World News in Armenian

Մայրաքաղաքում մեկնարկել է 500 վերելակի փոխարինման գործընթացը. ավարտից հետո Երևանի վերելակների գրեթե կեսը կլինի նորացված

Երևանում այս տարի կփոխարինվի 500 վերելակ: Գործընթացն իրականացվում է երկու փուլով: Հասցեներն ընտրվել են՝ հաշվի առնելով վերելակների մաշվածությունը: Քաղաքի բազմաբնակարան շենքերի վերելակների մեծ մասն ավելի քան 4 տասնամյակ սպասարկում է բնակիչներին: 
«Երևանի քաղաքապետարանը վեցերորդ տարին անընդմեջ իրականացնում է վերելակների փոխարինման ծրագիրը: 2019 թվականից սկսած, այս տարին էլ ներառյալ, քաղաքում կունենանք փոխարինված  2051 վերելակ: Սրանով կարող ենք արձանագրել, որ քաղաքի վերելակային ֆոնդի գրեթե կեսը փոխարինել ենք: Հաշվի առնելով, որ վերելակները բաժնային սեփականություն են, ծրագիրն իրականացնում ենք՝ թեթևացնելու բնակիչների սոցիալական բեռն ու ապահովելու քաղաքացիների անվտանգությունը»,-ընդգծում է Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը:

«Այս պահին միանգամից 97 հասցեներում սկսվել է փոխարինումը: Տեղադրվում են 400 բելառուսական ու 100 ռուսաստանյան արտադրության սարքավորումներ: Շահագործման ժամկետը մոտ 25 տարի է»,- ասում է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Կամո Բադանյանը: 

Ամեն մի վերելակի փոխարինման համար սահմանված է 40 աշխատանքային օր:  Նախքան շահագործվելը յուրաքանչյուր վերելակ հատուկ փորձաքննության է ենթարկելու: Ի դեպ, դրանք հարմարեցված կլինեն նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար:

Читайте на 123ru.net