World News in Armenian

Արցախցի շուրջ 120 երեխա մեկնել է Հունգարիա՝ մասնակցելու ամառային ճամբարի

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգմամբ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 120 երեխա մեկնել է Հունգարիա՝ մասնակցելու ամառային ճամբարի։ 

ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն օգոստոսի 19-ին Զվարթնոց օդանակայանից ճանապարհել է ճամբար մեկնող երեխաներին։

Հունգարիայի Բալատոն լճի ափին գտնվող Զանկայի Էրժեբեթ ճամբար են մեկնել 8-ից 14 տարեկան երեխաներ, ում ուղեկցում է շուրջ 30 աշխատակից՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգից և Արմավիրի մարզի տարբեր համայնքներից։ Ուղեկցողների թվում են սոցիալական աշխատողներ, հոգեբաններ, մանկավարժական աշխատանքի փորձ ունեցող անձինք, բժիշկներ։

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների համար Հունգարիայում ամառային ճամբարի փորձնական ծրագիրն իրականացվում է Հայաստանի և Հունգարիայի կառավարությունների համատեղ ջանքերով, աշխատանքների իրականացման գործընթացին աջակցում են երկու երկրներում հավատարմագրված դեսպանները։

Նախատեսվում է, որ նախաձեռնությունը կրելու է շարունակական բնույթ՝ ճամբար մեկնելու հնարավորություն տալով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 1000 երեխայի։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել  ԱՍՀ նախարարությունը:

Читайте на 123ru.net