World News in Armenian

Գերմանիայի նախագահը ներողություն է խնդրել լեհ ժողովրդից

Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերն օգոստոսի 1-ին նշվող Վարշավայի ապստամբության 80-ամյակի նախօրեին լեհերից ներողություն է խնդրել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիոնալ-սոցիալիստների գործած հանցագործությունների համար։ Այս մասին գրում է dw.com-ը:

«Ես այսօր և այստեղ ներողություն եմ խնդրում»,- Լեհաստանի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում հարյուրավոր ներկաների, այդ թվում՝  Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի մասնակցությամբ հիշատակի միջոցառման ժամանակ ասել է նա՝ դիմելով ապստամբության ողջ մնացած անդամներին:

«Մենք չպետք է մոռանանք և չենք մոռանա, թե ինչ ահռելի տառապանք ենք մենք՝ գերմանացիներս, բերել հարևան երկրին, ինչ դաժանությամբ և կործանման ինչ ցանկությամբ են գործել գերմանական օկուպանտներն ամբողջ բնակչության դեմ»,- ընդգծել է Շտայնմայերը։

Նա հավելել է, որ նացիոնալ-սոցիալիստական իմպերիալիզմը և ռասիզմը հանգեցրին «սարսափելի հանցագործությունների», որոնց դեմ էին ապստամբության մասնակիցները:

Գերմանիայի նախագահն ընդգծել է, որ անցյալից պետք է դաս քաղել ապագայի համար:

«Վարշավայի ապստամբությունը երկու երկրների հարաբերությունների պատմության ամենադաժան գլուխներից մեկն էր և դարձավ Լեհաստանի պատմության ամենահերոսական գլուխներից մեկը», - ասել է Շտայնմայերը: 

Գերմանական պետության ղեկավարը «գրեթե հրաշք» է անվանել, որ լեհերն ու գերմանացիները դարձել են լավ հարևաններ։ Ճանապարհը դեպի այս կետը երկար էր, խոստովանել է Շտայնմայերը։ Նա նկատել է, որ այժմ Բեռլինը և Վարշավան պարտավորվել են «գործել ի շահ համերաշխության և խաղաղության»:

Читайте на 123ru.net