World News in Armenian

Մոսկվան պատրաստ է մասնակցել Բաքվի և Երևանի միջև կարգավորմանը․ ռուսական հարթակը «Բաքվի համար ընդունելի է». «Ազատություն»

Մոսկվան ցանկանում է մասնակցել հայ – ադրբեջանական կարգավորմանը, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդները հարցն արդեն քննարկել են, Բաքվում հայտարարեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իլհամ Ալիևի հետ բանակցությունների մեկնարկին։Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

«Բոլորին շատ լավ հայտնի է, որ Ռուսաստանը նույնպես բախվում է ճգնաժամերի, այդ թվում՝ առաջին հերթին ուկրաինական ուղղությամբ, բայց Ռուսաստանի պատմական ներգրավվածությունը Հարավային Կովկասում վերջին մի քանի տարիներին մեզ թելադրում է այդ իրադարձություններին մասնակցության անհրաժեշտություն, իհարկե, այնքանով, որքանով պահանջված կլինի կողմերից», – ասաց Ռուսաստանի նախագահը:

Պուտինն ընդգծեց՝ Մոսկվայի միջնորդությունը բանակցություններում կլինի այնքանով, որքանով պահանջված կլինի Երևանի և Բաքվի կողմից:

Ալիևը, որը բազմաթիվ միջնորդական հարթարկներ է մերժել անցած տարիներին՝ պնդելով հայ – ադրբեջանական բանակցությունների ուղիղ ձևաչափը, ռուսաստանցի պաշտոնակցի առաջարկին հրապարակավ չարձագանքեց։

Փոխարենը Բաքվի դիրքորոշումը հնչեցրեց Ադրբեջանի արտգործնախարարը՝ հայտարարելով, թե մոսկովյան հարթակը վերջին շրջանում հայկական կողմն է մերժում:

«․․․ բանակցային գործընթացի անցկացման ձևաչափը․ մենք բաց ենք դրա համար։ Այդ նպատակով մենք օգտագործում ենք ուղիղ երկկողմ ձևաչափ Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Մենք երբեք չենք հրաժարվել նաև տարբեր հարթակներից: Ռուսաստանի Դաշնության հարթակը մեզ համար միշտ ընդունելի է եղել և բնականաբար այսուհետ ևս մենք պատրաստ ենք օգտագործել տվյալ հարթակը՝ վերջին շրջանում Երևանն է անհամաձայնություն հայտնել այդ հարթակին», – Մոսկվայի միջնորդությունը վերականգնելու ցանկության մասին Պուտինի հայտարարությունից րոպեներ անց ռուսաստանյան «Իզվեստիա» պարբերականն է հրապարակել նախարար Բայրամովի հետ հարցազրույցը:

Պաշտոնական Երևանն առայժմ չի արձագանքել Բաքվի այդ պնդումներին:

Մինչ այդ, Ռուսաստանի նախագահը խոստացավ իր ու Ալիևի բանակցությունների արդյունքների մասին պատմել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Եթե մենք կարողանանք ինչ-որ բան անել, որպեսզի հասնենք Ադրբեջանի և Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, գործը հասցնենք սահմանի սահմանազատման և սահմանագծման, ինչպես բազմիցս խոսել ենք Ձեզ հետ, ապաշրջափակենք լոգիստիկ և տնտեսության համապատասխան ուղղությունները, շատ ուրախ կլինենք դրա համար», – հայտարարեց Պուտինը։

Որ հայ – ադրբեջանական կարգավորումը Ալիևի և Պուտինի բանակցությունների քննարկման գլխավոր հարցերից է լինելու, դեռևս այցից առաջ էր Կրեմլը տեղեկացրել։

Ինքը Ադրբեջանի նախագահը զերծ մնաց Երևանի հասցեին ավանդական մեղադրանքներից, հպանցիկ հայտարարեց միայն, որ պատրաստվում է Կրեմլի ղեկավարի հետ շոշափել տարածաշրջանային անվտանգության հարցերը, իսկ բանակցություններից հետո արդեն հայտարարեց, թե Հարավային Կովկասի կայունությունն ու անվտանգությունը հենց Ռուսաստանի և Ադրբեջանի սերտ համագործակցությունից է կախված:

«Անցած տարվա սեպտեմբերից հետո տարածաշրջանում միանգամայն նոր իրավիճակ է. Ադրբեջանը լիովին վերականգնել է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Բնականաբար, նոր իրավիճակը նոր հնարավորություններ է բացում Հարավային Կովկասում ամուր և երկարաժամկետ խաղաղության հաստատման համար։ Իսկ ողջ Հարավկովկասյան տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը մեծապես կախված են Ռուսաստանի և Ադրբեջանի սերտ փոխգործակցությունից», – ասաց Ալիևը:

Պուտինն Ադրբեջան է այցելում մի ժամանակահատվածում, երբ Երևանն ու Բաքուն հայտարարում են, թե մոտ են խաղաղաղության պայմանագրի ստորագրմանը քան երբևէ։ Այդ ճանապարհը կողմերն անցել են առանց Ռուսաստանի ավանդական միջնորդության։ Մինչ այդ, առանցքային հարցերի շուրջ տարաձայնությունները դեռ պահպանվում են, և ադրբեջանական կողմը փաստաթղթի ստորագրման համար մի շարք պահանջներ է առաջ քաշում՝ այդ թվում Սահմանադրության փոփոխության, ինչը Հայաստանի իշխանություններն անընդունելի են համարում։

Ադրբեջանն առաջարկել էր դելիմիտացիայի գործընթացն առանձնացնել խաղաղության պայմանագրից: Պահանջած չորս գյուղերը ստանալուց հետո սահմանազատումը շարունակելու մասին Բաքվից որևէ հայտարարություն դեռ չկա։

Մյուս կնճռոտ կետը՝ հաղորդակցության ուղիների ապաշարջափակման խնդիրը, որի լուծմամբ Հայաստանը հույս ունի ազատվել տասնամյակների մեկուսացումից, փոխադարձ համաձայնությամբ խաղաղության պայմանագրի տեքստից հանվել է:

Այս չկարգավորված կետերին անդրադառնալով՝ Կրեմլի ղեկավարը վերստին հավաստիացրեց, թե Մոսկվան փաստաթղթեր ունի, որոնք կօգնեն Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանագծման գործընթացին, բացի այդ՝ ևս մեկ անգամ պատրաստակամություն հայտնեց նպաստել «անդրսահմանային երթուղիների ապաշրջափակմանը»։

Ի տարբերություն Պուտինի, որն ընդհանուր ձևակերպումներով անդրադարձավ ճանապարհների բացման հարցին, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ուղիղ տեքստով Երևանին մեղադրեց Սյունիքով անցնող հաղորդակցությունների հարցով պայմանավորվածությունները «սաբոտաժի» ենթարկելու մեջ:

«Ցավոք, ինչ վերաբերում է Հայաստանի Սյունիքի մարզով անցնող հաղորդակցություններին, ապա հենց հայաստանյան ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում պայմանավորվածությունը, որի տակ ստորագրել է վարչապետ Փաշինյանը։ Դժվար է հասկանալ, թե որն է նման դիրքորոշման իմաստը», – Բաքվում հայտարարեց Լավրովը՝ ռուսաստանյան «Առաջին ալիք» հեռուստաընկերության հետ զրույցում։ ՌԴ ԱԳՆ-ը Լավրովի խոսքի հենց այդ հատվածն էլ հրապարակել է գերատեսչության պաշտոնական կայքէջում:

Պաշտոնական Երևանը մշտապես հայտարարում է, որ կողմ է Հայաստանով անցնող երթուղիների բացմանը, շեշտելով, որ ճանապարհները պետք է ապաշրջափակվեն միայն Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության ներքո։

Պուտինի-Ալիև այս տարված ընթացքում արդեն երրորդ հանդիպումն էլ ուղեկցվեց փոխադարձ շնորհակալական, գովեստի խոսքերով։ Ուկրաինա ներխուժելուց բառացիորեն մեկ օր առաջ ռազմավարական դաշնակիցներ դարձած Մոսկվան ու Բաքուն երկկողմ համաձայնագրերի փաթեթ են ստորագրել, հույս ունենալով է՛լ ավելի խորացնել համագործակցությունը տնտեսության, էներգետիկ, կրթական ոլորտներում։

Ռուսաստանն Ադրբեջանի մեծությամբ երրորդ առևտրային գործընկերն է․ կողմերի միջև առևտրաշրջանառությունն անցած տարի ավելի քան 17 տոկոս աճ է գրանցել՝ հասնելով 4 միլիարդ 300 միլիոն դոլարի։ Երկու երկրները հետաքրքրված են նաև Հյուսիս-Հարավ տրանսպորտային նախագծի իրականացմամբ, որը պետք է Ռուսաստանը Իրանին կապի Ադրբեջանի տարածքով և որն, ըստ ՌԴ ղեկավարի, թույլ կտա իրենց «հասնել Հնդկական օվկիանոսի ափեր»։

Եվրամիության պատժամիջոցների տակ կքած Ռուսաստանը և Բրյուսելի էներգետիկ գործընկեր Ադրբեջանն այսօր նաև պայմանավորվեցին համատեղ ուժերով տանկերներ կառուցել նավթամթերքների փոխադրման համար, այդ լցանավերն, ըստ Պուտինի, «կօգնեն էապես մեծացնել էներգառեսուրսների մատակարարումը համաշխարհային շուկաներ»։

ՌԴ նախագահի երկօրյա պետական այցն Ադրբեջան ավարտվեց։ Մինչ հրաժեշտը Կրեմլի ղեկավարն Ալիևի ուղեկցությամբ շրջայց կատարեց Բաքվում՝ «Մերսեդես»-ով, հատուկ շեշտում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Գերմանական այս մակնիշի մեքենաները Ռուսաստան այլևս չեն ներկրվում՝ արևմտյան պատժամիջոցներով պայմանավորված:

«Տարածաշրջանի օազիսում» Պուտինը հասցրեց նաև ուղղափառ եկեղեցում մոմ վառել, մեծարեց Ադրբեջանի ղեկավարությանը «Բաքվի եկեղեցիները վերականգնելու համար» և շնորհակալություն հայտնեց տեր և տիկին Ալիևներին «ընտանեկան ջերմ ընդունելության» համար։ РИА “Новости”-ն հրապարակել է Պուտինի պատվին Ադրբեջանում կազմակերպված պետական հյուրասիրության ճաշացանկը, առաջին տեղում՝ սև խավիար:

The post Մոսկվան պատրաստ է մասնակցել Բաքվի և Երևանի միջև կարգավորմանը․ ռուսական հարթակը «Բաքվի համար ընդունելի է». «Ազատություն» first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net