World News in Armenian

Ճապոնիայում կորած մկրատի պատճառով չեղարկվել և հետաձգվել են բազմաթիվ չվերթեր

Ճապոնիայի Հոկայդո կղզու օդանավակայաններից մեկում 36 չվերթ չեղարկվել է, 201-ը՝ հետաձգվել՝ նստեցման ելքերի մոտ գտնվող խանութից մկրատի անհետանալու պատճառով։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ն։

Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ օգոստոսի 17-ին, Նոր Տիտոսեի միջազգային օդանավակայանում: Ներքին թռիչքների տերմինալում չվերթերը կասեցվել են, քանի որ մկրատի անհետանալու պատճառով անվտանգության աշխատակիցները սկսել են նորից ստուգել մեկնման սրահում գտնվող բոլոր ուղևորներին։ 

Մկրատը գտել են կիրակի օրը՝ օգոստոսի 18-ին, նույն խանութում, սակայն այդ մասին օդանավակայանի ղեկավարությունը հայտնել է միայն դրա հաջորդ օրը, այն բանից հետո, երբ հաստատվել է, որ դա նույն մկրատն է եղել, որը կորել էր խանութից։ 

Սոցիալական ցանցերի օգտատերերից շատերն, արձագանքելով այս միջադեպին, գրել են, որ սա վերահաստատում է իրենց վստահությունը Ճապոնիայի օդային անվտանգության մեջ։

Նոր Տիտոսեի օդանավակայանը Հոկայդոյի ամենամեծ օդանավակայանն է և ճապոնիայում ամենածանրաբեռնվածներից մեկը։ 2022 թվականին այդ օդանավակայանից օգտվել է ավելի քան 15 միլիոն ուղևոր։

Читайте на 123ru.net