World News in Armenian

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորը 31 օր է՝ հացադուլ է հայտարարել. ի՞նչ է պարզաբանում ՔԿԾ-ն  

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավոր Վլադիմիր Նազարյանն արդեն 31 օր հացադուլ է հայտարարել: Tert.am-ի հետ զրույցում Նազարյանը պնդեց՝ մինչ օրս դատախազ իրեն չի այցելել, չի ընդունել, տեսնի՝ ի՞նչ է ուզում ու ինչի համար:

«Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին եմ դիմել, բայց ես կասկածում եմ, որ այստեղից դիմում է դուրս գալիս, ինադու տանջում են: Բժշկություն չկա, սրսկումները, որոնք հանգստացնում են, չունեն, ոչ մի բան չեն անում, ինձ այսօր ուզում են տանեն կենտրոնական հիվանդանոց: էնքան որ չտեսնեմ ոչ մեկին, ոչ մի բան չգրվի, թե ինչ են անում: Սիրտս կագնում է, էլ չեմ դիմանում, մահանում եմ»,- ասաց Նազարյանը:

Հարցին՝ ի՞նչն է պատճառը, որ նման ծայրահեղ քայլի է դիմել՝ հացադուլ է հայտարարել, նա արձագանքեց. «Անգիտակից, թմրանյութի ազդեցության տակ եմ եղել, հարց են տվել, սխալ եմ պատասխանել, հիմա չեն ուզում լսեն, հասկանան: Առանց դեղերի խոսում եմ հիմա, անտեսում են ամեն ինչը, ամենաթողություն է»:

Նազարյանը պատմեց, թե համաձայն է, որ ինքը թմրանյութ է օգտագործել, և որ իրեն դրա համար պետք է պատասխանատվության ենթարկեն: «Ես ասում եմ՝ այդ թմրանյութը իմն է, ինձ ասում են՝ քոնը չէ, ուրիշինն է, բերել ես այստեղ՝ տաս ուրիշի, շառ են անում: Իրենք ասում են՝ թմրամիջոց եմ բերել կալանավայր, բայց ես չեմ տարել»,-պնդեց կալանավորը:

Նազարյանի խոսքով՝ իր համար ոչ պաշտպան են բերել ձերբակալելուց, ոչ թարգմանիչ: «Իմ կրթությունը ռուսերեն է, հայերեն լավ չեմ հասկանում, խոսում, ամեն տեղ թարգմանիչ եմ ունեցել, չբերցին ոչ մեկին, ես չհասկացա, թե անգիտակից ինչ եմ խոսել: Բերել են այստեղ, պահել են, ոչ ոք չեկավ, 3-րդ ամիսն է, որ կալանավորված եմ: Ես ուզում եմ՝ ինձ լսեն, տեսնեն, նկարեն, ամեն բան վատ է, պայմանները վատն են»,-պատմեց նա:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ հունիսի 7-ին քաղաքացի Վլադիմիր Նազարյանը եկել է կարճատև տեսակցության «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող կալանավորված անձի մոտ և անձնական զննության ժամանակ մարմնում հայտնաբերվել է թաքցված փաթեթ, որում առկա են եղել հերոին և մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներին նմանվող զանգվածներ։

«Նույն օրը Վլադիմիր Նազարյանը ձերբակալվել է քրեակատարողական ծառայողների կողմից և հայտնաբերվածների հետ միասին ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, Վլադիմիր Նազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, և հունիսի 11-ին Վլադիմիր Նազարյանը տեղափոխվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ»,-ասաց Նավիկյանը։

Նա նշեց, որ արդեն հուլիսի 23-ին կալանավորված անձ Վլադիմիր Նազարյանը հայտարարել է հացադուլ՝ համաձայն չլինելով իրեն առաջադրված մեղադրանքի հետ։

«Հացադուլի ընթացքում նրան ընդունել են Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի և «Արմավիր» ՔԿՀ-ի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինների աշխատակիցները։ Նրա հետ տարվում են բացատրական և խորհրդատվական աշխատանքներ հացադուլի բացասական հետևանքների, իր իրավունքների, իր կողմից ներկայացված հարցերը համապատասխան իրավական ընթացակարգով լուծելու վերաբերյալ։ Վլադիմիր Նազարյանի քրեական գործն այժմ գտնվում է դատական վարույթում, նրան տրամադրվել է հանրային պաշտպան»,-ասաց Նավիկյանը:

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանն էլ Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ կալանավորված անձը դիմում է ներկայացրել դատախազի հետ հանդիպման մասին հուլիսի 30-ին, իսկ օգոստոսի 2-ին դատախազն այց է կատարել ՔԿՀ՝ նրան հանդիպելու համար, բայց տեղեկանք է տրվել, որ Նազարյանը հրաժարվել է հանդիպումից:

Читайте на 123ru.net