World News in Armenian

Ֆիլիպիններում հայտնաբերվել է կապիկի ծաղիկ վիրուսի՝ այս տարվա առաջին դեպքը

Ֆիլիպիններում հայտնաբերվել է mpox (կապիկի ծաղիկ) վիրուսի դեպք՝ առաջինը 2023 թ. դեկտեմբերից ի վեր։ Վիրուսի շտամը հայտնի կդառնա անալիզների պատասխանից հետո։ Ինչպես հաղորդում է Reuters գործակալություն, ըստ երկրի Առողջապահության նախարարության՝ բուժառուն 33-ամյա ֆիլիպինցի է, որը երկրից դուրս չի եկել։ 

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) օգոստոսի 14-ին mpox-ի նոր բռնկումը հայտարարեց «արտակարգ իրավիճակ առողջապահության բնագավառում, որը միջազգային նշանակություն ունի»: 

ԱՀԿ-ի կողմից ահազանգի ամենաբարձր մակարդակի հայտարարումը կապված է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում վիրուսի բռնկման հետ, որը տարածվել է նաև հարևան երկրներում։

Ֆիլիպիններում սա mpox-ի լաբորատոր հաստատված տասներորդ դեպքն է 2020 թ. հուլիսին առաջին դեպքի հայտնաբերումից ի վեր։ 

Վիրուսի նոր տեսակը մտահոգություն է առաջացրել ամբողջ աշխարհում, քանի որ հեշտությամբ տարածվում է սերտ շփման միջոցով։

Mpox-ի նոր տեսակը հայտնաբերվել է Շվեդիայում, Պակիստանում։ Ավստրալիայում ևս գրանցվել են դեպքեր, սակայն այնտեղ հայտնաբերված շտամը տարբերվում է Աֆրիկայում հայտնաբերվածից։

Հիվանդությունը, որի հարուցիչը կապիկի ծաղիկ վիրուսն է, ուղեկցվում է գրիպի ախտանիշների նման ախտանիշներով և թարախային բշտիկներով։ Այն սովորաբար մեղմ ընթացք ունի, սակայն կարող է մահվան հանգեցնել երեխաների, հղի կանանց և թույլ իմունային համակարգ ունեցող մարդկանց մոտ։

Читайте на 123ru.net