World News in Armenian

Կենտրոնական բանկի արձագանքը` «Ակբա բանկի» բանկոմատների չաշխատելու վերաբերյալ բողոքներին

Օրերս Tert.am-ը հրապարակում էր արել, որտեղ «Ակբա բանկի» հաճախորդ, լրագրող Հովհաննես Վարդանյանը պնդում էր, որ «Ակբա բանկը» անհարմարություններ է ստեղծում հաճախորդների համար՝ չաշխատող բանկոմատների ու անհասանելի ծառայությունների պատճառով:

Tert.am-ի հետ զրույցում լրագրողը պատմել էր, որ որոշել էր «Ակբա բանկից» digital քարտ պատվիրել ու տեղեկանալով, որ մինչև հունիսի 30-ը պատվիրելու դեպքում այդ քարտերն անվճար էին տրամադրվում, որոշել էր պատվիրել երկու քարտ՝ դոլարով և եվրոյով: Բանկից սակայն նրան առաջարկել էին պատվիրել դրամով և եվրոյով, իսկ դոլարով պատվիրել պլաստիկ քարտ:

Վարդանյանը նշել էր, որ 5 օր չի կարողացել ակտիվացնել այդ պլաստիկ քարտը, քանի որ բանկոմատները չեն աշխատել:

«4 օր շարունակ՝ հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ, կիրակի, մոտ 4 բանկոմատ չի աշխատել: Երբ ստացվեց, մոտ 20 րոպեից մինչև կես ժամ ես սպասում էի ակտիվացման կոդին, կոդը եկավ կես ժամ հետո այն դեպքում, երբ իմ մյուս քարտերի ակտիվացման կոդը ստացել եմ վայրկյանների ընթացքում: Արդյունքում ես արդեն մեկ շաբաթվա քարտապան եմ ու չեմ ակտիվացրել իմ դոլարային քարտը»,- պատմել էր նա:

Ապա «Ակբա բանկ»-ն արձագանքել էր մեր հրապարակմանը, նշելով. «Հայտնում ենք, որ Հովհաննես Վարդանյանի կողմից նշված խնդիրները, որոնք առաջացել էին տեխնիկական պատճառներով, ամբողջությամբ կարգավորված են, և հաճախորդի խնդիրներն ամբողջապես լուծված են»։

Tert.am-ի հրապարակումը լայն արձագանք էր գտել ու հրապարակումից հետո մեր խմբագրությունը ստացել էր բազմաթիվ բողոքներ բանկի այլ հաճախորդներից: Քաղաքացիները հայտնել են, որ իրենք ևս բախվել են խնդրին:

Tert.am-ը, ստացված հարյուրավոր բողոքները հաշվի առնելով, գրավոր հարցմամբ դիմել է ՀՀ Կենտրոնական բանկ: ԿԲ-ից, մասնավորապես, հետաքրքրվել էինք՝ ի՞նչ է ձեռնարկվում ԿԲ կողմից նման խնդիրները լուծելու, բացառելու համար: ԿԲ-ից նշել են, որ ՀՀ կենտրոնական բանկն իր կողմից վերահսկվող կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների հետ կապված խնդիրների վերաբերյալ ազդակներ ստանում է տարբեր աղբյուրներից:

«Կենտրոնական բանկի ունեցած տեղեկատվության համաձայն, արձանագրված խնդիրը չի կրում համակարգային բնույթ, իսկ առանձին հաճախորդների մասով այն արդեն վերացվել է»,- ասված է ԿԲ պատասխանում:

Tert.am-ը կրկին կապվեց «Ակբա բանկի» հետ՝ հասկանալու՝ եթե խնդիրները լուծված են, ինչու են քաղաքացիները բողոքում, և պատրաստակամություն հայտնեցինք տրամադրելու բոլոր բողոքները:

Բանկից նշեցին, որ «Ակբա բանկի» բանկոմատները գործում են բնականոն ռեժիմում, առկա չեն տեխնիկական խոտաններ։ Բանկի կողմից տրամադրվող ծառայություններն ամբողջությամբ հասանելի են։

««Ակբա բանկում» անընդմեջ իրականացվում են տրամադրվող ծառայությունների զարգացմանն ու ծրագրային թարմացումներին ուղղված աշխատանքներ, որոնք միտված են հաճախորդներին տրամադրվող ծառայությունների որակի բարձրացմանը։ Նման պրոֆիլակտիկ աշխատանքներն իրականացվում են գիշերային ժամերին, որպեսզի հաճախորդների համար անհարմարություններ չառաջանան»,- հայտնեցին բանկից:

Ինչ վերաբերում է քարտերի ակտիվացումներին, բանկից ասացին, այդ նույն ժամանակահատվածում տեղի են ունեցել հազարավոր քարտերի ակտիվացումներ և համակարգային որևէ խնդիր չի արձանագրվել։

«Քարտերի ակտիվացման առումով հնարավոր խնդիրներ կարող են առաջանալ նաև անկախ բանկից՝ ներառյալ հաճախորդի հեռախոսի կարգավորումներից բխող խնդիրները։ Նմանատիպ դեպքերում բանկը ցուցաբերում է անհատական մոտեցում և հաճախորդներին հուզող խնդիրները ստանում են համապատասխան լուծումներ»,- տեղեկացրին բանկից:

Читайте на 123ru.net