն ասել է, որ երկիրը պաշտպանելու է իր տարածքային ամբողջականությունն ու արժանապատվությունը։ Այս մասին գրում է mehrnews.com-ը:
«Այսօր սիրելի Իրանը սգում է Պաղեստինի դիմադրության քաջարի առաջնորդ Իսմայիլ Հանիեի նահատակությունը: Երեկ ես սեղմում էի նրա հաղթական ձեռքը, իսկ այսօր պետք է նրա դագաղը տանեմ ուսերիս: Իրանի և Պաղեստինի երկու հպարտ ժողովուրդների միջև կապը կլինի ավելի ամուր, քան նախկինում, իսկ ճնշվածների դիմադրության և պաշտպանության ճանապարհն ավելի կամրապնդվի», - X-ում գրել է նա:
Փեզեշքիանն ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը «կստիպի ահաբեկիչ օկուպանտներին (նկատի ունի Իսրայելը-Խմբ.) զղջալ իրենց վախկոտ արարքի համար»։
Հիշեցնենք, որ գիշերը Թեհրանում սպանվել է ՀԱՄԱՍ շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն։ Ինչպես հաղորդում է Mehr գործակալությունը՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հայտարարությանը, Հանիեն սպանվել է իր բնակության վայրի վրա հարձակման ժամանակ։
«Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն նահատակվել է Թեհրանում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Գործակալության տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհվել է նաև Հանիեի թիկնապահներից մեկը։ Դեպքի հանգամանքները պարզվում են։
ՀԱՄԱՍ շարժումը պաշտոնական հայտարարությամբ հաստատել է Քաղբյուրոյի ղեկավարի մահվան լուրը՝ կատարվածի համար մեղադրելով Իսրայելին։ Շարժումը հայտարարել է, որ հարձակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Հանիեն մասնակցել է Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը: