World News in Armenian

Մոսկվան այսօր գոյություն չունի, Մոսկվան ծնկի է եկել Ադրբեջանի առաջ. Մանվել Սարգսյանը՝ Պուտինի Բաքու այցի մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Մանվել Սարգսյանը

– Պարո՛ն Սարգսյան, երկօրյա պետական այցով Բաքվում էր գտնվում ՌԴ նախագահը։ Երկրների ղեկավարները քննարկել են նաև Հարավային Կովկասին առնչվող հարցեր, ես կխնդրեմ ձեր գնահատականը այս այցի վերաբերյալ։

– Մենք պետք է փորձենք հասկանալ, թե ինչ ֆոնի վրա է այս ամենը կատարվում․ Կուրսկում, երբ այդ իրավիճակը ստեղծվեց, փաստորեն դրա ֆոնի վրա Պուտինի՝ Ադրբեջան գալը պետք է սիմվոլիկ նշանակություն ունենա, դրա համար էլ մեծ աղմուկ են ստեղծել դրա շուրջ։ Այս այցն ավելի էական էր Ռուսաստանի համար, քան այն, ինչ այնտեղ կատարվել է։ Պուտինի այն խոսքը, թե Նիկոլ Փաշինյանին տեղյակ կպահի, թե ինչ են քննարկել, պետք է նայել հենց այդ համատեքստում, այսինքն՝ իրենք մի այնպիսի ֆունդամենտալ բան են արել, Հայաստանին էլ տեղյակ կպահեն։ 

Ես լսել եմ նախագահների ելույթները, ու ամենակարևորը դա էր, քան այդ միասնական հայտարարությունը․ Ադրբեջանի նախագահը պարզ ու հստակ ասել է, որ Ռուսաստանի առկայությունը տարածաշրջանում արժեքավոր է նրանով, որ Ռուսաստանը ճանաչել ու ճանաչում է 2020 թվականի պատերազմից հետո ստեղծված նոր իրականությունը։ Հիմա արդեն թերթերով լրացնում են Ալիևի խոսքը, թե ԱՄՆ-ն, Ֆրանսիան այդպես չեն, դրա համար էլ Ռուսաստանը շատ ավելի կարևոր է իրենց համար։ Ադրբեջանի արտգործնախարարը միանգամից ասում է, որ պատրաստ են Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի հետ բանակցություններ վարել։ 

Սա շատ կոնկրետ մի իրավիճակ է, որից Ադրբեջանն օգտվեց ու պայմանավորվեց Ռուսաստանի հետ, որ պետք է լինի այսպես, Ռուսաստանի կողմից էլ նորից հիշեցվեց, որ այն, ինչ արվի-չարվի ադրբեջանական հարաբերություններում, պետք է նոյեմբերի 9-ի փաստաթղթով լինի, հիմքը սա է։ Իզուր չէ, որ արտգործնախարար Լավրովն էլ հստակեցրեց, որ այդ պայմանագրով Հայաստանը պարտավորություն է վերցրել Սյունիքի մարզով ճանապարհ տալ, բայց Նիկոլը «սաբոտաժ է անում»՝ այս կոպիտ բառն էլ օգտագործել են։ 

Կարևորագույն խնդիրը, որ Ռուսաստանն ուներ այդ տարածքում, Հյուսիս-հարավ ճանապարհն էր դեպի Իրան, և Պուտինը մի քանի անգամ ընդգծեց, որ այս հարցում համաձայնություն ունեն, Ալիևն էլ ասաց, որ սա կարևոր գործ է, բայց արդեն խոսելիս երևում էր, որ դա այնքան էլ Ադրբեջանի սրտով չէ, որ Ռուսաստանից Բաքվով Իրան ճանապարհ անցնի։ 

Սա մեզ համար էլ նշանակություն ունեցող խնդիր էր, ընդհանրապես Իրանի հետ որևէ համագործակցություն այդ ռուս-ադրբեջանականում ռեալ գոյություն ունի՞, թե՞ չէ։ Ռուսաստանի համար դա շատ էական է՝ ներքաշել Իրանին Կովկասի խնդիրներում, սա տարիներ շարունակ իրենց քաղաքականության կենտրոնում է եղել, որովհետև այսօր այս տարածաշրջանում առանց Իրանի որևէ բան անել հնարավոր չէ, բայց, ըստ երևույթին, չի ստացվել Իրանի հետ համաձայնության գալ։ 

Մի խնդիր էլ կար, որի մասին բացարձակապես չի խոսվել, բայց օր առաջ ամբողջ մամուլը հեղեղված էր նրանով, որ Պուտինը գնում է Ադրբեջան պայմանավորվելու, որ իրենց գազն այս տարածքով անցնի Եվրոպա։ Բայց սրա մասին ոչ մի խոսք չի ասվել, բայց այսօր արդեն մենք տեսանք, որ անմիջապես պայմանագիր կնքեցին Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ն ու Ռուսաստանի ամենախոշոր նավթարդյունաբերող ընկերություններից մեկը՝ «Լուկօյլը», այդ հարցերում համագործակցության։ 

Ըստ երևույթին, երկրորդ ֆունդամենտալ խնդիրն էլ դա էր, որի մասին բացարձակ չի խոսվել, բայց այդ հարցերում եկել են ինչ-որ համաձայնության։ Հերթական շանտաժն էր պաշտոնապես, որ ամբողջ աշխարհով հայտարարեց Պուտինը, հիմա պետք է Փաշինյանը հայտարարի, տեսնենք, թե Հայաստանն ի՛նչ ռեակցիա կտա դրան։ 

– Իսկ ըստ ձեզ՝ ինչո՞ւ է հայկական կողմը «սաբոտաժ» անում, ինչպես ռուսական կողմն է ասում։

– Տեսեք, դա խոսում է լկտի վերաբերմունքի մասին, մարդիկ պարզ ասում են, որ մեզ համար նոյեմբերի 9-ը եղել է Արցախը ոչնչացնելու, մարդկանց այնտեղից քշելու համար, դա արել ենք, բայց կա մի խնդիր, որ դեռ չենք արել՝ Սյունիքի խնդիրը։ Շատ պարզ, լկտի ձևով խոսում են, և ուրիշ բան հնարավոր էլ չէր սպասել։ 

Հիմա Հայաստանը պետք է որոշի՝ ինչ անել, Հայաստանը պետք է առաջարկով հանդես գա, ոչ թե շարունակի լռել, սպասել, տեսնել, թե ուրիշներն ինչ են անում, հիմա եթե ասում են՝ Մեղրիով ճանապարհն անընդունելի է, ո՞ր ճանապարհն է ընդունելի։ Մենք ունենք ճանապարհ Ղազախից մինչև Գյումրի, մինչև Կարս։ Դա ֆունդամենտալ ճանապարհ է, որտեղից արդեն դեպի Երևան կա թունել, վաղուց աշխատում էր, դեպի Թբիլիսի։ 

Հզոր մի բան, որը Հայաստանը կարող էր առաջարկել, ասել՝ ցանկություն ունե՞ք, եկեք անենք, այստեղ ոչ ռուսական խնդիր գոյություն ունի, ո՛չ Իրանը կարող է խնդիրներ ունենալ, ես կարծում եմ, որ ԱՄՆ-ն էլ միանգամից կողմ կլինի։ Հայաստանն ինքը պետք է սեղանին հստակ դնի ու շատ ագրեսիվ տանի իր ճանապարհը, որն ընդունելի կլինի շատերի համար։ Հիմա դա չի անում, իսկ այդ դատարկության մեջ բոլոր տեղերից ուլտիմատումներ են ներկայացվում Հայաստանին։ 

– Կդնի՞ այդ խնդիրը սեղանին հստակ Հայաստանի իշխանությունը, պարո՛ն Սարգսյան։

– Թող պաշտոնական պատասխան տան հենց Լավրովին ու ասեն՝ ճանապարհը բաց է, երթուղին էլ կա, տվյալներն էլ, եթե չգիտեն՝ թող ինձնից հարցնեն, ես միանգամից կտամ։ Հասարակ բան է, չէ՞, մարդիկ բոլորն էլ այդպես են խոսում, սեղանին դնում են կոնկրետ նախագծեր։ 

– Լավրովի այդ հայտարարությունից հետո ոմանք ասացին, որ Մոսկվան կանաչ լույս է վառում Ադրբեջանի համար, որ «Զանգեզուրի միջանցքի» նախագծի իրականացումն անի ռազմական ճանապարհով։ Համակարծի՞ք եք։

– Մարդիկ հաշվի չեն նստում փաստի հետ, որ Մոսկվան այսօր գոյություն չունի, Մոսկվան ծնկի է եկել Ադրբեջանի առաջ, ինչի՞ մասին են խոսում, դա հինգ տարի առաջվա Մոսկվան չէ, որ դաբրո տա կամ չտա։ Ինչ տալու էր, նա վաղուց տվել է, լրիվ քանդուքարափ է արել Հայաստանը։ 

Կրկնում եմ՝ Ալիևն ասել է, որ Ռուսաստանը ճանաչում է նոր իրականությունը Կովկասում։ Ադրբեջանը Ռուսաստանին չի նայելու, Ադրբեջանի համար Իրանն է խնդիրը, դրա համար էլ ամեն տեղ դա երևում է։ Եթե Իրանի հետ կարողանա խոսել, ահավոր կվատանա Հայաստանի վիճակը, շատ կվատանա, բայց դեռ, փառք Աստծո, չեն կարողանում։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Մոսկվան այսօր գոյություն չունի, Մոսկվան ծնկի է եկել Ադրբեջանի առաջ. Մանվել Սարգսյանը՝ Պուտինի Բաքու այցի մասին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net