Շիրակում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Արթուր Խուրշուդյանին պատկանող հացի արտադրամասում անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (Շիրակի մարզ, գ․ Իսահակյան)։
Մասնավորապես՝
- արտադրամասի առաստաղը չի պահվել նորոգ վիճակում, առկա է եղել մասնիկների թափվելու հնարավորություն,
- պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
- արտադրամասն ապահովված չի եղել բավարար քանակությամբ լվացարաններով, ձեռքերի լվացման ու ախտահանման միջոցներով և չորացման հիգիենիկ սարքերով,
- արտադրամասը չի ունեցել անձնակազմի համար նախատեսված հանդերձարան,
- սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող աշխատասեղանները եղել են ոչ նորոգ և պատշաճ վիճակում:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։